‘
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու՝ Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի երաշխավորագիրը, որին միացել էին 100-ից ավելի հանրահայտ մարդիկ՝ արվեստագետներ, մտավորականներ և հասարակության շրջանում վստահություն ու հարգանք վայելող քաղաքացիներ: Դատարանի որոշման վերաբերյալ զրուցեցինք երաշխավորագրերի արշավին միացած տնտեսագիտության դոկտոր, Տնտեսագիտական համալսարանի պրոֆեսոր Զոյա Թադևոսյանի հետ:
—Տիկին Թադևոսյան, դատարանը այսօր մերժեց ,քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու՝ ձեր և մի շարք այլ քաղաքացիների երաշխավորագրերը: Ի՞նչ կասեք այս որոշման մասին:
-Մեր երկրում դատարա՛նը չի որոշում կայացնողը, մենք բոլորս դա գիտենք: Որոշումը վաղուց կայացրել են, այդ որոշումը տեղավորվում է երիտասարդների մեջ ազատության ձգտումը սպանելու՝ Բաղրամյան 26-ի տրամաբանության մեջ: Սակայն ազատության համար պայքարողներ միշտ էլ կգտնվեն, և հաղթելու են երիտասարդներն ու ազատությունը: Ինչ որոշում էլ ուզում է՝ կայացնեն, Տիգրանը ազատության մեջ է, որովհետև ազատությունը բանտարկել հնարավոր չէ: Դա նրանց ուժերից վեր գործ է:
-Երաշխավորագիր տալիս ինչ- որ ակնկալիք ունեի՞ք:
-Իհարկե ոչ, որոշումն արդեն կայացվել էր: Ես կարծում եմ՝ իշխանությունները խաղ են անում հասարակության ու ժողովրդի հետ:
‘