‘Զուգարան փակողները ծառ էլ կկտրեն’

7306

Երևի հիշում եք, որ ժողովրդական ալիքի ամենաթեժ պահին, երբ հազարավոր մարդիկ հավաքվում էին Ազատության հրապարակում, իշխանությունների կողմից հրաման իջեցվեց փակել շրջակայքում գտնվող բոլոր սրճարանների զուգարանները, որպեսզի Ազատության հրապարակում նստացույց անող մարդիկ չկարողանան օգտվել պետքարաններից և ստիպված լինեն կամ գիշերները չգիշերել Հրապարակում, կամ՝ ընդհանրապես չգնալ Ազատության հրապարակ:

Ի թիվս այլոց, զուգարանափակիչների թվում էր նաև նախկին ՀՀՇ անդամ Արարատ Զուրաբյանը, որը հետագայում դարձավ նախագահական ֆոտոսեսիայի ակտիվ մասնակից և իշխանությունների հլու-հնազանդ կամակատար: Նրա միսիան այդ ժամանակ պառակտում մտցնելն էր շարժման մեջ ու հնարավորինս շատ մարդու հիասթափեցնելը շարժումից: 

Այդ ժամանակ եղան մարդիկ, որոնք այդպիսի ազդեցության տակ ընկան, եղան նաև այնպիսիք, որ կարողացան դուրս գալ այդ ազդեցությունից, սակայն այս դեպքում դրա մասին չէի ուզենա խոսել, այլ այն մասին, թե Տեր-Պետրոսյանին հայհոյելով ու քննադատելով՝ մարդիկ ինչպիսի իրավունքներ են ստանում իշխանությունների մոտ: Պարտականությունների մասին արդեն խոսեցինք, ու դրա մեջ շատ բարդ բան չկա`  հրաման ստանալուն պես հայհոյել ու հնարավորինս բարձր գոռալ այն մասին, որ հիասթափվել են շարժումից և իրենք-իրենցով նոր շարժումներ կարող են ստեղծել: 

Հիմա խոսենք իրավունքների մասին, որ այսպիսի հայհոյանքներով կամ զուգարանափակումներով, բացի դրամական «պարգևից», նրանք ստանում են նաև այլ իրավունքներ:

Չէի անդրադառնա այս թեմային, եթե աչքովս չընկներ ֆեյսբուքում տեղադրված այս նկարը՝ արված Ազատության հրապարակի մերձակայքում, որտեղ պատկերված է, թե ինչպես է Օպերայի շրջակայքում մի քանի հաստափոր ծառ արմատախիլ արվել, որպեսզի իշխանության ծառաներից մեկը, կապ չունի՝ անունը Արարատ է, թե, ենթադրենք՝ Ալիկ, կարողանա  իր սրճարանի տարածքը մեծացնել ու սարքել նորանոր զուգարաններ, որպեսզի անհրաժեշտության դեպքում դրանք փակի ու այդ ճանապարհով կրկին փող աշխատի:

Փաստորեն, նորօրյա շարժման քննադատները հայտնագործել են հավերժական շարժիչը` բացել զուգարաններ, հետո փակել ու փող աշխատել, հետո ծառեր կտրել ու բացել նոր զուգարաններ, էլի փակել ու ավելի շատ փող աշխատել ու այսպես շարունակ՝ մինչև այլևս նախկին վարչապետ օֆշորասերը բիոզուգարաններ կբերի ու միասին դրանք էլ կփակեն ու կրկին այդ զուգարանների վրա փող կաշխատեն:

Բայց «հալալ» է սրանց բիզնես ֆանտազիային:

Նարեկ Մելքոնյան

Նախորդ հոդվածը‘Թռիր Կուբա՝ երբ և որտեղից սիրտդ ուզի’
Հաջորդ հոդվածը‘Քեմերոնը խոստացել է լուրջ խոսել Պուտինի հետ’