‘
Այսօր ԱԺ արտահերթ նիստում «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, դիմելով Գալուստ Սահակյանին՝ նշեց, որ վերջինս ԱԺ կանոնակարգ-օրենքի կոպիտ խախտում է թույլ տվել: Զուրաբյանը հիշեցրեց, որ այն ժամանակ, երբ ՀՀԿ-ն 20 րոպե ընդմիջում խնդրեց (ՀՀԿ-ական քվեարկողներին բերման ենթարկելու համար-հեղ.) լիովին այլ հարց էր քննարկվում, սակայն, ընդմիջումից հետո այլ օրինագիծ է դրվել քննարկման:
«20 րոպե ընդմիջումից հետո դուք պարտավոր էիք քվեարկության դնել հարցը, որի վերաբերյալ ընդմիջում եք վերցրել, դա կանոնակարգի կոպիտ խախտում է, եւ ես պահանջում եմ քվեարկության դնել այդ հարցը, որ կոպիտ խախտում չլինի»,- հայտարարեց Զուրաբյանը: Հարցը հնչեցնելիս Սահակյանը անջատեց Զուրաբյանի խոսափողը, սակայն րոպեներ անց Զուրաբյանը նորից դիմեց Սահակյանին՝ «ի վերջո ասեք՝ այդ կոպիտ խախտումը ո՞նց եք շտկելու»:
Ի պատասխան՝ Գալուստ Սահակյանը հերթական անհոդաբաշխ բացատրությունը տվեց, թե, նախ, ինքը պահպանում է ԱԺ բնականոն աշխատանքների ընթացքը, հետո էլ թե՝ պատգամավորի ասածները ընկալում է որպես մեղադրանք, հետո էլ թե՝ օրենքը, որը քվեարկությամբ չէր անցել, հարկային բեռի թեթեւացման մասին էր, եւ փաստորեն՝ այդ օրենքի ընդունումը ձախողել են, հետո էլ թե՝ «խնդրում եմ՝ յուրաքանչյուրը մնանք մեր լիազորությունների շրջանակներում»: Իսկ կոնկրետ հարցադրմանը Սահակյանն այդպես էլ որեւէ ադեկվատ պատասխան չտվեց:
‘