‘Զուրաբյանը՝ Քոչարյանին. գուցե այս նախաձեռնողական քաղաքականությունը թարգե՞ք ‘

1439

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը այսօր Աժ-ում  2014 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ մի քանի հարց ուղղեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանին, ըստ էության՝ առաջարկելով իշխանություններին արտաքին քաղաքականության մեջ այլեւս ոչ մի բան չնախաձեռնել, քանի որ դրա արդյունքում Հայաստանն է պարտվում:

«Պարոն Քոչարյան,ես այս քննարկումների իմաստը հետևյալ կերպ եմ հասկանում. մենք այստեղ հավաքվել ենք, որ հասկանանք, թե կոնկրետ արտաքին քաղաքականության ոլորտում և այս ոլորտը սպասարկողների գերատեսչությունների առումով ինչքա՞ն արդյունավետ են այն ծախսերը, որոնք նախատեսված են ձեր ներկայացրած նախագծով: Եթե այդպես եք մոտենում հարցին, ես սպիպված եմ արձանագրել այսպիսի մի իրողություն՝ մեր արտաքին քաղաքականությունը այս վերջին տարիներին բռնել է թմբկահարվող դիվանագիտական նախաձեռնություն: Մեկը, այսպես կոչված, «ֆուտբոլային դիվանագիտությունն» էր: Հայաստանը հույս ուներ, որ ստորագրելով հայ-թուրքական արձանագրությունները՝ կհասներ նրան, որ ի վերջո կբացվեր հայ-թուրքական սահմանը,  կբացվեր այն շրջափակումը, որի մեջ հայտնվել է, և ազատ շնչելու ավելի մեծ հնարավորություն կստանար՝ Ղարաբաղի խնդրի հարցում խուսափելու ոչ բարենպաստ լուծումներից: Դա կատարելապես ձախողվեց:  Արձանագրությունները ստորագրելով՝ թուրքերը ստացան այն, ինչ պետք էր իրենց, այսինքն՝ Հայոց Ցեղասպանության միջագային ճանաչումը դուրս եկավ օրակարգից, որովհետեւ Հայաստանն ինքը համաձայնեց, որ հարցականի նշան դրվի Ցեղասպանության իսկության վրա: Համաձայնելով ուսումնասիրել հարցը թուրքերի հետ՝ նրանք ստացան իրենց ուզածը, հայերը՝ ոչ»,- հայտարարեց Զուրաբյանը:

Նա նաեւ հավելեց, որ երկրորդ խոշոր նախաձեռնությունը, որը կարծես պետք է բեկում մտցներ Հայաստանի համար այս դժվար վիճակում,  ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի եւ Ազատ առեւտրի պայմանագրի ստորագման նախաձեռնությունն էր:

Զուրաբյանը հիշեցրեց, որ այստեղ իշխանությունները 3.5 տարի շարունակ ջանք են գործադրել, պետական միջոցներ են ծախսել:

«Համաձայն եմ՝ եթե դա ստորագրվեր, Հայաստանը ինչ-որ իմաստով կստանար ազատ շնչելու հնարավորություն նաեւ Ղարաբաղի հարցում, եւ այն զերծ կպահեր որեւէ գերտերության թելադրանքից:  Բայց սա էլ ավարտվեց կատարալ ձախողմամբ: Եթե այս տեսակետից նայենք, ապա հարց է ծագում՝ գուցե այս նախաձեռնողական քաղաքականությունը թարգե՞ք: Կարելի՞ է խնդրել, որ էլ ոչինչ չնախաձեռնեք: Տպավորություն է, որ Հայաստանը առանց այս նախաձեռնողականության ավելի լավ վիճակում կգտնվեր: Եթե մենք մի տարով սառեցնեինք արտաքին քաղաքական ոլորտի ֆինանսավորումը, ապա դա ավելի լավ արդյունք կունենար Հայաստանի համար, քան եթե ֆինանսավորվեր »,- հավելեց Զուրաբյանը՝ հիմնավորելով, որ  այդ ոլորտը գտնվում է ոչ կոմպետենտ մարդկանց ձեռքերում:

Նա նաեւ հարց ուղղեց՝ կապված Տիգրան Սարգսյանի չարտերային չվերթների հետ: Զուրաբյանը հիշեցրեց, որ Տիգրան Սարգսյանն իր Մոսկվա այցի համար պետական բյուջեից ծախսել է 21 մլն դրամ, Բրյուսելի այցի համար՝ 37.5 մլն դրամ: Այսինքն, երկու այցի համար ծախսվել է 58.5 մլն դրամ՝ 130 հազար դոլար: «Ուզում  եմ հասկանալ, նման ծախսերը ընդհանրապես նախատեսվա՞ծ են, ընդունելի՞ եք համարում,  եւ ինչպե՞ս են նման հարցերը քննարկվում, ո՞ր հոդվածով ՀՀ որեւէ պաշտոնյա իրավունք ունի այսպիսի ծախսատար այցեր ունենալ՝ թեկուզ եւ պետական նպատակներով»,- նշեց Զուրաբյանը:  

Մեկ այլ հարց էլ ուղղեց նոր բացված դեսպանատների մասին, որոնց համար հավելյալ 210 մլն դրամ է հատկացվելու բյուջեից: Նա նշեց, որ այո, հայտնի փաստ է, որ հնարավոր չէր Վատիկանում ՀՀ դեսպանատունը «տեղավորել» Հռոմում, քանի որ Վատիկանը ունի հատուկ քաղաքականություն, որով թույլ չի տալիս Իտալիայում տեղակայված դեսպաններին սպասարկել նաեւ Վատիկանը: Բայց, հավելեց Զուրաբյանը, արդյո՞ք հնարավոր չէր դնել այդ պարտականությունները ԵԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցչության  վրա, որը աշխարհագրորեն ամենամոտիկն է եւ գտնվում է Վիեննայում:

«Մենք կխնայեինք բյուջետային միջոցներ եւ ստիպված չէինք լինի առանց այդ էլ ծանր այս վիճակն ավելի բարդացնել: Սա ընդամենը առաջարկներից մեկն է. կարող էր լիներ Աթենքը, կամ Փարիզը: Շվեդիայի վերաբերյալ. գուցե իսկապես որոշ դեսպանատների բացումը օգուտ է տալիս, բայց մենք պետք է հասկանանք, թե ինչ վիճակում է Հայաստանը: Մենք այսօր ճգնաժամային վիճակում ենք, միգուցե կարելի է Շվեդիայի դեսպանատան բացելու ծրագիրը երկարաձգե՞լ»,- հարցրեց Զուրաբյանը:  

Ի պատասխան՝ Շավարշ Քոչարյանն ասաց, թե իրենք ասում են, թե առայսօր առանց որևէ նախապայմանների արձանագրությունների վավերացում և կյանքի կոչում: «Ֆուտբոլային դիվանագիտությունն ավարտվեց նրանով, որ գնդակը մնաց Թուրքիայի դաշտում, և, այո, Թուրքիան ճնշման տակ է, դա հայտնի է, և ուզում է քայլեր ձեռնարկել, որ իբր պրոցես կա»,- նշեց Քոչարյանը: Ինչ վերաբերում է Եվրամիության հետ համագործակցությանը, Քոչարյանն ասաց, թե աշխատանքը, առաջին հերթին, ոչ թե փաստաթուղթն է, այլ այդ ընթացքում արձանագրված բարեփոխումները, թե ինչ է փոխվել երկրի կյանքում, ինչ մթնոլորտ է մտել՝ ավելի գրավիչ, դրական: «Այն ուղղությունը, որն իրականցվել է, մենք շարունակելու ենք, գնալու ենք այնքանով, որքանով չի հակասելու ՄՄ անդամակցության հետ կապված պահանջներին: Այնպես որ՝ ես չեմ համարում, որ այդ աշխատանքը ջուրն է գնացել, դա շարունակական է լինելու»,- հայտարարեց Քոչարյանը: Անդրադառնալով Լեւոն Զուրաբյանի առաջարկությանը՝ այլևս ոչինչ չնախաձեռնել, Քոչարյանն այսպես արձագանքեց. «Դա ամենահամաձակ նախաձեռնությունն է, որը կարելի է անել՝ մենք այդ համարձակությունը չունենք, նման առաջարկով առաջնորդվելու»: Իսկ Տիգրան Սարգսյանի չվերթի մասով ասաց, թե հարցին ինքը պատասխանել չի կարող, որովհետև այցը ԱԳՆ բյուջեի հաշվին չի եղել:

Վատիկանում բացված դեսպանատան մասին էլ Շ. Քոչարյանն ասաց, թե ծանրաբեռնվածություն է առաջանում, երբ մի դեսպանատան վրա դրվում է մի քանի պետությունների հետ աշխատելու ֆունկցիա. «Վատիկանը, լինելով փոքր պետություն, ունի մեծ ազդեցություն: Ունենալ դեսպան Վատկանում՝ չեմ կարծում, որ հեռանկարային չէ»:

Ի պատասխան՝ Զուրաբյանը հակադարձեց, թե Քոչարյանը սխալ է հասկացել այն, թե ինքն ինչ է ասել: «Ոչ թե Հայաստանը չպետք է արտաքին քաղաքականության մեջ որեւէ նախաձեռնություն ունենա, այլ՝ Սերժ Սարգսյանի ղեկավարած արտաքին քաղաքական թիմը, որի ցանկացած նախաձեռնություն նշանակում է երաշխավորված ձախողում, որն ավելի հեռու է մեզ տանում «նախաձեռնողական» քաղաքականության հռչակած նպատակներից: Մեզ հետաքրքրում են արդյունքներ, ոչ թե ինչ-որ «գնդակ Թուրքիայի կիսադաշտում»: Եթե այսօր բաց լիներ հայ-թուրքական սահմանը, դա կլիներ արդյունք: Եթե Վիլնյուսում դուք ստորագրեիք Ասոցացման պայմանագիրը, դա կլիներ արդյունք: Այսօր ոչ միայն չենք հասել այդ արդյունքներին, այլեւ ձեր վարած քաղաքականության պատճառով Հայաստանին հասցվել է մեծագույն  վնաս: Իսկ դուք խոսում եք ինչ-որ գնդակներից»,- նշեց Զուրաբյանը:

Ինչ վերաբերում է Վատիկանի դեսպանատան հարցին, ապա նա նշեց, որ ինքը հասկանում է, որ այնտեղ դեսպանատան ստեղծումը, իհարկե, թույլ է տալիս ավելի ակտիվ աշխատանք տանել Վատիկանի հետ, բայց Հայաստանը գերտերություն չէ, որը բոլոր երկրներում կարողանա դեսպանատուն ունենալ:

«Եւ քանի որ դուք դա չգիտեք, ես ուղղակի տեղեկացնում եմ ձեզ, որ այդ դեսպանատունը բացվել է միայն մեկ նպատակով՝ Սերժ Սարգսյանի աներձագ (նկատի է ունեցել փեսային-խմբ.) Միքայել Մինասյանի համար պատվավոր աշխատանքի տեղ ստեղծելու նպատակով»,- նշեց Զուրաբյանը: 

Նախորդ հոդվածը‘Ամերիկացիների մեծ մասը հավատում է ուրվականների գոյությանը’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի թիկնապահը ծեծել է մրցավարին’