‘Զուրաբյանը Այվազյանին հիշեցրեց ԱՄՆ դատարանի վճիռը’

927

Այսօր Ազգային ժողովում «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնությունների տրամադրման մասին» օրինագծի քննարկման ընթացքում ելույթ ունենալով՝ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հիշեցրեց ամերիկյան դատարանի կայացրած վճիռը, որը պարտավորեցնում է ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանին՝ պետական լծակների չարաշահման արդյունքում վնասներ հասցնելու համար տուժող կողմին վճարել 37,5 մլն դոլար վճարել:

Լևոն Զուրաբյանի խոսքով՝ նման հանցագործություն կատարած մարդուն՝ Վարդան Այվազյանին, իշխանությունները նշանակում են ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ:

Ի պատասխան Այվազյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե «ինչ-որ մի երկրի վարչական դատարանի որոշումն այստեղ  ցիտելու փոխարեն՝ ավելի լավ էր ցիտեր միջազգային արբիտրաժի որոշումը»: «Իսկ եթե  136 տոննանոց ոսկու հանքը 200 հազարով ծախելու համար, որի վրա 5 տոննա ոսկի եմ գրել, ցավացրել է ձեր սիրտը, ինձ համար ընդունելի է»: Այնուհետև Այվազյանը խոստացավ հանդիպել բոլոր նրանց հետ, ովքեր կուզենան իմանալ մանրամասները:

Հիշեցնենք, որ անցած տարվա սեպտեմբերի 6-ին Միացյալ Նահանգների Նյու Յորքի հարավային շրջանի Դատական ակտերի կատարման ծառայությունը կատարման է տրամադրել Կատարողական թերթ՝ Վարդան Այվազյանի հանդեպ կատարման համար հոգուտ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի («ԳԳՄ»)։ Կատարողական թերթը տրամադրվել է դատավոր Զեյ Փոլ Օտկենի (J. Paul Oetken) որոշման հիման վրա եւ այդ որոշումը (թիվ. 12,1260) առանց բողոքարկման, վերջնական ուժի մեջ մտնելուց հետո։ Կատարման թերթի պայմաններով ԳԳՄ-ի օգտին կայացրած որոշմամբ պետք է գանձվի երեսունյոթ միլիոն հինգ հարյուր երեսունյոթ հազար ինը հարյուր յոթանասունութ ԱՄՆ դոլար եւ երկու ցենտ ($37,537,978.02): Ըստ վճռում եղած նյութերի՝ 2006 թ. «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության դուստր ընկերություններից մեկը, որը Հանքավանի հանքավայրի լիցենզառուն էր, ենթարկվել էր կոռումպացված եւ ոչ պատշաճ պահանջների Հայաստանի բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի կողմից։ Ընկերությունը տեղեկացրել էր այդ իրավիճակի մասին Հայաստանի եւ Միացյալ Նահանգների համապատասխան մարմիններին: Արդյունքում ընկերությունը Այվազյանի պատճառով կորցրել էր Հանքավանի հանքավայրի նկատմամբ հսկողությունը։

Նախորդ հոդվածը‘Փակ շուկան «ապակեպատում են». Ֆոտոշարք’
Հաջորդ հոդվածը‘Անգլիացիները արդեն սովորում են ճիշտ արտասանել Մխիթարյան ազգանունը. Տեսանյութ’