‘Զուրաբյանը ԵԽԽՎ-ում խոսել է սահմանադրական փոփոխություններից (ելույթ)’

2068

Լևոն Զուրաբյանի (ALDE) ելույթը ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովում՝ «Վեհաժողովի մոնիթորինգի գործընթացի առաջընթացը» զեկույցի նախագծի քննարկման ժամանակ  (թարգմանությունը` iLur.am)

«Թույլ տվեք առաջին հերթին շնորհակալություն հայտնել պարոն Շտեֆան Շեննախին՝ Մոնիթորինգի հանձնաժողովի գործունեության վերաբերյալ համապարփակ զեկույցի համար: Այդուամենայնիվ, կցանկանայի օգտվել այս առիթից՝ Հայաստանի հանդեպ մոնիթորինգի գործընթացի թերությունները վերհանելու համար:

Այն, ինչ կա Հայաստանում, ժողովրդավարական ֆասադով բռնապետություն է: Ուռճացված ընտրացուցակները, պետականորեն կազմակերպված ընտրակաշառքը,  ահաբեկումներն ու բազմակի քվեարկությունը  այնպիսի մասշտաբների են հասնում, որ երաշխավորում են, որ Հայաստանում քաղաքական իշխանությունները չեն կարող փոխվել ընտրությունների միջոցով:

Զեկույցի նախագծի 10-րդ կետում, որտեղ Վեհաժողովն իր մտահոգությունն է հայտնում մի շարք երկրներում տեղի ունեցող իրադարձությունների և մոնիթորինգի գործընթացի հարցում առկա թերությունների կապակցությամբ, բացակայում է, սակայն, հայկական ընտրական համակարգը արմատապես բարեփոխելու առաջարկությունը:

Հաջորդ խնդիրը սահմանադրական փոփոխություններն են, որոնք առաջարկել են Հայաստանի իշխանությունները: Սահմանդրության այն դրույթը, որն արգելում է նախագահին առաջադրվել երրորդ ժամկետով, Սերժ Սարգսյանի անձնական իշխանությունը երկարաձգելու միակ խոչընդոտն է:

Գործող նախագահը, որը կառավարման խորհրդարանական մոդելի ընդգծված հակառակորդ էր, այժմ նախապատրաստվում է խորհրդարանական կառավարման մոդելի անցմանը: Այդ քայլը ներկայացվում է որպես ընդդիմությանն արված ժողովրդավարական զիջում, սակայն, այդ հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան կեղծավորություն: Միայն խորհրդարանական մեկ փոքրիկ խմբակցություն է իր աջակցությունը հայտնել այդ բարեփոխումներին: Երեք հիմնական ընդդիմադիր ուժերը՝ Հայ ազգային կոնգրեսը, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը», կամ դեմ են ներկայիս սահմանադրական մոդելը փոխելուն, կամ համարում են, որ առաջարկվող փոփոխությունները ժամանակավրեպ են և ծառայելու են բացառապես գործող նախագահի բռնապետական ամբիցիաներին:

Հայաստանյան իշխանությունները ցանկանում են օգտագործել եվրոպական ժողովրդավարական ինստիտուտները, այնպիսիք, ինչպիսիք են այս Վեհաժողովն ու Վենետիկյան հանձնաժողովը՝ ժողովրդավարական սահմանադրական բարեփոխումների քողի տակ Հայաստանում իրենց անսահմանափակ իշխանությունը լեգիտիմացնելու համար:  Չխաբվե՛ք դրան: Հայաստանի ժողովրդի ու քաղաքական ուժերի մեծամասնությունը հրաժարվել է այս ծրագրից: Ներկայիս կառավարման սահմանադրական մոդելի ցանկացած արմատական փոփոխություն կարող է կատարվել միայն երկրի քաղաքական ուժերի միջև լայն կոնսենսուսի միջոցով: Եթե հայկական հասարակության մեջ կա էլ նման կոնսենսուս, ապա միայն ենթադրվող փոփոխությունների դեմ:

Այդուհանդերձ, զեկույցում հայկական սահմանադրական փոփոխությունները հիշատակվում են որպես դրական փոփոխություններ: Դա բացատրվում է նրանով, որ, ցավոք սրտի, Մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանը ներկայացնում են միայն երկու ներկայացուցիչներ, որոնցից մեկն իշխող կուսակցությունից է, մյուսն էլ՝ այն կուսակցությունից, որն աջակցում է սահմանադրական փոփոխություններին: Այս բացը պետք է շտկել:

Վեհաժողովը պետք է միանշանակորեն հայտարարի, որ Հայաստանում ցանկացած սահմանադրական փոփոխություն պետք է տեղի ունենա միայն այն պարագայում, եթե այդ հարցում կա լայն քաղաքական կոնսենսուս: 

Նախորդ հոդվածը‘Վլադիմիր Պուտին. Շուտով կավարտվի ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը’
Հաջորդ հոդվածը‘Լուկաշենկոն պատրաստ է խաղաղարարներ ուղարկել Ուկրաինա’