‘Զուրաբյանը` ՀՀԿ-ին. Դուք խուսափում եք հանրային քննարկումից ‘

899

Այսօր մեկնարկած հերթական քառօրյայում ԱԺ-ն քննարկում է գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: Նախորդ քառօրյայի ժամանակ իշխանությունները մերժել էին այդ հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ԱԺ որոշման նախագիծը, սակայն, այժմ իրենք են ներկայացրել նման առաջարկ: ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարց ուղղեց գլխավոր զեկուցող ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանին. «Էստեղ շատ խոսվեց ընդդիմության և իշխանության միջև վստահության և համագործակցության մասին: Խնդիրն էլ հենց այն է, որ մենք ձեզ չենք վստահում, որովհետև վստահ ենք, որ կատարվել են ապօրինություններ, շրջանցվել են ԱԺ-ն և Սահմանադրությունը, և հանձնաժողովն էլ հենց նրա համար է ստեղծվում, որ մենք ցույց տանք, որ չենք վստահում ձեզ, ու դուք պատասխան տաք ամբողջ հանրության առաջ»: Ըստ Զուրաբյանի` վստահություն չկա, որովհետև որպես այլընտրանք` ՀՀԿ-ի կողմից ներկայացվեց գազի հարցով հանձնաժողով ստեղծելու իր առաջարկը, չորս օր տրվեց, որ ոչ իշխանական ուժերը քննարկեն, իսկ հետո, երբ նրանք գալիս են իրենց դիրքորոշումը հայտնելու և հանգելու նախնական կոնսենսուսի, նույն Դավիթ Հարությունյանն անում է առաջարկներ, որոնք էապես փոխում են փաստաթղթի էությունը:

«Դուք այն մարդն եք, որն այստեղ` լիագումար նիստում բարձրացրեց այն հարցը, որ այս ստորագրված պայմանագրերի հետևանքով մենք նվազեցնում ենք պետական, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վերահսկողությունը` գնագոյացման նկատմամբ: Եւ երբ մենք առաջարկեցինք, որ հենց այդ հարցն է մեզ հուզում, ասացիք, որ պայմանագիրը չենք քննարկելու, ավելին` պայմանագրի ուսումնասիրման հարց կար, բայց դուք դա հանեցիք: Հրապարակայնության վերաբերյալ. իսկապես, խնդիրը հենց սա է, որ մենք ուզում ենք, որ դուք հանրության առաջ պատասխան տաք: Հրապարակայնության պահանջը բխում է նրանից, որ հանրությունը ձեզ չի վստահում, և մենք այնպիսի հանձաժողով ենք ցանկանում, որը թույլ տա` դուք հրապարակայնորեն ներկայացնեք ձեր տեսակետը, և թող ժողովուրդը դատի` ով է ճիշտ ու ով` սխալ: Դուք առաջինը պետք է շահագրգիռ լինեիք փարատել ժողովրդի մեջ առկա կասկածները, իսկ սա ցույց է տալիս, որ դուք խուսափում եք հանրային քննարկումից»,- հայտարարեց Զուրաբյանը:

Ի պատասխան` Դավիթ Հարությունյանն արձագանքեց միայն, թե ասածից ստացվում է, որ իրեն չեն վստահում, և ինքն էլ կարող է ԱԺ ամբիոնը օգտագործել և ասել. «Թե ինչու ես չեմ  վստահում ձեզ, բայց` ձեռնպահ կմնամ»:

Զուրաբյանը հակադարձեց, որ Հարությունյանը սխալ է հասկացել իրեն. «Դուք սխալ ընկալեցիք իմ ասածը. ես չեմ խոսում անձնական անվստահության մասին` իմ և ձեր միջև, ես ասում եմ, որ մենք որպես ընդդիմություն չենք վստահում իշխանությանը և ունենք լուրջ հիմքեր, որի մասին խոսել ու հրապարակել ենք, և այդ մեղադրանքների վերաբերյալ որևէ հոդաբաշխ պատասխան չենք ստացել: Դուք ունեք մի շանս` գոնե այս հարցում այս վստահությունը փորձել վերականգնել, բայց դրա համար պիտի համարձակություն ունենաք օնլայն ռեժիմով` ժողովրդի աչքի առջև պատասխանել հարցերին: Այլապես ստացվում է, որ խուսափում եք»:

Հարությունյանը նորից ոչ մի որոշակի պատասխան չտվեց: «Ես հասկանում եմ, որ դուք իշխանությանը չեք վստահում, բայց եթե խոսքը վերաբերում է իշխանությանը, ապա մենք ավելի շատ վստահում ենք ձեզ, քան` չենք վստահում»,- ասաց նա:

Նիստի ավարտից հետո, iLur.am-ի հարցին, թե ինչպե ՞ս կարելի է բացատրել նման միակողմանի վերաբերմունքը, Զուրաբյանը պատասխանեց. «Շատ բնական է, որովհետև՝ մենք ոչ Սահմանադրություն ենք խախտել, ոչ օրենքներ ենք խախտել, ոչ էլ՝ բանակցային էթիկայի նորմեր: Ու բնական է, որ իրենք մեզ պետք է վստահեն: Նաև բնական է, որ մենք իրենց չպետք է վստահենք, քանի որ այս ամենն իրենք կատարել են»:

Նախորդ հոդվածը‘Թովմասյանին չաթլախ ասած Ռուստամյանը բացատրել է այդ բառի իմաստը’
Հաջորդ հոդվածը‘ԲՀԿ-ն վերապահումներ ունի գազի հարցով հանձնաժողովի ժամկետների հետ կապված ‘