‘Զուրաբյանը` նախարարին. ՍԴ-ի որոշումը խրատ չեղա՞վ ձեզ համար ‘

1271

Ազգային ժողովի արտահերթ նիստին «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նոր նախագծի քննարկման ժամանակ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող, սոցապ նախարար Արտեմ Ասատրյանին:
«Նախ մի տեխնիկական հարց, որովհետեւ ձեր ներկայացրած անցումային դրույթներում մի քիչ պարզ չեղավ. եթե ես ասենք մասնակից չեմ, կամ դիմում եմ գրել, դուրս եկել պարտադիր այս կուտակային ծրագրից, պետական բյուջեից այդ անցումային շրջանում շարունակվո՞ւմ են իմ հաշվին գումարները տեղադրել: Երկրորդ՝ եթե ես մասնավոր սեկտորից եմ՝ 2017-ին, կամ պետական սեկտորից եմ՝ հիմա, ասենք՝ ես 200 հազար աշխատավարձ եմ ստանում  եւ 10 հազար վճարում եմ: Առաջ դա Տիգրան Սարգսյանի օրենքով միանգամից գնում էր կուտակային ֆոնդերին,  հիմա գնում է բյուջեի միջոցով: Ի՞նչ եք կարծում՝ ընդվզումը գալիս էր նրանից, որ քաղաքացու գրպանից փողը տանում էին ոչ սահմանադրական ճանապարհով, եւ այդ ընվազումը կպակասի՞, եթե քաղաքացին պարզի, որ այդ գումարը տանելու են սահմանադրական ճանապարհով: Տարբերություն կա՞, եթե կա՝ ցույց տվեք:

Բացի դա, ուզում եմ հիշեցնել, որ ՍԴ-ն որոշում է ընդունել, որ եթե բաժանում եք բնակչությանը երկու մասի՝ 1974-ից հետո եւ առաջ ծնվածների, դուք մտցնում եք խտրականություն եւ այդ խտրականությունը հակասահմանադրական է: Հիմա ձեր բերած օրենքով այդ խտրականության հարցում եղած բաժանարար գծին ավելացել է ևս երկու բաժանարար գիծ, մեկը այն է, որ բնակչությանը բաժանել եք երկու կատեգորիայի՝ մասնավոր և պետական սեկտորում ընգրկվածները, հիմա էլ պարզվում է, որ մի նոր բաժանարար գիծ է ստեղծվել՝ 1996 թվականի հունվարից հետո ծնվածների եւ մինչ այդ ծնվածների միջեւ:  

Ես չեմ հասկանում, ՍԴ-ի որոշումը խրատ չեղա՞վ ձեզ համար, ակնահայտ խախտումներն ու խտրականությունը չե՞ք տեսնում, դրա համար հատուկ փորձագետնե՞ր են պետք, թե՞ դուք կարծում եք, որ միևնույնն է, ՍԴ-ն գտնվում է Ձեր գրպանում եւ էս անգամ էդ խտրականությունն այլեւս հակասահմանադրական չէ՞»,- հարցրեց Զուրաբյանը:

Ի պատասխան Ասատրյանը նշեց, թե նախագծում արձանագրված է, որ այն անձինք, ովքեր որոշել են մասնակցել, նրանց համար այդ վճարումները կկատարվեն, եթե պարզաբանման խնդիր կա, եթե առաջարկություն ներկայացվի՝ կնայեն, բայց նախագծում այդպես է գրված:

ՍԴ որոշման մասով էլ ասաց, թե այդ որոշման մեջ արձանագրված խնդիրներից մեկն նա էր, որ կատարվող վճարումներն անմիջապես գնում են ֆոնդերի կառավարիչներին,  եւ նաեւ երաշխիքների ու դրանց վերահսկելիության առումով ՍԴ-ն խնդիր էր արձանագրել։

«Այս դեպքում՝ դրանք  սահմանելով նպատակային սոցիալական վճարի տեսքով, որոնք կատարվում են պետական բյուջե, նշանակում է, որ դա արտացոլվում է բյուջեում, որը  ավելացնելու է երաշխիքային համակարգն այդ միջոցների եւ դրանց կառավարման նկատմամբ»,- հայտարարեց Ասատրյանը: Խտրականության պահով էլ հայտարարեց, թե  խտրականությունը և տարբերակված մոտեցումները դրան տարբեր բաներ են, եւ թե եթե այդպես է, ապա խտրականություն է նաեւ այն, որ 25 տարին չլրացած անձը չի կարող լինել պատգամավոր:

Լևոն Զուրաբյանը հակադարձեց. «Հարցս կարծես՝ չհասկացաք, որովհետեւ վերջին նախագծում մի դրույթ կար, որ նրանք, ովքեր հրաժարվում են մասնակցությունից, պետությունը շարունակելու է մուծումներ կատարել նրան փոխարեն: Դա փոխվո՞ւմ է, թե՞ ոչ: Երկրորդ հարցի մասով. ես ոչ թե հարցնում էի՝ ՍԴ-ի համար տարբերություն կա՞, թե՞ չկա.  կա, դուք մտցրել եք, համաձայն եմ, փողը քաղաքացու գրպանից տանելը հարմարացրել եք Սահմանադրությանը: Ես հարցնում եմ ՝ արդյո՞ք քաղաքացու համար որևէ տարբերություն կա»:

Ասատրյանն ի պատասխան հայտարարեց, թե առաջին հարցի մասով անցումային նշված ժամանակահատվում ենթադրվում է, որ այդ օրենքը իր ուժը կկորցնի: Հետո հավելեց, թե ընդհանրապես, տեխնիկական խնդիրները բավականին շատ են, եւ հարկային համակարգը պետք է կարողանա այդ տեղեկատվական շտեմարանում  այդ բոլոր կարգավիճակները հստակեցնել եւ որ որքան քիչ ունենանք կարգավիճակները, այնքան ավելի արդյունավետ կկառավարենք համակարգերը:

Ինչ վերաբերում է քաղաքացու համար տարբերությանը, բնականաբար, նշեց, թե կարծում է, որ առաջարկվող մեխանիզմն ավելի երաշխավորված, տեսանելի համակարգ է: 

Նախորդ հոդվածը’21-րդ դարի Եվրոպայի միապետները (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Ջուլիան Ասանժ. Երկու տարի՝ Էկվադորի դեսպանատանը’