‘
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի քննարկումների ժամանակ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք ընդդիմությունը հնարավորություն կունենա նոր Բյուջետային գրասենյակի որոշումների վրա ազդելու, դրա գործունեությանը մասնակցելու, որոշ հարցերի վերաբերյալ իր անկախ պատվերը տալու եւ համապատասխան տեղեկատվություն ստանալու, քանի որ ստեղծվող հաստատությունը մրցակցության ֆորում չի հանդիսանում ԱԺ նախագահի եւ վարչապետի միջեւ:
Ի պատասխան՝ Գագիկ Մինասյանը նշեց, թե ընդդիմությունը հնարավորություն կունենա ցանկացած տեսակի հարցադրումներ իրականացնելու: «Օրենսդրական փաթեթում հստակ նշվում է, որ հայտ ներկայացվելու դեպքում առաջինը սպասարկվում է ընդդիմադիր պատգամավորի հարցադրումը: Անդրադառնալով ընդդիմությունը ներկայացնող փորձագետների մասնակցությանը՝ նա նշեց, որ խմբակցությունները հնարավորություն կունենան ընտրությունների ժամանակ մեկական ներկայացուցչով մասնակցել փորձագետի ընտրության ընթացքին:
Հիշեցնենք, որ փորձագետների աշխատանքային խումբը՝ Բյուջետային գրասենյակը, պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին, պատգամավորական խմբերին կտրամադրի մասնագիտական աջակցություն եւ տեղեկատվություն:
‘