‘Զուրաբյանն ԱԺ-ում բարձրացրեց հեռուստատեսությամբ ընդդիմության ներկայացվածության հարցը ‘

1161

ԱԺ նիստում Հեռուստատեսության եւ ազգային ռադիոյի հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության մասին հաղորդման ժամանակ Կոնգրեսի խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հիմնական զեկուցող, հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանին հարցրեց հեռուստահաճախականությունների քանակի սահմանափակ լինելու խնդրի մասին: Այդ խնդրի պատճառով, ըստ պատգամավորի, Հայաստանում տուժում է բազմակարծությունը:

Զուրաբյանը հիշեցրեց, որ մինչեւ 2008-ը Հայաստանն ունեցել է 21 անալոգային հաճախականություն: Դրանից հետո ITU-ի՝ հեռահաղորդակցության միջոցների միջազգային միության որոշմամբ՝ Հայաստանին վերապահվել է ընդամենը 7 անալոգային հաճախականություն:  Դրանցից 3-ը թվայնացվել է, իսկ հիմա ամեն մի անալոգային հաճախականության վրա միացվել է 6 թվային հաճախականություն, ընդհանուր՝ 18 թվային հաճախականություն:

«Ի՞նչն է խանգարում, որ 4-րդ անալոգային հաճախականությունն էլ թվայնացնեք, ինչը հնարավորություն կտա եւս 6 թվային հաճախականություն ունենալ, ինչն էլ իր հերթին կլուծի Հայաստանում բազմակարծության ապահովման խնդիրը, բոլոր հայտերը դրանով կբավարարվեն: Մրցութային սահմանափակումների կարիք չի լինի, որովհետեւ այդ մրցույթները դարձել են քաղաքական գործիք՝ սահմանափակելու այլ քաղաքական ուժերի հնարավորությունները՝ երեւալ եթերում: Օրինակի համար, ՀՀԿ-ի հետ ասոցացվում է մոտ 15 ալիք, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը՝ մեկական ալիքներ:Միայն ՀԱԿ-ն ու «Ժառանգությունն» են դուրս մնում: Մենք էլ ենք ցանկանում ազատորեն հասանելի լինել մեր հանրությանը, եւ ոչ թե ստիպված լինենք հանրահավաքների միջոցով ճշմարտությունը հասցնել ժողովրդին: Հանրահավաքն էլ նույնիսկ չենք կարողանում իրազեկել լրատվամիջոցներով», — ասաց Լեւոն Զուրաբյանը:

Ի պատասխան՝ Գագիկ Բունիաթյանը նշեց, որ իր ղեկավարած հանձնաժողովը խնդրի հետ կապ չունի: Բունիաթյանը փորձեց հերքել նաեւ այն, որ հայաստանյան հեռուստատեսության լրատվական հաղորդումները վերահսկվում են քաղաքական ուժերի՝ հիմնականում ՀՀԿ-ի կողմից:

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյանը պահանջեց Հանրայինով իրազեկել մարտի 1-ի հանրահավաքը’
Հաջորդ հոդվածը‘Մարտ ամսվա որոշ օրերի օդի ջերմաստիճանը Երևանում կբարձրանա մինչև +23 աստիճան’