‘Զուրաբյան. Աստանան իշխանությունների դիվանագիտական ձախողումն էր’

1348

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը «Ազատության» հետ զրույցում Հայաստանի իշխանությունների «դիվանագիտական ձախողումն» է համարել Աստանայի վերջին զարգացումները: Զուրաբյանը «անհաջող» է որակել Սերժ Սարգսյանի պարզաբանումները, թե՝ «Նազարբաևի հնչեցրածը տհաճ էր, բայց դա որևէ վնաս չի կարող մեզ տալ»։
«Իր պնդումներն էլ բավականին անհաջող պնդումներ են: Դիվանագիտական լեզվում պետք է ընտրել այնպիսի արտահայտություններ, որոնք պատշաճ են և՛ մեր ներքին սպառման համար, և նաև հարմար և ընդունելի լինեն միջազգային հանրության համար: Այ դա՝ ինքը չի կարողանում անել, լուծումները չի կարողանում գտնել: Ոչ ոք չի ասում, որ հենց հիմա ինքը պետք է լուծի Ղարաբաղի միջազգային ճանաչման խնդիր: Ամենակարևոր խնդիրը, որ ինքը պետք է լուծի, այն է, որ ինչ ուղղություն էլ ընտրում է Հայաստանը, ինչ միջպետական համագործակցության կազմակերպություններում էլ ընդգրկվում է Հայաստանը, դե ֆակտո վիճակը՝ այսինքն Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև տնտեսական կապը՝ ապրանքների ազատ, անխափան երթևեկությունը, և մարդկանց երթևեկությունը և այլն և այլն, պետք է չվնասվեն և որևէ կերպ հարցականի տակ չդրվեն»,- ասել է Լևոն Զուրաբյանը՝ հավելելով․ — «Երբ այնուամենայնիվ այդ հարցը ուղիղ եթերում բարձրացնում են իր հետ, ինքը պետք է շատ պարզ պատասխան տար՝ պետք է ասեր, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պայքարում է իր ինքնորոշման համար, որ անկախ նրանից, որ քաղաքական հակամարտության լուծումը դեռ գտնված չէ, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ունի իրավունքներ՝ համամարդկային իրավունքներ՝ ազատ առևտուր անելու, ազատ երթևեկելու, որ դա հումանիտար հարց է, առաջին հերթին, և չի կարող լինել որևէ լուծում, որը կվնասի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքներին: Այ դա մի լեզու է, որը ընդունելի է միջազգային հանրության համար: Չի կարող որևէ երկիր պահանջել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքները սահմանափակող լուծումներ»:
 «Եթե նման հարց դնում են, ուրեմն գլխավոր հարցը, որ պետք է լուծել՝ որ ինչ ուզում է լինի, չպետք է լինի որևէ լուծում, որ կխանգարեր Լեռնային Ղարաբաղի տնտեսական զարգացմանը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մարդու իրավունքներին, իրենց անվտանգությանը, իրենց ազատ տնտեսական զարգացմանը: Եվ Ադրբեջանը, որը, ըստ էության, իր տնտեսական շրջափակման պատճառով սահմանափակել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները, նա իրավունք չունի որևէ պահանջ ներկայացնել միջազգային հանրությանը՝ կապված Լեռնային Ղարաբաղի տնտեսական ազատությունների, կամ աշխարհի հետ նրա տնտեսական կապի վերաբերյալ: Եվ Սերժ Սարգսյանը, փաստորեն, բաց թողեց այդ շանսը: Դա իսկը պահն էր, երբ պետք էր խոսել այն վիճակի մասին, որում հայտնվել է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը», — հավելել է Զուրաբյանը: 

Նախորդ հոդվածը‘ԱԱ-2014-ին ընդառաջ. Ուրուգվայի հավաքականի վերջնական կազմը’
Հաջորդ հոդվածը‘ՄԻՊ-ը «բացատրում է», թե երբ եւ ինչպես դիմել իրեն. Տեսանյութ’