‘
Ընդդիմությունը չի պատրաստվում 12 կետերի վերաբերյալ բանակցությունների գնալ իշխանությունների հետ: Այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրուցի ժամանակ հայտարարեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նա նշեց, որ իշխանությունների հետ բանակցությունները կարող են լինել միայն իշխանափոխություն հարցի շուրջ, իսկ Սերժ Սարգսյանի՝ 12 կետերին կրկին անդրադառնալու մասին հայտարարությունը բանակցությունների առիթ չի կարող հանդիսանալ:
«12 կետերի թեման մենք փակել ենք, իսկ Սերժ Սարգսյանը՝ բացել: Մենք չենք խանգարի նրան այդ ճանապարահին: Թող փորձի կատարել. 12 կետերից ինչքան շատ բան արվի մինչև իշխանափոխությունը, այնքան ավելի լավ ժողովորդի համար»,-ասաց նա՝ նշելով, որ նախօրեին ընդդիմության ներկայացրած ընտրական օրենսգրքի փոփոխությոան մասին նախագիծը ընդամենը նպատակ ունի ստուգելու Սերժ Սարգսյանի անկեղծությունը:
Անդրադառնալով համաժողովրդական շարժման առաջիկա հանրահավաքներին՝ Զուրաբյանը նշեց, որ հաջորդ միասնական հանրահավաքը պետք է լինի վճռական գործողությունների հանրահավաք: «Կոնգրեսը, իհարկե, կարող է առանձին հանրահավաքներ անել: Եթե հիշում եք, մարտի 1-ին Կոնգրեսը անցկացրեց լուրջ հանրահավաք, որով դրվեց Շարժման գաղափարական սկիզբը: Ճիշտ է, հրապարակը բազմամարդ էր, բայց, բնականաբար, ԲՀԿ –ի և Ժառանգություն հետ միասանական հանրահավաքները ավելի հզոր են ու արդյունավետ»,-նշեց Զուրաբյանը:
‘