‘Զուրաբյան. Բյուջեից թալանվում է 2.5 մլրդ դոլար (տեսանյութ)’

1121

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, անդրադառնալով Կոնգրեսի կողմից կառավարությանն ուղարկված հարցապնդմանը, նշեց, որ հիմնական հարցադրումները մի քանիսն են:

«Նախ՝ մենք ցույց ենք տալիս, որ Հայաստանում կոռուպցիան համակարգային է և կազմում է մի բուրգ, որի գագաթը բարձրագույն, պետական պաշտոններ զբաղեցնող անձինք են: Մենք հետո նաև կանդրադառնանք անուններին, բայց սա գլխավոր հարցերից մեկն է, և մենք փորձել ենք այդ հարցապնդման մեջ հավաքել այն ակնհայտ փաստերը, որոնք երբեք այդպես էլ պատասխան չստացան իշխանությունների, կառավարության կողմից: Ակնհայտ կոռուպցիայի փաստեր, որոնց վերաբերյալ, փաստորեն, ոչինչ չունի ասելու, բայց մենք հիմա իրենց այդ հնարավորությունը տվել ենք, և հիմա իրենք պարտավոր են այդ փաստերի վերաբերյալ պատասխան տալ: Որպես առաջին շեշտադրում՝ կնշեմ այն, որ պետական բյուջեի թալանը տեղի է ունենում, պատկերավոր ասած, մինչև փողը բյուջե հավաքելը, ոչ թե հավաքելուց հետո: Դրա անունը կարելի է դնել բյուջեի եկամուտների թալան: Բագրատյանը երեկ ասուլիս էր տվել և շատ իրավացիորեն խոսել այն մասին, որ ներկայացված փաստաթղթում բացակայում է եկամուտների մասին ինֆորմացիա, և դա բնական է. կառավարությունը եկամուտների մասին չի կարող ոչինչ խոսել, որովհետև, նորից եմ ասում, հիմնական թալանը տեղի է ունենում հենց կապված եկամուտների հետ: Այն, ինչը որ Վերահսկիչ պալատը ներկայացրել է, դրանք վերաբերում են արդեն բյուջեում հավաքված փողերի ծախսերի, այսպես ասած՝ վերլուծությանը: Այնտեղ էլ մեծ թալան գոյություն ունի, բայց հիմնական թալանը տեղի է ունենում միչև բյուջե փողերի հավաքումը»,- նշեց Զուրաբյանը:

Նա հավելեց, որ Կոնգրեսն, ինչպես եւ խոստացել էր մի քանի ամիս առաջ, հենց այդ վերլուծությունն է անում և գնահատում՝ հիմնվելով լրջագույն վերլուծությունների վրա, որ տարեկան եկամուտների թալանը կազմում է 1.8 միլիարդ ԱՄՆ դոլար: «Բնականաբար, սա ահավոր մի գումար է. գումար, որը չթալանվելու դեպքում Հայաստանը այսօր կարող էր դառնալ մի ծաղկող երկիր, եթե այդ բոլոր միջոցները ուղարկվեին արդյունավետ, հանրային պրոյեկտներին, ստեղծվեր այլընտրանքային էներգետիկա, ինֆրաստրուկտուրա եւ այլն»,- նշեց նա՝ հավելելով, որ  իսկ ահա բյուջեից թալանված գումարն՝ արդեն ծախսերի ժամանակ, կազմում է մոտ 700 մլն դոլար, միասին՝ 2.5 մլրդ դոլար:

«Մենք կարծես դահիճին հարցնենք, թե արդյո՞ք ինքը մարդասիրական նոպաներ չի ունենում, արդյո՞ք խղճահարություն չունի, որ այդքան մարդ է սպանել, բայց ֆորմալ առումով մենք այլ հնարավորություն չունենք: Մենք հասկանում ենք, որ այն մարդկանց, ում մենք այդ հարցը ուղղում ենք, հենց այդ կոռուպցիայի գլխավոր հեղինակներն են, բայց այստեղ մեզ հետաքրքրում է, թե ինչպես են նրանք հասարակությանը այս ամեն ինչը բացատրելու»:

Զուրաբյանը նշեց. «Մեզ շատ կարևոր է մի հարցապնդման մեջ կենտրոնացնել այս բոլոր փաստերը, ներկայացնել հասարակությանը և պատասխան պահանջել: Թող գան Ազգային ժողովի լիագումար նիստին և պատասխան տան իրենց կատարած հանցագործությունների համար: Սա է ամբողջ իմաստը, և մենք բացարձակ ակնկալիք չունենք, որ նրանք մեկ ակնթարթում կդառնան ազնիվ մարդ, ինքնախարազնամամբ կզբաղվեն, զանգվածային հրաժարականների կենթարկվեն, բայց մենք թեժացնում ենք իրավիճակը, անում ենք մի քայլ, որը ժողովրդին պետք է մոբիլիզացնի այս ավազակների, հանցագործների դեմ»:

Անդրադառնալով կենսաթոշակային պարտադիր վճարումների դեմ սկսված շարժմանը՝ Զուրաբյանը նշեց. «Այս կենսաթոշակային պարտադիր վճարումների դեմ շարժման գլխավոր ուժը նրա մեջ է, որ այդ նախաձեռնությունը գալիս է ժողովրդից: Ճիշտ է, մենք ժամանակին դեմ ենք խոսել, մենք ունենք մեր սեփական ծրագրերը. 2010 թվականին Հայ ազգային կոնգրեսը հրապարակել է կենսաթոշակային ռեֆորմի իր ծրագիրը, որտեղ մենք հստակ նշում ենք, որ պարտադիրի փոխարեն պետք է լինեն կամավոր վճարումներ կենսաթոշակային հիմնադրամում, և երբ որ այդ օրենքը ընդունվում էր, մենք դրան դեմ ենք խոսել: Բայց հիմա այս հարցը նոր կյանք է ստանում՝ շնորհիվ հենց հասարակության: Նրանք ինքնակազմակերպվել են, բողոքի բազմաթիվ ակցիաներ են կազմակերպում, որը թույլ է տալիս մեզ նորից հարցը դնել քաղաքական օրակարգում, և շատ կարևոր է, որ մենք գործենք համակարգված: Այսինքն՝ ժողովրդի դրսի ակցիաները նաև ինչ-որ ձևով կապակցվեն մեր գործունեության հետ՝ պառլամենտում: Բնականաբար, որպես տանող ուժ՝ մենք այստեղ համարում ենք հասարակությանը: Ինչքան հասարակությունը վճռական գտնվի, ինչքան պահանջի այդ հարցը նորից ու նորից քննարկել, այնքան մենք պատրաստ ենք լինելու ԱԺ-ում նորից ու նորից այդ հարցը բարձրացնել, ինչո՞ւ չէ, նաև անընդհատ արտահերթ նիստ հրավիրելու միջոցով: Թող նրանց դեմքը լրիվ պատռվի»: Հարցին, թե արդյո՞ք հնարավոր է՝ երկրորդ անգամ էլ այդ հարցը բարձրացվի, Զուրաբյանը արձագանքեց. «Շատ հնարավոր է»:

Նա նշեց, որ դա կախված է շարժման ուժգնությունից եւ վճռականությունից:

«Եթե իրենք պատրաստ են նորից գալ Ազգային ժողով, նորից այդ ճնշումը բարձրացնել կամ անգամ ուժեղացնել իշխանությունների, կառավարության վրա, մենք մեր կողմից պատրաստ ենք արձագանքել: Նորից ցանկանում եմ կրկնել, եթե մենք միասին համախմբված գործենք, կարող ենք հասնել արդյունքի»,- նշեց Զուրաբյանը:   

Նախորդ հոդվածը‘Թուրքիան և Ադրբեջանը հրավիրված են մասնակցելու ՍՏՀԿ Երևանի նիստին’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Պետրոսյանի պաշտպանի միջնորդությունը մինչ օրս անպատասխան է’