‘Զուրաբյան. Դուք հայտնի եք որպես ժողովրդի ունեզրկման համար նորանոր գործիքներ մոգոնող կառավարություն’

1284

Ազգային ժողովում արտահերթ կարգով կայացել է ՀՅԴ խմբակցության ներկայացրած` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի օրենսդրական փաթեթի կիրառումը հետաձգելու վերաբերյալ քննարկումներ սկսելու մասին հայտարարության նախագծի քննարկումը:

Ստորեւ ներկայացնում ենք Լեւոն Զուրաբյանի ելույթը ԱԺ-ում՝ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անունից.

Եթե կուտակային հիմնադրամների հետ կապված՝ այս կենսաթոշակային բարեփոխումներին մոտենանք զուտ տեսականորեն, այսինքն՝ կտրված Հայաստանի այսօրվա շատ կոնկրետ սոցիալ-տնտեսական կոնտեքստից, ապա առաջարկված ռեֆորմը կարծես հետապնդում է կարեւոր նպատակներ: Իհարկե, շատ երկրներում կիրառվում է կուտակային հիմնադրամներին պարտադիր վճարումներ կատարելու օրենքը: Դա ոչ միայն լրացուցիչ հնարավորություն է ստեղծում ապագայում ավելի մեծ կենսաթոշակներ ստանալու համար: Դա նաեւ ստեղծում է, այսպես կոչված՝ «երկար փողեր», այսինքն՝ կապիտալի շուկայում խիստ անհրաժեշտ երկարաժամկետ ֆինանսական գործիքներ, ինչը նպաստում է կապիտալի շուկայի զարգացմանը եւ երկարաժամկետ ներդրումների ակտիվացմանը:

Բայց սա՝ տեսության մեջ: Հայաստանի իրականությունը լրիվ այլ պատկեր է ներկայացնում:

1. Սկսենք նրանից, որ նման ռեֆորմները պատկանում են, այսպես կոչված՝ «շոկային թերապիայի» ռեֆորմների դասին: Վաղ 90-ականներից սկսած՝ «շոկային թերապիա» անվանում են այն ռեֆորմները, որոնց իրականացման հետեւանքով քաղաքացիները կարճաժամկետ կտրվածքով կարող են կորուստներ ունենալ, անգամ՝լուրջ զրկանքների ենթարկվել, բայց երկարաժամկետ առումով շահում են, քանի որ այդ ռեֆորմների պտուղները քաղում են ապագայում: Այս առումով ես ցանկնում եմ հիշել Լեհաստանի առաջին ոչ կոմունիստական կառավարության՝ Մազովեցկու եւ Բալցերովիչի անցկացրած ռեֆորմները, երբ կառավարությունը ամբողջությամբ ազատականացրեց գները եւ սկսեց սեփականաշնորհման գործընթաց: Այն ժամանակ, իհարկե, անիմիջապես տեղի ունեցավ գների ահավոր աճ, տնտեսության մեջ տեղի ունեցան նաեւ սկզբնական ճգնաժամային երեւույթներ, սակայն շատ արագ կատարելով անցում դեպի շուկայայական տնտեսություն՝ Լեհաստանը կարողացավ դառնալ տնտեսական զարգացման դրոշակակիրներից մեկը: Նույնն արեց Ելցինի ժամանակ Գայդարի եւ Չուբայսի կառավարությունը, բայց ես ուզում եմ նաեւ ձեզ բոլորիդ հիշեցնել, որ հեռու պետք չէ գնալ. նմանատիպ ռեֆորմ իրականացրեց Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Բագրատյանի՝ Հայոց Համազգային Շարժման կառավարությունը: Ընդ որում, եթե հիշում եք՝ 1991թ. իրականացվեց հողի սեփականաշնորհման ծանրագույն ռեֆորմը, որին հետեւեցին 1992 թ. գների լիբերալիզացիան, ձեռնարկությունների սեփականաշնորհումը, իսկ 1995թ. նաեւ իրականացվեց հացի գների լիբերալիզացիան: Բոլոր այս քայլերը բավականին ցավոտ էին անդրադառնում ժողովրդի բարեկեցության վրա: Բայց, մյուս կողմից, անմիջապես ստեղծում էին հիմքեր զարգացման համար, եւ ի վերջո բերում էին ժողովրդի վիճակի բարելավմանը, որն անհնար էր առանց այս ռեֆորմների: Եվ ես կուզեի այսօր ծափահարել այն մարդուն, ով ներկա է դահլիճում, եւ ով նախագահ Տեր-Պետրոսյանի եւ Հայոց Համազգային Շարժման հետ միասին համարձակություն ունեցավ Հայաստանում անցկացնելու այս կենսական ռեֆորմները՝ կուտակելով իր նկատմամբ սոցիալական դժգոհության անխուսափելի ալիքներ, բայց նաեւ լիովին իրագործելով Հայաստանում ազատ շուկայի եւ մասնավոր նախաձեռնության վրա հիմնված իր սկզբունքային տնտեսագիտական դավանանքը:

Հիմա նման մի ցավոտ ռեֆորմ էլ դուք եք ուզում անցկանցնել: Բայց կարծես չեք հասկանում մի կարեւորագույն հանգամանք. «շոկային թերապիայի» ցավոտ ռեֆորմներ կարող է անցկացնել միայն այնպիսի իշխանությունը, որն օգտվում է ժողովրդի անվերապահ վստահությունից,  ձեւավորվել է համաժողովրդական շարժման հետեւանքով իշխանության գալու արդյունքում եւ ընկալվում է ժողովրդի կողմից որպես արդարամիտ, ազնիվ եւ բացառապես պետական շահերով առաջնորդվող քաղաքական թիմ:

Այս կառավարությունը ոչ  միայն այդպես չի ընկալվում ժողովրդի կողմից, այլև հակառակը՝ երկար տարիների ընթացքում հայտնի է դարձել որպես համակարգային կոռուպցիայի մեջ թաղված, ժողովրդին անխղճորեն կեղեքող, ընտրությունները կեղծող, պետական միջոցները թալանող եւ սեփական ժողովրդի վրա կրակող իշխանություն: Դուք հայտնի եք որպես ժողովրդի ունեզրկման համար նորանոր գործիքներ մոգոնող կառավարություն՝ լինի դա տնտեսության մոնոպոլիզացումը, կարմիր գծերը, արագաչափները եւ վերջապես՝ օֆշորային մութ սխեմաները:

Հռչակված ռեֆորմի հաջողության միակ գրավականն անվերապահ վստահությունն է կառավարության ծրագրի նկատմամբ: Դուք այդ վստահությունը չունեք, եւ արդեն միայն այդ պատճառով ձեր ռեֆորմը դատապարտված է տապալման: 

Այստեղ ավարտվել է ժամանակը, եւ վաղը ԱԺ նիստը կսկսվի Լեւոն Զուրաբյանի ելույթի շարունակությամբ, որի համար նա ունի 7 րոպե: 

 

Նախորդ հոդվածը‘Վլադիմիր Պուտինի այցի դեմ բողոքի ցույց և երթ (մեծ ֆոտոշարք, տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Իշխանությունը, գեշ հարսի նման, մսխում է երկրի սեփականությունը’