‘Զուրաբյան. Դրամը հնարավոր կլինի կայունացնել միայն բիզնեսը խեղդելու հաշվին ‘

1489

Դրամի փոխարժեքը դեռ չի կայունացել, արտարժույթի շուկայում ճգնաժամը դեռ նոր է զարգանում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նրա խոսքով, վերահաս ճգնաժամի մասին կարելի է դատել՝ ելնելով մի քանի հանգամանքներից: Նախ, ըստ պատգամավորի,  Կենտրոնական բանկը եւ Կառավարությունը շատ արագ տեմպերով ծախսում են արտարժութային պահուստները:

«Նոյեմբերին ծախսվել է 90 մլն դոլար, դեկտեմբերի 3 օրվա ընթացքում՝ 40 միլիոն դոլար, իսկ միայն դեկտեմբերի 4-ին՝ 19 մլն դոլար», — նշեց Զուրաբյանը: Նրա խոսքով, այդ բոլոր ծախսերից հետո, այնուամենայնիվ, դրամը կայունացված չէ, եւ դրա մասին են  խոսում մի քանի ցուցանիշներ: Մասնավորապես, ըստ նրա, Հայաստանում ձեւավորվել է արժութային սեւ շուկա: «Նման բան չի եղել երբեւէ: Դոլարն այդ սեւ շուկայում վաճառվում է 485 դրամով, փոխանակման կետերում կուրսը 445-455 է, նման լայն մարժա լինում է այն դեպքում, երբ անկայուն իրավիճակ է», — նշեց պատգամավորը:

Բացի դրանից, Զուրաբյանի խոսքով, բանկերում սահմանափակվել են դոլարի վաճառքի բոլոր հնարավորւթյունները. բանկերն իրենք չեն ուզում բացել իրենց ռեզերվները, հակառակ այն բանի, որ ԿԲ նախագահն ուղղակի դիմել է բանկերի ղեկավարությանը՝ խնդրելով, որ նրանք ֆինասական շուկա հանեն իրենց արժութային ռեզերվները:

Ըստ Զուրաբյանի, արժութային ճգնաժամի մասին է խոսում նաեւ լոմբարդային ռեպոյի (մեկօրյա դրամային վարկերի) տոկոսադրույքի աննախադեպ բարձրացումը ԿԲ-ի կողմից:

«Նոյեմբերին ռեպոյի տոկոսադրույքը 5,25 էր, դեկտեմբերի 1-ին՝ 10,25 տոկոս, իսկ բոլորովին վերջերս ԿԲ-ը այն բարձրացրել է մինչեւ 21%: Սա նշանակում է, որր ԿԲ-ճը սահմանափակում է իր կողմից դրամով վարկավորումը, որովհետեւ նման բարձր տոլոսով, բնական է, որ բանկերը դրամային ռեսուրսներ չեն վերցնի: Սա նշանակում է, որ ԿԲ-ը արհեստականորեն փորձում է շուկայում դրամի սով ստեղծել», — տեղեկացրեց պատգամավորը:

Նրա խոսքով, հնարավոր է, որ այս բոլոր արտակարգ միջոցառումների հետեւանքով հնարավոր լինի կայունացնել դրամը, բայց դա կտրվի բիզնեսը խեղդելու հաշվին: «Այսինքն՝ ՓՄՁ-երը ինչու չէ նաեւ խոշորները հնարավորոթյուն չեն ունենա դրամային վարկավորման, կամ վարկեր կվերցնեն այնպիսի պայմաններում, որ դա անհեռանկար կդարձնի իրեց բիզնես գործունեությունը», — ասաց Լեւոն Զուրաբյանը:

Նա նիշեցրեց, որ ընդդիմությունը ավելի վաղ զգուշացրել է կառավարությանը ֆինանսական ճգնաժամի անխուսափելիության մասին՝ հայտարարելով, ոցիակալան պարտավորություններ վերցնելը, արտաքին պարտքը վտանգավոր շեմին մոտեցնելը, զարգացման համար որեւէ ներդրում չանելը ի վերջո բերելու է պայթյունի:

 

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Գոնե պայմանավորվեք, որ նու՛յն սուտն ասեք…’
Հաջորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում, ԿԲ-ում և սև շուկայում’