‘
Երեկ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել էր, թե մինչև 2018 թվականի ընտրությունները իշխանափոխություն չի կանխատեսում, քանի որ ոստիկանությունը ոչ ավել, ոչ պակաս, ունի ծպտյալ ծառայություններ, որոնց միջոցով էլ ինքը տեղյակ է, թե Հայաստանում ով ինչ է մտածում։
ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «Ազատության» հետ զրույցում մեկնաբանելով Գասպարյանի հայտարարությունը` ասել է, որ դա բռնապետական երկրի ոստիկանապետի հայտարարություն է։ Զուրաբյանի խոսքով, եթե Հայաստանը ժողովրդավարական երկիր լիներ, այս հայտարարության համար Վլադիմիր Գասպարյանը կկորցներ պաշտոնը, մինչդեռ մեր երկրում նման հայտարարությունները անհետևանք են մնում։
«Այս երկրում չեն գործում օրենքները, այս երկրում, ցավոք սրտի, չեն գործում ժողովրդավարական պարզագույն արժեքները և բռնապետի ոստիկանը, ոստիկանապետը իրեն կարող է թույլ տալ նման հայտարարություններ, որոնք շատ վրդովեցուցիչ կարող էին ընկալվել, եթե մենք չհասկանայինք, թե ինչ երկրում ենք ապրում», — ասել է նա:
Զուրաբյանի խոսքով, ոստիկանապետը, թերևս, չի հասկացել, որ իր պարտականությունը սահմանադրական և հասարակական կարգի պահպանումն է, այլ ոչ թե քաղաքականությանը միջամտելը:
Ըստ նրա, ռեժիմը ընդամենը փորձում է ինքն իրեն հանգստացնել՝ հայտարարելով, թե եռյակը իշխանափոխություն չի իրականացնի:
«Գնահատում եմ որպես ինքնահիպնոս և ինքնաներշնչանք: Ռեժիմի ներկայացուցիչները իրենք իրենց, իրենց ենթականերին, իրենց քիչ մնացած քաղաքական հենարանին փորձում են ներշնչանքի այսպիսի վարժություններով, մանտրաներով համոզել, որ ամեն ինչ նորմալ է», — ասում է նա:
‘