‘
«Իշխանությունը ցանկանում է անպարկեշտ ձեւով մարտի 1-ի հարցը փակել՝ մարտի 1-ի զոհերի հարազատներին փոխհատուցում տրամադրելով: Սա կլինի իշխանության պլանի իրագործում: Եթե ԱԺ-ում քննարկումների արդյունքում ընդունվի մի որոշում, որտեղ միայն կբավարարվի փոխհատուցման պահանջը, ապա այդ դեպքում սա կհամարվի անբարոյական գործարք»:
Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայ ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն՝ անդրադառնալով մարտի 1-ի վերաբերյալ Ելք դաշինքի կողմից ԱԺ հայտարարության տեքստի նախագիծն ԱԺ օրակարգ մտցնելու ՀՀԿ-ականների քվեարկությանը:
Նրա խոսքով, պետք է լինի արդարադատություն, փոխհատուցում մարտի 1-ի զոհերի հարազատներին, եւ ապա իշխանությունը ինքը պետք է ներողություն խնդրի սեփական ժողովրդից:
Զուրաբյանը նշեց նաեւ, որ մարտիմեկյան սպանդի համար առաջնային պատասխանատվությունն ընկած է Ռոբերտ Քոչարյանի վրա, քանի որ այդ օրվա իշխանության գլուխը նա էր, նա է հրամանագիր ստորագրել, նրա հրամանով է բանակը թողել սահմանը եւ եկել ճնշումներ իրականացնելու: Միաժամանակ, նրա խոսքով, Սերժ Սարգսյանը եւս կրում է պատասխանատվություն, քանի որ նա այդ թիմի մասն է եղել, եւ կա կոծկման պատասխանատվություն:
«Սերժ Սարգսյանի ամենամեծ մեղավորությունն այն է, որ նրա նախագահության տարիներին այդ ամենը 10 տարի կոծկվել է»,- նշել է Զուրաբյանը:
Այդ համատեքստում Զուրաբյանը կարեւորել է Մարտի մեկի սպանդի տասնամյա տարելիցին նվիրված երթը:
Մանրամասները՝ տեսանյութում:
‘