‘Զուրաբյան. Կառավարությունը ոչինչ չկարողացավ անել ստվերի բացահայտման ուղղությամբ (Տեսանյութ)’

1201

«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի ընդունման պատճառն այն էր, որ խորհրդարանական չորս խմբակցությունները միավորվեցին եւ իշխանություններին ներկայացրին 12 կետերից բաղկացած պահանջներ, որոնցից մեկը վերաբերում էր հենց շրջանառության հարկին: Դա արվեց փոքր եւ միջին բիզեսների բեռը թեթեւացնելու նպատակով. մենք առաջարկեցինք երեք անգամ նվազեցնել շրջանառության հարկի դրույքաչափերը, իսկ շրջանառության առաջավելագույն շեմը դարձնել 150 մլն դրամ:

Այս մասին Ազգային ժողովում «Շրջանառության հարկի մասին» օրենքի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նա նշեց, որ սա այն հազվագյուտ կետերից մեկն էր, որ իշխանությունները փորձեցին իրագործել, եւ որը կրեց ձեւական բնույթ:

«Դրույքաչափը մի բան էլ ավելի իջեցվեց, քան մենք պահանջում էինք, բայց ստեղծվեցին փաստաթղթավորման եւ գույքագրման հետ կապված այնպիսի խնդիրներ, որոնք ավելի ծանր վիճակի մեջ դրեցին ՓՄՁ ներկայացուցիչներին: Մենք բոլորս ականատես եղանք, թե ինչպիսի բուռն ակցիաներ տեղի ունեցան այդ իբր բարեփոխման արդյունքում: Իշխանությունը չէր սպասում սրան եւ սկսեց փնտրել նահանջի ճանապարհներ»,- ասաց Լեւոն Զուրաբյանը՝ հավելելով, որ քառյակը որոշել էր մի փաստաթուղթ ներակայացնել, որով հնարավորություն կտար ՓՄՁ-ի ներկայացուցիչներին ընտրություն կատարելու:

«Կարծես թե նման նախագիծ իշխանությունը բերել է ԱԺ, եւ սա նշանակում է , որ սկզբունքորեն մեր առաջարկը ընդունված է, եւ մենք պետք է բավարարված լինենք: Բայց մի կարեւոր «բայց» կա. չփաստաթղթավորված ծավալի համար սահմանվել է 5% դրույքաչափ, ինչը նշանակում է, որ, այնուամենայնիվ, կարող են հայտնվել մարդիկ, ովքեր  կգտնվեն ավելի վատ վիճակում: Ի վերջո, ովքեր կցանականան փաստաթուղթ չտրամադրել, 3.5%-ի փախարեն 5% կվճարեն: Սա մենք չենք կարող թույլ տալ: Մենք միշտ պնդել ենք, որ  փոփոխությունները պետք է արվեն հարկային բեռի թեթեւացման նպատակով, ուստի Հայ ազգային կոնգրեսը առաջարկում է վերադառնալ չփաստաթղթավորված ծավալի համար սահմանված 3.5% դրույքաչափին»,- ընդգծեց պատգամավորը:

Լեւոն Զուրաբյանը անդրադարձավ նաեւ այն հանգամանքին, որի համաձայն՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխությունները նախատեսված էին տնտեսությունը ստվերից դուրս բերելու համար, ինչպես պնդում էր Վարդան Այվազյանը:

«Սա իրենց համար գլխավոր արդարացումն էր: Արդյունքում ստացվեց այն, որ իշխանությունը գրոհեց ՓՄՁ-ների դիրքերի վրա եւ տեսնելով, որ կա համախմբված դիմադրություն տնտեսվարողների եւ ընդդիմության կողմից՝ խայտառակ պարտություն կրեց եւ նահանջեց: Հիմա ի՞նչ, գլխավոր խնդիրը լուծում եք, թե՞ ոչ: Համաձայն եմ խմբակցություններից մեկի ղեկավարի այն խոսքերի հետ, որ այստեղ ամենակարեւոր բանը քաղաքական կամքն է: Սակայն ես կարծում եմ, որ նա մի քիչ ռոմատիկ է, երբ կարծում է, թե իշխանությունները կարող են այդ քաղաքական կամքն ունենալ: Ո՛չ, իշխանությունները այդ կամքը չեն կարող ունենալ, որովհետեւ իրենք տարիներ շարունակ կառուցել են այս համակարգը մեկ նպատակով՝ որ պետական լծակները կարողանան ծառայեցնել սեփական հարստացման համար:

Այս խոշոր ձեռնարկատերերը հենց իշխանություններն են, եւ իրենք են ստեղծել բոլոր այս ապօրինի արտոնությունները: Ուստի, ես կարծում եմ, որ Կառավարությունը մի պարտություն կրեց, եւ նա պետք է խոստովանի, որ որեւէ քայլ չկարողացավ անել ստվերի բացահայտման ուղղությամբ:

Ակնհայտ է, որ միայն այն դեպքում հնարավոր կլինի տնտեսությունը հանել ստվերից, երբ Հայաստանում ձեւավորվի նոր իշխանություն, որը իշխանության կգա ժողովրդի ուժով եւ կախված կլինի ժողովրդից ու հաշվետու կլինի նրա առջեւ»,- հայտարարեց Լեւոն Զուրբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: 

Նախորդ հոդվածը‘Ինչու Բիշքեկյան համաձայնագրի ստորագրումից հետո Ժիրայր Լիպարիտյանը գաղտնի այցով մեկնեց Աֆղանստան. Մեդիամաքս’
Հաջորդ հոդվածը‘Հիմա խելք պե՞տք է, թե՞ չէ’