‘Զուրաբյան. Կարե՞լի է եզրակացնել, որ իշխանությունը հովանավորում է կապիտալի ապօրինի արտահոսքը (Տեսանյութ)’

852

Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը անդրադարձավ Վերահսկիչ պալատի կողմից հրապարակված տվյալներին, որոնց համաձայն 2013 թվականին պետբյուջեից թալանվել է 600 մլն դոլար: Պատգամավորը մեջբերեց նաեւ «Global financial integrity» կազմակերպության զեկույցը, որում ներկայացված են աշխարհում առկա ֆինանսական հոսքերը, հաշվեկշիռները եւ այլ տեղեկություններ, որոնց հիման վրա գնահատվում են  տարբեր երկրներում առկա կապիտալի ապօրինի արտահոսքերը: «Այս կազմակերպությունը բավականին լուրջ կազմակերպություն է, որտեղ աշխատում են լուրջ մասնագետներ: Ըստ այդ կազմակերպության գնահատականների՝ 2003-2012 թվականներին ՀՀ-ում միջին ապօրինի կապիտալի արտահոսքի ծավալը կազմել է 750 մլն դոլար: Ընդհանուր առմամբ այդ տարիների ընթացքում ապօրինի արտահանվել է 7.5 մլրդ դոլարի կապիտալ: Եթե համեմատենք նավթային հարուստ պաշարներ ունեցող Ղազախստանի եւ Ադրբեջանի հետ, ապա տարբերությունը զգալի է. աղքատ Հայաստանում կուտակվում են ավելի շատ փողեր: Արդյո՞ք կարելի է սրանից եզրակացնել, որ իշխանությունը հովանավորում է այս արտահոսքը»,- նշեց Լեւոն Զուրաբյանը:

Ի պատասխան՝ Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը ասաց, թե զեկույցի վերաբերյալ կկատարի համապատասխան վերլուծություններ: «Ավելի մանրամասն խոսելու համար մեզ ժամանակ է անհրաժեշտ»,- հայտնեց նա:

Լեւոն Զուրաբյանը իր հերթին նշեց, թե Ճիշտ կլինի, որ կառավարությունը լրջորեն ուսումնասիրի այդ զեկույցը եւ հանրությանը պատասխան տա: «Եթե կառավարությունը համաձայն չէ այդ զեկույցի հետ, ապա պետք է ապացուցի դա»,- հավելեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:

Նախորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Օրինականությունից և ապօրինությունից անդին’
Հաջորդ հոդվածը‘Խամես Ռոդրիգես. «Քրիստիանուն հիանալի է ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրանից դուրս»’