‘Զուրաբյան. Կոնգրեսը շարունակելու է մնալ պայքարող և դիմադրությունը կազմակերպող օջախ (տեսանյութ)’

2527

ԱԺ-ում «Կառավարման ճգնաժամի վերաբերյալ» հայտարարության նախագծի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող Լևոն Զուրաբյանը հանդես եկավ եզրափակիչ ելույթով, որը ներկայացնում ենք ստորև.

Իշխանությունները երկրում կառավարման ճգնաժամի մասին մեր երեկվա քննարկման փաստարկներին և մեղադրանքներին արձագանքելու մի շատ հետաքրքիր ռազմավարություն ընտրեցին։ Կառավարման ճգնաժամի մասին խոսելու և փաստարկներով այն հերքել փորձելու փոխարեն նրանք որոշեցին խոսել ոչ ավել, ոչ պակաս ընդդիմության ճգնաժամի մասին։ Ինձ համար ամենամեծ բացահայտումն այն էր, որ խորհրդարանում երեկ տեղի ունեցավ Հանրապետական խմբակցության հովանու ներքո մի նոր քաղաքական դաշինքի պրեզենտացիա։ Այդ դաշինքում դիրիժորի դեր ստանձնած Շարմազանովի հետ միավորվել են ՀՀՇ-ի իշխանության տարիների քննադատության վրա մասնագիտացված և հենց այդ նպատակով Հանրապետականի խմբակցություն բերված ոչ հանրապետական կուսակցական գործիչներ, մեկ՝ իբր անկախ պատգամավոր, և մեկ-երկու՝ իբր ընդդիմադիր պատգամավորներ։  Այս իշխանավոր-անկախ-ընդդիմական դաշինքը, ուս ուսի տալով, ձեռք ձեռքի տված  և փոխադարձ ջանուղուրբանով՝ իր մանիֆեստը երեկ  «պրեզենտացրեց» խորհրդարանում։ Մանիֆեստի դրույթները հետևյալն են. «ճգնաժամի գլխավոր մեղավորը ընդդիմությունն է, որովհետև այն ինստիտուցիոնալ չի, ընդդիմությունը մշտապես տանում է մարդկանց դեպի իշխանափոխություն և հիասթափեցնում, ինչով նպաստում է արտագաղթին,  ընդդիմությունը չի ներկայացնում որևէ այլընտրանք իշխանության արտաքին քաղաքականությանը, չի միանում Սերժ Սարգսյանի դեմ պաշտոնակության փաստաթղթին, նման ընդդիմությունը պետք է հեռանա, և քաղաքական դաշտը պետք է մաքրել նման ընդդիմությունից»։ Ապշեցուցիչը այս միացյալ մանիֆեստի մեջ այն է, որ՝ 1. այն նույնությամբ կրկնում են ֆորմալ առումով տարբեր ճամբարներում գտնվող Էդուարդ Շարմազանովը, Վահրամ Բաղդասարյանը, Նիկոլ Փաշինյանը, Հայկ Բաբուխանյանը, Խոսրով Հարությունյանը և Էդմոն Մարուքյանը, 2. որ Հանրապետական խմբակցությունը արդեն համարյա ամբողջ կազմով ուղղակի աղաչում-պաղատում է Հայ Ազգային Կոնգրեսի խմբակցությանը միանալ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության՝ շրջանառության մեջ դրված նախագծին, և դաս տալիս մեզ՝ Հայ Ազգային Կոնգրեսին, թե, ահա, ինչպիսին պետք է լինի ընդդիմությունը՝ օրինակ բերելով դաշինքի մեջ հայտնված պատգամավորներին,  3. որ ընդդիմությանը վերացնելու այս անթաքույց մարմաջը հետևեց Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի հրապարակային հրամանին՝ մաքրելու քաղաքական դաշտը։

Հարց է ծագում. այս դաշինքի ոչ իշխանական պատգամավորներին. Ձեր պահվածքը ինչո՞վ է տարբերվում Ստալինի ռեպրեսիաների ժամանակ, այսպես կոչված՝ «լայն հասարակայնության» պահվածքից, որը հավաքվում էր ցույցերի՝ պլակատներով, որոնց վրա գրված էր. «Расстрелять оппозицию, как бешеных собак!»:

 

Իշխանության պլանը միանգամայն պարզ է՝ ԲՀԿ-ի չեզոքացումը արդեն համարում են կատարված գործ և համարում են, որ իրենց անսահմանափակ և անկաշկանդ տիրապետությանը և կեղեքմանը մնացել է դիմադրության միայն մեկ օջախ՝ Հայ Ազգային Կոնգրեսը:  Իշխանություններին պետք է բացարձակապես կառավարելի և, ցանկալի է, «արևմտամետ» ներկայացող ընդդիմություն, որ մշտապես փորձեն վախեցնել Մոսկվային նարնջագույն հեղափոխության իբր գոյություն ունեցող վտանգով և այդպես ամրապնդեն իրենց դիրքերը:

Քննարկման ժամանակ իշխանությունների երկրորդ հնարքը հետևյալն է՝ մեղադրել մեղադրողին, այսինքն՝ ոչ թե պատասխանել մեր մեղադրանքներին, այլ մեղադրել Հայ Ազգային Կոնգրեսին, որի անդամների մի մասը իննսունականներին իշխանության մաս էր կազմում, ասենք, նույն այդ թվերին տեղի ունեցած տնտեսական անկման և արտագաղթի համար։ Սրա համար պատասխանը շատ պարզ է. երբեք չհամարձակվեք համեմատել այն, ինչ կատարվում է այսօր՝ խաղաղ պայմաններում՝ պատերազմի տարիների կատարվածի հետ։ Ես շատ ուրախ եմ, որ վերջապես առիթ ունեմ պատասխանելու այս մեղադրանքներին։ 1991-1994  թվականներին մենք պատերազմում էինք մի պետության հետ, որ երկու անգամ գերազանցում էր մեզ մարդկային և տնտեսական ռեսուրսներով, երեք անգամ՝ սպառազինություններով, իսկ 1992-ին պահ է եղել, երբ զինամթերքի հարաբերակցությունը եղել է հիսունը մեկի՝ հօգուտ Ադրբեջանի։ Այդ օրերին քաղաքցիական պատերազմ էր Վրաստանում, կատարյալ շրջափակում, և մեր նախարարների կեսը հերթապահում էր Փոթիում, Զեստափոնում, Քութաիսում և վրացական այլ երկաթուղային կայաններում, որ բոլոր ճանապարհներով համոզեին «Մխեդրիոնի»-ի անօրինական զորամիավորումներին և կարողանային անցկացնել հաց, բենզին, մազութ և զինամթերք։ Տարեկան քառասուն անգամ պայթեցնում էին գազամուղը և երկաթուղին, իսկ վերանորոգումը շաբաթներ էր տևում։ Եւ այդ անհույս վիճակում մենք հաղթեցինք, որովհետև ունեինք ընտրված և գործին նվիրված հմուտ իշխանություն։ Պատերազմը հենց ավարտվեց՝ ե՛ւ լույս ունեցանք, ե՛ւ տնտեսական զարգացում, ե՛ւ ներգաղթ։ Հիմա այդ գործոններից ոչ մեկը չկա, և, կրկնում եմ, առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ խաղաղ պայմաններում ժողովուրդը փախչում է։ 

Բուն մեր բերված փաստարկներին պատասխանելու և տրամաբանելու միակ ազնիվ փորձը կատարեց Արտակ Զաքարյանը, բայց իր հակադարձումները վերաբերում էին միայն արտաքին հարաբերությունների ոլորտին։ Բայց դիվանագիտական աշխատանքը դատում են միայն ռեալ փաստաթղթերով: Եւ եթե մենք խոսում են Լեռնային Ղարաբաղի խնդրին վերաբերող միջազգային փաստաթղթերի մասին, ապա իննսունականներին ընդհանրապես որևէ խնդրահարույց փաստաթուղթ չի եղել:

Եվ եթե մենք խոսենք Ղարաբաղյան խնդրին վերաբերող փաստաթղթերի մասին, ապա մենք կտեսնենք, որ դրական փաստաթղթեր Հայաստանի համար ընդունվել են միայն 90-ականներին: Մասնավորապես՝ Բուդապեշտում 1994-ին ընդունված փաստաթուղթը, որով Լեռնային Ղարաբաղը ճանաչվել է որպես հակամարտության լիիրավ կողմ և բանակցությունների լիիրավ անդամ: Դրանից հետո 2005-ին մենք ունեցանք ԵԽԽՎ-ի ահավոր մի բանաձև, որտեղ առաջին անգամ խոսվեց «տարածքների օկուպացիայի մասին», մի բան, որը երբեք թույլ չէր տրվել Տեր-Պետրոսյանի կառավարման օրոք: Իսկ 2008-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց մի բանաձև, որով Ղարաբաղը ճանաչվում է Ադրբեջանի տարածք, իսկ հիմա արդեն ԵԽԽՎ-ում մենք ունենք բանաձևի նախագիծ, որի վերնագիրը ենթադրում է, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է կազմում: Այնպես որ, բոլոր խոսակցությունները «մեր նպատակների» մասին, դրանք բոլորը բլեֆ են: Իրականությունն այլ է:

Իսկ Ձեզ, տիկին Նաղդալյան, ես երբեք չէի հակադարձի, եթե Դուք չփորձեիք այդ փաստաթղթի վերնագրի համար պատասխանատվությունը դնել ընդդիմության վրա: Իսկ հիմա ես ստիպված եմ ասել, հրապարակել, որ հենց Դուք անձամբ պատասխանատու եք այն բանի համար, ինչ կատարվեց Ստրասբուրգում: Որովհետև Ձեր անհեթեթ, անքաղաքավարի ելույթով ամբողջ քաղաքական կոմիտեն, անգամ մեր դաշնակիցներին տրամադրեցիք Ձեր դեմ և բերեցիք մի իրավիճակի, որ Ադրբեջանն այդ հարցում ջախջախիչ հաղթանակ տարավ:

Ուշադիր լսելով ձեր ելույթները՝ կարող եմ եզրակացնել մեկ բան. որ այս խորհրդարանում իշխող ռեժիմի ներկայացուցիչները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ չեն գիտակցում, թե ինչ ծանր մարտահրավերներ են կուտակվել Հայաստանի շուրջ, և ինչպես նաև չեն գիտակցում իրավիճակի ողջ ծանրությունը։ Այս քննարկումից հետո ես կարող եմ եզրակացնել, որ կառավարման ճգնաժամի մի նոր բաղադրիչ կա. այն, որ իշխանությունները չեն էլ ըմբռնում, թե ինչ մարտահրավերների առջև է Հայաստանը: Հենց միայն այն, որ այդ խնդիրները չեք ըմբռնում, լրջագույն վտանգ է մեր երկրի համար, քանի որ արդեն պարզ է, որ ոչինչ չեք անելու երկիրն այս վիճակից հանելու համար։

Ամենասարսափելի խնդիրը ես համարում եմ արտագաղթը։ Սա արտագաղթ էլ չի, այլ իրականում պետության և նրա ինստիտուտների նկատմամբ վստահության փլուզում, որի հետևանքով տեղի է ունենում բնակչության մասսայական փախուստ։ Պետությունը մեռնում է մարդկանց հոգիներում։ Սա է ամենասարսափելի բանը։ Այստեղ քանակը չէ ամենակարևորը։ Ամենակարևորն այն է, որ երկիրը լքում են մարդիկ, ովքեր խորը հակամարտության մեջ են երկրում տիրող բարքերի, ստորաքարշության, անարդարության հետ։ Այդ պատճառով երկիրը լքում են լավագույն պրոֆեսիոնալները, պարկեշտ մարդիկ, նրանք, ովքեր ցանկացած ազգի աղն են կազմում, սերուցքը, որակը։ Ձեր վարած քաղաքականությունն ուղղված է նրան, որ երկրում մնան միայն «շուստրիները», պնակալեզները, նրանք, ովքեր ոչ թե մտավոր ներուժով, գյուտարարությամբ, աշխատունակությամբ և քրտինքով կարող էին կառուցել Հայաստանի փայլուն ապագան և փառքը, այլ նրանք, ովքեր կարող են բարգավաճել միայն բիրտ ուժով, խորամանկությամբ, կեղծիքով՝ արգելելով այլոց ազատ ստեղծագործությունը, աշխատանքն ու մրցակցությունը։ Դուք չեք հասկանում, որ ապագա ունեն միայն այն երկրները, որոնց քաղաքական համակարգը ոչ թե արտաքսում է ունակ մարդկանց, այլ ներգրավում նրանց քաղաքական և տնտեսական վերնախավի մեջ՝ ստեղծելով բոլորի համար հավասար մրցակցության պայմաններ։ Եւ ես նորից եմ կրկնում, որ դրան հասնելու միակ միջոցն արդար և ազատ ընտրություններն են, այսինքն՝ քաղաքական իրական մրցակցությունը, որտեղ ոչ մի ուժ երաշխավորված չէ պարտությունից, և ոչ թե ռեժիմի կողմից կառավարվող  դեմոկրատական ֆասադ։ Ձեզ թվում է հիմա, որ, ըստ էության, ոչնչացնելով ԲՀԿ-ն, դուք մեծ հերոսություն եք արել և ևս մեկ քայլ՝ դեպի մեկ կենտրոնից կառավարվող Հայաստան։ Ձեր այս նպատակը՝ ստեղծելու մեկ կենտրոնից ղեկավարվող Հայաստան, հլու-հնազանդ կամ անգամ եթե քննադատող, ապա ձեր վերահսկողության ներքո  գործող ընդդիմություն, իրականում հենց ցույց է տալիս, որ դուք կարող եք միայն ավելի խորացնել Հայաստանի ճգնաժամը՝ ստեղծելով անելանելի մի ճահիճ, որտեղ տեղ չկա ո՛չ ստեղծագործության, ո՛չ երևակայության, ո՛չ էլ հանդուգն գործերի համար, որոնցով հենց կայանում է ցանկացած երկիր։

Ահա հենց այս պատճառով է, որ Հայաստանի ապագան վերջնական կործանումից փրկելու համար ամենակարևոր խնդիրն է դառնում համազգային դիմադրության պայքարը։ Կարող եք չկասկածել, որ Հայ Ազգային Կոնգրեսը շարունակելու է մնալ այդպիսի մի պայքարող և դիմադրությունը կազմակերպող օջախ։ Ու քանի որ այս քննարկումով դուք նորից ցույց տվեցիք, որ ի վիճակի չեք ըմբռնել իրավիճակի ծանրությունը և պետականության մտածողությամբ թելադրված անհետաձգելի քայլեր կատարել՝ պետության նկատմամբ հավատը վերականգնելու համար, ուրեմն մեզ նորից ոչ մի այլ բան չի մնում, քան դիմել մեր հասարակության, մեր ժողովրդի օգնությանը, որին մենք կոչ ենք անում հավաքվել Ազատության հրապարակում կայանալիք մեր մարտիմեկյան հանրահավաքին՝ Հայաստանի բոլոր պայքարող ուժերին միավորելու և ազատության պայքարը շարունակելու նպատակով։ Պայքար, պայքար մինչև վերջ։

Նախորդ հոդվածը‘Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի՝ Լեռնային Ղարաբաղում խորհրդարանական ընտրությունների անցկացումը սադրանք է’
Հաջորդ հոդվածը‘Ագուերո. «Դաշտում Մեսսիի հետ ընկերությունն ավարտվում է»’