‘Զուրաբյան. Կոնգրեսի ու ԲՀԿ-ի հետագա համագործակցությունը կախված է ԲՀԿ-ից’

1206

Հայ ազգային կոնգրեսի եւ «Բարգավաճ Հայաստան»-ի միջեւ համագործակցության հետագա ընթացքը կախված է ԲՀԿ-ից, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:

Նրա խոսքով՝ վերջին զարգացումներից հետո մի շարք կարեւոր հարցեր կան, որոնց պատասխաններն ակնկալվում է ստանալ ԲՀԿ-ից:

«Ի՞նչ որակով, ի՞նչ քանակով, ի՞նչ ուժգնությամբ ու ռեսուրսով են շարունակելու պայքարը ռեժիմի դեմ: Մենք ժամանակ պետք է տանք ԲՀԿ-ին, մինչեւ այդ հարցի պատասխանն ինքը որոշի եւ տա: Մինչ այդ մենք չպետք է միջամտենք այդ պրոցեսին, մենք մեր գործը անելու ենք՝ մենակ, թե դաշնակիցների հետ միասին: Մենք մեր սկզբունքներից չենք հրաժարվի եւ մեր պայքարը շարունակելու ենք» — ասաց Զուրաբյանը:

Նա նշեց, որ Կոնգրեսը պատրաստ է ԲՀԿ-ի հետ հետագա համագործակցության, եթե ԲՀԿ-ն պահպանում է դիմադրելու, պայքարելու, ռեժիմի դեմ ելնելու այն ոգին, որը որդեգրել էր վերջին տարիներին, ինչպես նաեւ՝ պատրաստ է համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք պատրաստ են ռեժիմի դեմ իրական պայքար մղել:

Խոսելով մարտի 1-ի համաժողովրդական հանրահավաքի մասին՝ Լեւոն Զուրաբյանը նշեց, որ հանրահավաքը բացառիկ հնարավորություն է լինելու՝ ցույց տալ իշխանությանը, որ ժողովուրդը բացարձակապես չի հաշտվել ստեղծված իրողության հետ:

«Մարտի 1-ով շատ բան որոշվելու է,  կամ պետք է ռեժիմը հասկանա, որ ժողովուրդը չի հաշտվել իր հետ, կամ հասկանա, որ առանց խոչընդոտի կարող է շարունակել կեղեքումն ու հարստահարումը», — ասաց Զուրաբյանը:

Նա նշեց, որ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն անպայման մասնակցելու է մարտի 1-ի հանրահավաքին եւ շատ կարեւոր խոսք ունի ասելու:

 

 

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի պատվիրակությունը` Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, հանդիպել է ԵՄ դեսպանների հետ’
Հաջորդ հոդվածը‘Քանի դեռ Մարտի 1-ի դահիճները չեն պատժվել, զոհերի հարազատները իրավունք ունեն դժգոհելու ումից ցանկանան’