‘
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման խնդիրը կարող է ընդդիմադիր կուսակցությունների միավորման առիթ դառնալ, Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Նա հիշեցրեց, որ 2012-ին, երբ Կոնգրեսը նոր էր մտել խորհրդարան, ստիպված էր աշխատել միայն «միակողմանի» ստորագրահավաքներով, սակայն հետագայում ընդդիմադիր ուժերը միավորվեցին կոնկրետ խնդիրների շուրջ: :
Հիմա էլ, ըստ պատգամավորի, ՀԷՑ-ում տեղին ունեցած թալանը եւ դրա հետեւանքով հոսանքի թանկացման հեռանկարը կարող է նման միավորման առիթ հանդիսանալ: «Կարծում եմ, որ կյանքը ստիպելու է նորից ձեւավորել համագործակցության ձեւաչափ: Էլեկտրաէներգիայի սակագնի խնդիրը կդառնա այն փորձաքարը, որի վրա կկառուցվի համագործակցությունը», — ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ էներգամատակարարման ոլորտում Երվանդ Զախարյանի նշած թալանի համար պատասխանատու է ոչ միայն ՀԷՑ-ը, այլեւ կառավարությունն ու իշխանությունն ընդհանրապես:
«Էներգետիկայի նախարարը ճիշտ է ասել, որ թալան է եղել, սակայն այն, որ ասում է, թե չունի ապացույցներ, դա արդեն դեմագոգիա է, քանզի նույն բանն ասացին «Նաիրիտ»-ի դեպքում», — նշեց Զուրաբյանը: Նրա խոսքով, կառավարությունն ու իշխանությունները պարտավոր էին անհապաղ ուսումնասիրել թալանի մասին ունեցած տեղեկատվությունը:
«Եթե իհարկե, իրենք չեն կանգնած թալանի հետևում»,- հավելեց պատգամավորը: Զուրաբյանը կոչ արեց բոլորին՝ մասնակցել ամսի 27-ին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ անցկացվող երթին: «Հասկանում եմ, որ մեր ժողովուրդը դեռ պատրաստ չէ զանգվածաբար դուրս գալ փողոց, սակայն դա մի օր պետք է անել, ինչքան շուտ, այնքան լա:Պետք է ռեժիմին ցույց տալ, որ նրանք ամեն ինչ չեն կարող մարսել», — ասաց նա։
‘