‘Զուրաբյան. Միակ լեզվաշարադրական սխալը Ս.Սարգսյանի հեռացումը չպահանջելն է’

959

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարություններին, թե Քառյակն իր 12 կետանոց հայտարարությունում լեզվաշարադրական սխալ է թույլ տվել՝ գրելով «պահանջ» բառը:

«Միակ լեզվաշարադրական սխալը, որ Քառյակն արել է, Սերժ Սարգսյանի հեռացումը չպահանջելն է, բայց դա էլ կշտկենք իր խաթր»,- ասաց նա: Զուրաբյանը խոսել է նաեւ Քառյակի հանրահավաքի մասին՝ ասելով, որ չի բացառվում, որ ժողովրդի ընդվզման կամ վրդովմունքի մեծ ալիքի դեպքում՝ հանրահավաքն ավելի վաղ իրականացվի: «Այս իշխանության ռեակցիաներից, որ սկզբից մի բան են ասում, թե 12 կետերը կառուցողական առաջարկներ են, հետո ասում են՝ չէ, մենք սա չենք անի, հետո երրորդ բանն են ասում՝ տվայտանքի մեջ են ընկնում, տեսնում ենք, որ մեր պահանջներն իշխանությանը դրել են բավականին անհարմար վիճակում։ Նրանք հասկանում են, որ աշնանը պետք է պատասխան տան Ազատության հրապարակում հավաքված ժողովրդին: Հիստերիկ այս տվայտանքներն ու հակասական հայտարարությունները միայն դա են վկայում»,– վստահեցրեց նա:  

Մեկնաբանելով այսօր տապալված ՀՀԿ-ի քվեարկությունը՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ընդգծել է.

–Կարևոր պատմական պահ էր. առաջին անգամ ստացվեց տապալել քվեարկությունները։ Այսպիսի բան երբեք չէր եղել, որ մեծամասնությունը չկարողանա իր ուզած օրինագիծն անցկացնի։ Այսօր՝ Քառյակի երկարատև համագործակցության ընթացքից հետո, մենք հասանք նաև այս պահին։ Սա ցույց է տալիս, որ կարող ենք իրոք շատ լրջորեն պայքարել, և իրատեսական է, որ այդ համագործակցությամբ ահագին հարցեր կկարողանանք տապալել։

Լ. Զուրաբյանն ավելացրել է, որ ՀՀԿ–ն մնացել է մեծամասնության շեմի վրա։

Նախորդ հոդվածը‘Աքսել Ֆիշեր. Մենք չենք կարող մոռանալ Մարտի 1-ը (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Համլետ Գասպարյանը` նաեւ Չեռնոգորիայում դեսպան ‘