‘Զուրաբյան. Մի շարք առեւտրականներ ապրանքի 95 %-ը չեն կարողանալու ապահովել համապատասխան փաստաթղթավորմամբ’

909

ԱԺ-ում քննարկման են դրվել «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխված նախագիծը և հարակից մի շարք օրենքի նախագծերի փաթեթ:

Հիմնական զեկուցող, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին հարց ուղղեց ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ նշելով, որ իրենց դիմել են տարբեր առեւտրականներ եւ մանր ու միջին բիզնեսով զբաղվող մարդիկ, ում շահերին է առնչվում  այս օրենքը:  «Նրանք մի այսպիսի հարց են բարձրացնում. ինչո՞ւ օրենքում ըստ ոլորտների՝ տարբերակում չկա: Ոսկու, կամ շինանյութերի, կամ հագուստի առեւտրով զբաղվողները մի քիչ այլ պայմաններում են գտնվում, իրենց շատ ավելի դժվար է  փաստաթղթավորումը ապահովել, եւ, ըստ էության, նրանք ապրանքի 95 տոկոսը չեն կարողանալու ապահովել համապատասխան փաստաթղթավորմամբ, եւ բոլորը կհայտնվեն 5 տոկոսանոց ռեժիմի մեջ, ինչը նշանակում է, որ իրենց համար, ըստ էության, 3 տոկոսից կբարձրանա 5 տոկոս: Արդյո՞ք հնարավոր չէր այդ կատեգորիաների համար ինչ-որ բացառություններ անել կամ հարկման ինչ-որ այլ մեխանիզմներ գտնել»,- հարցրեց Զուրաբյանը:

Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ արդեն գործող օրենքով դրանք տարբերակված են: «Արտադրության համար մեկ ռեժիմ է, ծառայությունների համար՝ այլ»,- ասաց նա: Ոսկու, ոսկերչությամբ զբաղվողների վերաբերյալ Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ խնդրին ծանոթ են, եւ այժմ քննարկումների մեջ է այդ հարցը:
«Այդտեղ լուծումները դժվար են այն իմաստով, որ այդ ոլորտը զարգացնելու համար դեռեւս վաղուց մենք ազատել ենք ամբողջ շղթան՝ ձուլակտոր ոսկուց մինչեւ զարդեղեն՝ ազատված են ավելացված արժեքի հարկից, եւ վերջնական արտադրանքի հարկումը գնում է ավելացված արժեքի հարկով: Օրինակ, մեկը կարող է բերի 4.9 որակի որեւէ ձուլակտոր եւ դրանից ստանա 15 հատ այլ մատանի: Այստեղ բարդություններ շատ կան: Բայց սա այս կարգավորման տակ չի ընկնելու: Ոսկու առումով մենք այլ կարգավորումներ կբերենք»,- իր պատասխանի մեջ նշեց Ճշմարիտյանը:
Ինչ վերաբերում է հագուստին, Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ այդ ոլորտը եւս առանձին կարգավորում է պահանջում: «Ընդհանրապես, ոսկու եւ հագուստի ոլորտները առանձին քննարկման առարկա են»,- եզրափակեց նա:
Արձագանքելով պատասխանին՝ Լեւոն Զուրաբյանը ասաց. «Այսինքն, մենք կարող ենք արձանագրել, որ սրանք վերջնական լուծումներ , եւ այդ ոլորտներում դուք շարունակում եք աշխատել եւ նոր տարբերակներ շատ արագ կներկայացնենք: Մենք էլ, բնականաբար, կհետեւենք»:

Նախորդ հոդվածը‘Պայթյուն Քաբուլում Իրանի դեսպանատան մոտ’
Հաջորդ հոդվածը‘Մեծ Այրումի ավագանին «կանաչ լույս վառեց» նոր պոչամբարի կառուցման համար’