‘Զուրաբյան. Ոչ իշխանական ուժերը ութ քաղաքներում հանրահավաքներ կանցկացնեն’

1600

Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որին մասնակցում էին «Հայ ազգային կոնգրես», «Բարգավաճ Հայաստան» եւ «Ժառանգություն» խմբակցությունների, այդ թվում՝ նաեւ եռակողմ հատուկ ստեղծված շտաբի ներկայացուցիչները, որտեղ Կոնգրեսի ներկայացուցիչը Ավետիս Ավագյանն էր, քննարկվել են հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքի կազմակերպման հետ կապված խնդիրներ: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նա հավելեց, որ հանդիպման ժամանակ քննարկվել են նաեւ հանրահավաքում քաղաքական օրակարգի եւ ներկայացված պահանջների, ինչպես նաեւ հոկտեմբերի 10-ին սկսվող քաղաքական գործընթացի կառուցման վերաբերյալ հարցեր: «Որոշվել է, որ մինչեւ հոկտեմբերի 10-ը հանրահավաքներ կանցկացվեն նաեւ Հայաստանի թվով ութ քաղաքներում: Ստեղծվել են միասնական կառույցներ, որոնք կզբաղվեն տեղեկատվության տարածման խնդիրներով»,- նշեց Լեւոն Զուրաբյանը:

Նրա խոսքով՝ բավականին լուրջ առաջընթաց է գրանցվել՝ կապված համատեղ քաղաքական օրակարգի մշակման հետ: «Այն ուղղված է լինելու Հայաստանում իրական ժողովրդավարության հաստատմանը եւ արմատական փոփոխությունների իրականացմանը: Իհարկե, վերջնական որոշումները դեռեւս չկան, սակայն փոխըմբռնման մթնոլորտում գործը շատ արագ առաջ է գնում»,- ասաց ՀԱԿ ղեկավարը՝ հավելելով, որ հանրահավաքի կազմակերպման համար հատուկ ստեղծված եռակողմ շտաբը մոտ ապագայում կհրապարակի մարզային այցելությունների ժամանակացույցը: 

Նախորդ հոդվածը‘«Բաստիայի» հարձակվող Բրանդաոն որակազրկվել է 6 ամսով’
Հաջորդ հոդվածը‘Չավի. «Մեսսիի տեղափոխությունը դավաճանություն կհամարվեր»’