‘Զուրաբյան. Սահմանադրական փոփոխություննե՞ր, թե՞ Սահմանդրափոխություն՝ հանուն իշխանության. Ամբողջական տարբերակ’

1006

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ «Ժառանգությունը» Սահմանադրական փոփոխությունների նապատակահարմարության քննարկմանը նվիրված համաժողով էր կազմակերպել, որի ժամանակ ելույթ էր ունեցել նաեւ Հայ ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:

Ստորեւ ներկայացնում ենք Զուրաբյանի ելույթի ամբողջական՝ գրավոր տարբերակը:

«Համաժողովի հարգելի մասնակիցներ

1947 մարտի 24-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսը քննարկման ընդունեց, իսկ փետրվարի 27-ին վավերացրեց հայտնի 22-րդ Սահմանդրական փոփոխությունը, որը որեւէ նախագահի համար ավելի քան երկու անգամ ընտրվելու արգելք հաստատեց: Թեեւ Ֆրանկլին Դելանո Ռուզվելթը՝ ԱՄՆ միակ նախագահը, որը երկուսից ավելի անգամ ընտրվել էր այդ պաշտոնում, այդ ժամանակ արդեն մեռած էր եւ անգամ տեսականորեն չէր կարող ավտորիտար անձնական իշխանության հաստատման վտանգ ներկայացնել, ամերիկացի կոնգրեսմենները որոշեցին այս նորամուծությամբ երաշխավորել ժողովրդավարական ազատությունները երկարատեւ անձնական իշխանության ՝ ավտորիտարիզմի վերածվելու անխուսափելի վտանգից: Սույն սահամանդրական նորմը այնուհետեւ օրինակ դարձավ նախագահական սահմանդրություն ունեցող աշխարհի բոլոր ժողովրդավարական երկրների համար: Մի քիչ ձեւափոխված, արգելելով որեւէ անձի «ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության Նախագահի պաշտոնում», այդ նորմը տեղ է գտել նաեւ մեր Սահմանադրության 50-րդ հոդվածում:

Եթե ՀՀ սահամադրությունը չփոփոխվի, ապա գործող նախագահը առնվազն 2018 թվականից ի վեր՝ այլեւս չի կարողանա պաշտոնավարել որպես նախագահ: Նման իրավիճակը մեզ ստիպում է շատ ուշադիր լինել Սերժ Սարգսյանի առաջակած՝ Սահմանադրությունը փոփոխելու որեւէ նախաձեռնության նկատմամբ, հատկապես՝ եթե առաջարկվող փոփոխությունների արդյունքում փոխվում է կառավարման մոդելը, իսկ վերոհիշյալ նորմը վերանում է:

Նման պարագայում ամենակարեւոր հարցը հետեւյալն է. արդյո՞ք առաջարկված սահմանադրական փոփոխությունները պատճառաբանված են, հիմնավորված եւ նպատակահարմար: Հարցին պատասխանելու համար նախ ճշտենք, թե ինչ է մեզ առաջարկվում, իսկապե՞ս ընդամենը սահմանադրական փոփոխություններ, թե՞ իրականում՝ նոր սահմանադրություն: Այստեղ ստիպված ենք բացահայտել Սերժ Սարգսյանի ռեժիմի կողմից առաջարկվող առաջին բլեֆը: Սահմանադրական փոփոխությունների տակ մեզ փորձում են մատուցել լրիվ նոր սահմադրություն, որի հիմքում ընկած է կառավարման լրիվ այլ՝ խորհրդարանական մոդել: Բնականաբար, հարց է ծագում, արդյո՞ք Հայաստանը նման արմատական եւ կտրուկ շրջադարձի կարիք ունի: Փորձենք, նախեւառաջ, հարցը դիտարկել սահմանադրությունների փոփոխման պատմության եւ միջազգային փորձի տեսակետից.

1`Ի՞նչ են հուշում պատմությունը եւ միջազգային փորձը:

Պատմության մեջ առաջին ժամանակակից ժողովրդավարական սահմանդրությունն է ԱՄՆ սահմանդրությունը: Այն վավերացվել է 1788 թվականին՝ Ամերիկյան մեծ հեղափոխությունից եւ Մեծ Բրիտանիայից անկախացումից հետո: Դրանից հետո այն 27 անգամ փոփոխվել է: Այստեղ կարեւոր է այն հանգամանքը, որ այդ փոփոխությունները չեն վերաբերել կառավարման մոդելին, այլ լուծել են մարդու իրավունքների ամրապնդման, հնարավոր ճգնաժամների լուծման եւ այլ հարցեր, օրինակ՝ ստրկության վերացում, ալկոհոլի արգելում, այնուհետեւ՝ կրկին օրինականցում եւ այլն: Հետեւաբար, ամերիկացիք գործ են ունեցել ոչ թե սահմանադրական կառավարման մոդելի փոփոխության հետ, ինչը կնշանակեր սահմանադրության փոխարինում մի նոր սահմանադրությամբ, այլ գործող մոդելը բարելավող սահմանադրական փոփոխությունների: Մինչդեռ այն, ինչով այսօր զբաղված է Սերժ Սարգսյանի ռեժիմը,  փորձ է՝ սահմանադրական փոփոխությունների շղարշի ներքո իրականացնել կառավարման մոդելի փոփոխություն, այսինքն՝ գործող Սահմանադրությունը փոխարինել մեկ այլ սահմանադրությամբ, ինչն ավելի ճիշտ կլիներ անվանել նոր սահմանադրության ընդունում:

Հասկանալու համար, թե ինչու՞ է սա մեզ համար կարեւոր, մեջբերեմ բրիտանացի հռչակավոր քաղաքագետ եւ պատմաբան Նայել Ֆերգյուսոնի «Քաղաքակրթություն» գրքից մի դրվագ: Համեմատելով Ջորջ Վաշինգթոնի եւ Սիմոն Բոլիվարի ղեկավարած երկու մեծ ամերիկյան հեղափոխությունների արդյունքները՝ Ֆերգյուսոնը գրում է.«Ոչինչ ավելի լավ չի ընդգծում այս երկու Ամերիկյան հեղափոխությունների կոնտրաստը, քան Միացյալ Նահանգների մեկ սահմանդրությունը՝ փոփոխելի, բայց անփոխարինելի, եւ Վենեսուելայի մեկ անգամվա օգտագործման 26 սահմանդրությունները: Միայն Դոմինիկյան Հանրապետությունն է, որ ավելի շատ սահմանադրություն է ունեցել անկախությունից ի վեր (32 սահմանադրություն), Հայիթին եւ Էկվադորը երրորդ ու չորրորդ տեղերում են՝ համապատասխանաբար 24 եւ 20 սահմանադրություններով»:

Հարցն իսկապես կարեւոր է. մենք ընդամենը հարստացնում ենք մեր ունեցած սահմանդրությունը որոշակի փոքր փոփոխություններո՞վ (amendments), թե՞ ամեն նոր իշխանության քմահաճույքով ընտրում ենք մի նոր կառավարման մոդել՝ փոխարինելով մեր սահմանադրությունը մեկ անգամվա օգտագործման մեկ այլ սահմանադրությամբ՝ ադպիսով բռնելով «բանանային հանրապետություների» ճամփան:

Կարող եք, իհարկե, ժողովրդավարության մեկ այլ ամրոցի՝ Ֆրանսիայի օրինակը բերել եւ հարցնել. ինչպե՞ս պատահեց, որ Ֆրանսիան հինգ սահմանադրություն ունեցավ, եւ, ըստ այդմ՝ հինգ պատմական հանրապետություն: Հարցի ավելի մանրազնին ուսումնասիրությունը, սակայն, ցույց է տալիս, որ բոլոր այդ նոր սահմանադրությունները ստեղծվել են արյունալի հեղափոխությունների եւ օտարերկրյա ուժերի կողմից պարտադրված ջախջախիչ պարտությունների ու օկուպացիաների հետեւանքով պետական կառավարման ինստիտուտների քայքայումից հետո (Առաջին հանրապետությունը 1792-ին` Մեծ Ֆրանսիական հեղափոխությունից, Երկրորդը՝ 1848 թվականին՝ միապետության տապալումից, Երրորդը՝ 1875-ին պրուսական օկուպացիայից եւ Կոմունայի հեղափոխությունից, Չորրորդը՝ 1946-ին գերմանական օկուպացիայից եւ վիշիզմից, հինգերորդը՝ 1959-ին Ֆրանսիական կայսրության փլուզումից եւ Ալժիրյան աղետից հետո): Ֆրանսիայի վերջին գործող Սահամանդրությունը, որն, ի դեպ, նախատիպ է ծառայել մեր Սահմանադրության համար, նույնպես ենթարկվել է պարբերական փոփոխությունների, որոնք որեւէ կերպ չեն ազդել կառավարման կիսանախագահական մոդելի վրա:

Նույն պատկերը տեսնում ենք կոմունիզմից ազատված Արեւելյան Եվրոպայի նոր ժողովրդավարական երկրների պարագայում, որոնք մեկ անգամ ընդունել են ետխորհրդային սահմանադրություն եւ այլեւս այն չեն փոխել (Ռումինիան` 1991 թվականին, Բուլղարիան`1991-ին, Չեխական Հանրապետությունը`1992-ին, Լեհաստանը` 1997-ին եւ այլն): Ռուսաստանը նույնպես 1993-ին որդեգրեց կիսանախագահական մոդելը եւ դրանից հետո այն այլ սահմանադրությամբ չի փոխարինել: Իսկ եթե բերեք Հունգարիայի օրինակը, որն ընդամենը 2011-ին նոր սահմանադրություն ընդունեց, ապա նորից պարզվում է, որ սա Հունգարիայի առաջին ետխորհրդային սահմանադրությունն է: 

Գլխավոր եզրակացությունը միջազգային փորձի ուսումնասիրությունից հետեւյալն է. ժողովրդավարական երկրները նոր սահմանադրություն ընդունում են մեկ անգամ եւ նրա հիմքում ընկած կառավարման մոդելը չեն փոխում՝ մեկընդմիշտ հաստատելով խաղի կանոնները քաղաքական վերնախավի համար: Կառավարման որեւէ մոդելի ընտրությունը ինքնին չի նշանակում ավելի շատ կամ ավելի քիչ ժողովրդավարություն, սակայն ընտրված մոդելի հարատեւումը եւ բարելավումը խորացնում է ժողովրդավարությունը եւ նպաստում ժողովրդավարական ավանդույթների կուտակմանը: Կառավարման մոդելի պահպանումը թույլ չի տալիս որեւէ իշխող ուժի` օգտագործել սահմանադրափոխությունը սեփական իշխանությունը ամրապնդելու կամ երկարացնելու նպատակով: Կառավարման սահմանադրական մոդելի փոփոխման ցանկացած փորձ գործող իշխանությունների կողմից, ըստ էության, փորձ է՝ ազատվել իրենց իշխանության հավերժացմանը խոչընդոտող սահմանադրական երաշխիքներից, ինչը խարխլում է ժողովրդավարական ինստիտուտների անսասանելիության ընկալումը եւ կիրառվում է միայն «ֆասադային ժողովրդավարությամբ» երկրներում: 

2`Ի՞նչ են հուշում Հայաստանի պատմությունը եւ փորձը:  

Հայաստանը կառավարման սահմանադրական մոդելը որոշելիս անցել է շատ լուրջ քաղաքական գործընթացով: Եղել են ազատ եւ բովանդակալից բանավեճեր կիսանախագահական եւ խորհրդարանական համակարգերի կոմնակիցների միջեւ: Այս բանավեճում Հայ Ազգային Կոնգրեսի դիրքորոշման հիմքում ընկած է այն տեսակետը, որը 1994 թվականի հունիսի 13-ին խորհրդարանի արտահերթ նիստում արտահայտել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը.

«Նախագահական կամ խորհրդարանական համակարգերից մեկի նախընտրումը իրականում կապված է ոչ թե ազգային կամ հոգեբանական գործոնների, այլ պետական ավանդույթների, քաղաքացիական հասարակության զարգացման մակարդակի, ժողովրդավարական ինստիտուտների ձեւավորման աստիճանի հետ։ Ուստի հարցի քննարկումը կարող է իմաստալից դառնալ միայն այս տեսանկյունով եւ միասնական մեթոդոլոգիական ելակետ սահմանելու պայմանով։

Իսկ այդ միասնական տեսակետն, իմ կարծիքով, հանգում է հետեւյալին. պետականության եւ հասարակության զարգացման կոնկրետ կտրվածքում կառավարման նախընտրելի համակարգը որքանով է ի վիճակի ապահովելու օրենսդիր եւ գործադիր իշխանությունների արդյունավետ ու անխափան գործունեությունը, եւ երրորդ՝ դատական իշխանության անկախությունը…

Ոչ ոք չի կարող ժխտել, իհարկե, խորհրդարանական համակարգի կենսունակությունը, սակայն ոչ ոք չի կարող ժխտել նաեւ, որ խորհրդարանական համակարգը կենսունակ է միայն այն պետություններում, որտեղ պատմականորեն ձեւավորված են մեկ կամ առավելագույնը երկու‑երեք լուրջ, զանգվածային կուսակցություն, որոնցից յուրաքանչյուրն ընդունակ է կազմել խորհրդարանական մեծամասնություն եւ դրա շնորհիվ ապահովել կառավարության արդյունավետ գործունեությունը։ Իսկ խայտաբղետ, բազմակուսակցական խորհրդարանների ընտրության դեպքերում խորհրդարանական համակարգը հանգեցնում է թույլ կոալիցիոն կառավարությունների ձեւավորմանն ու հարատեւ ներքին ցնցումների, որոնք շատ հաճախ ավարտվում են պետական հեղաշրջումներով եւ բռնատիրությամբ, կամ ոչ հազվադեպ՝ նաեւ օտար միջամտությամբ»։

1991-1995 թվականներին երկուստեք բերվել են փաստարկներ, եւ ժողովրդավարական բովանդակալից գործընթացում հաղթել է սահմանադրության կիսանախագահական մոդելը: Թե՛ 1788 թվականին Միացյալ Նահանգներում, թե՛ 1959 թվականին Ֆրանսիայում եղել են այլ կառավարման մոդելների կողմնակիցներ: Նրանք այսօր էլ կան: Ոչ մեկի մտքով, սակայն, չի անցնում վերսկսել արդեն ավարտված բանավեճը, առավել եւս, որ համապատասխան սահմանադրությունները ապացուցել են ճգնաժամային իրավիճակներ կարգավորելու իրենց կարողությունը: Հայաստանի Սահմանադրությունը նույնպես ապացուցել է իր կենսունակությունը եւ, ամենակարեւորը, ճգնաժամային վիճակներ հաղթահարելու կարողությունը թե՛ 1998 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից, թե՛ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ԱԺ նախագահի եւ վարչապետի սպանություններից հետո առաջացած խորը ճգնաժամից հետո, փաստ, որ ընդունում են նույնիսկ Տեր-Պետրոսյանին այդ Սահմանադրության համար քննադատած ամենաթունդ հակառակորդները:

3` Արդյո՞ք կառավարման մոդելը որեւէ կերպ կապված է երկրի քաղաքական եւ սոցիալ-տնտեսական համակարգի արատների եւ ճգնաժամի հետ:

Հայաստանի քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ճգնաժամը, ընտրակեղծարարությունն ու կոռուպցիան  պայմանավորված չեն կառավարման սահմանադրական մոդելով: Աշխարհում բազմաթիվ երկրներ հաջողությամբ կիրառում են այդ մոդելը՝ լինելով ժողովրդավարական (Ֆրանսիա, Ռումինիա, Պորտուգալիա, Թայվան եւ այլն): Վերոհիշյալ ելույթում Լեւոն Տեր-Պետրոսյանը նշում է. «Ժողովրդավարության հիմունքներով՝ նախագահական եւ խորհրդարանական համակարգերի հակադրումը պետք է համարել ի բնե սխալ եւ մերժելի։ Պետության ժողովրդավարության չափանիշը ոչ թե կառավարման համակարգի նախագահական կամ խորհրդարանական բնույթն է, այլ այն հանգամանքը, թե այդ վարչաձեւերը հաստատվել են ազատ ընտրությունների միջոցով, թե՝ ոչ։ Ժողովրդավարության էությունը, վերջին հաշվով, ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ ազատ ընտրություններ, որոնց միջոցով ժողովուրդը հնարավորություն ունի եթե ոչ՝ ընտրելու անպայման լավ իշխանություններ, ապա գոնե ազատվելու վատ իշխանություններից»։

Եւ իսկապես, եթե լինեին ազատ եւ արդար ընտրություններ, ընտրված իշխանություններ, խորհրդարանը, արտահայտելով ժողովրդի նախապատվությունները, ավելի բալանսավորված կլիներ, ինչպես նաեւ բալասի դեր կխաղար նախագահի նկատմամբ: Քաղաքակական վերնախավի մրցակցող խմբերի փոխադարձ վերահսկողությունը էապես կնվազեցներ կոռուպցիան, կվերականգնվեր ժողովրդի հավատը պետական իշխանության ինստիտուտների նկատմամբ, Հայաստանը կբռներ զարգացման ուղին, կհաղթահարվեր արտագաղթը: Երկրի արատները, ե՛ւ սոցիալ-տնեսական, ե՛ւ քաղաքական ճնաժամը, այսպիսով, ոչ մի կերպ կապված չեն կառավարման համակարգի հետ:

4` Արդյո՞ք սահմանադրական փոփոխությունների համար կա քաղաքական եւ հասարակական պահանջարկ:

Այս հարցին պատասխանելու համար բավարար է ուղղակի հետեւել երկրի հիմնական քաղաքական ուժերի հայտարարություններին: Լսենք, թե ինչ է այդ կապակցությամբ ասում Սերժ Սարգսյանը 2014 թվականի ապրիլի 10-ին. «Ինչ վերաբերում է պետության կառավարման ձևին, ապա այս հարցում իմ մոտեցումը հայտնի է, և ես առիթ եմ ունեցել այդ կապակցությամբ արտահայտվել, որ մեր երկրի համար, գոնե թե զարգացման ներկա փուլում, գործող կառավարման մոդելն առավել ընդունելին է»: Լսենք Հանրապետական կուսակցության մեկ այլ առաջնորդի` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին. «Ես պահպանողական մարդ եմ և ուզում եմ, որ ինչ ունենք՝ պահպանվի: Ես  նախագահական համակարգի կողմնակից եմ,  բայց եթե ողջ քաղաքական ուժերը կամ հասարակության մեծ մասը գտնի, որ կառավարման համակարգը պետք է փոխել, ապա մենք կգնանք դրան» (սեպտեմբերի 1, 2014)։ Տարբեր պատճառաբանություններով դեմ են առաջարկված սահմանադրափոխությանը ԲՀԿ-ն եւ Ժառանգությունը: Հայ Ազգային Կոնգրեսը սահմանադրափոխությանը կտրականապես դեմ է: Անգամ Դաշնակցությունը կողմ է խորհրդարանական համակարգին անցնելու ներկայացված առաջարկին միայն լուրջ վերապահումներով:

Ստացվում է, որ Սերժ Սարգսյանը նախաձեռնել է մի սահմանադրափոխություն, որը չունի քաղաքական անհրաժեշտ աջակցություն երկրում, պահանջված չէ քաղաքական ուժերի եւ հասարակության կողմից եւ իրականացվում է միայն մեկ նպատակով` վերացնել իր անձնական իշխանության վերատադրման սահմանադրական արգելքը:

5` Ամփոփելով ասվածը՝ արձանագրում ենք, որ

ա`Հայաստանը չի գտնվում հասարակարգային փոփոխության կամ հեղափոխության արդյունքում առաջացած սահմանդրական վակուումի մեջ, քանի որ լուծել է սահմանադրության ընդունման հարցը 1991-1995 թվականներին

բ՝ Հայաստանը չի ենթարկվել կործանարար ագրեսիայի կամ օկուպացիայի, չի կրել այնպիսի ջախջախիչ պարտություն պատերազմում, որի հետեւանքով ավերվել են նրա պետական ինստիտուտները

գ՝ Գործող Սահմանադրության մեջ չկան ակնհայտ խութեր, որոնց պատճառով հնարավոր են անկառավարելի սահմանադրական ճգնաժամեր

դ՝ Չկա սոցիալ-տնտեսական զարգացման, կոռուպցիայի եւ ընտրակեղծարարության հաղթահարման հետ կապված հարց, որ պահանջում է կառավարման սահմանադրական նոր մոդելի որդեգրում

ե՝ Չկա ոչ քաղաքական,ոչ էլ  հասարակական պահանջ՝ սահմանադրափոխության համար

զ՝ Չկան միջազգային կառույցների, մանավորապես՝ ԵԽԽՎ-ի կամ Վենետիկի հանձնաժողովի կողմից ձեւակերպված պահանջներ` փոխելու սահմանադրական կառավարման մոդելը:

Սահմանադրական փոփոխությունների, իսկ իրականում՝ նոր Սահմանադրության ընդունման  համար Հայաստանում, հետեւաբար, որեւէ հիմք չկա: Միակ մոտիվը, թե ինչո՞ւ է ռեժիմը նախաձեռնել այս ռեֆորմը՝ Հայաստանում խորհրդային համակարգի վերկանգնումն է, ինչը թույլ կտա Սերժ Սարգսյանին, ստանձնելով Հանրապետական կուսակցության Գլխավոր քարտուղարի եւ Հայաստանի Ազգային Պահպանողական Հանրապետության /ՀԽՍՀ-ն կփոխարինվի ՀԱՊՀ-ով/ Գերագույն Խորհրդի նախագահի պաշտոնը, հավերժ իշխել Հայաստանում:

Եւ սա ուղիղ այն է, ինչ որ մենք երբեք թույլ չենք տա»:

 

Նախորդ հոդվածը‘Այսօր հայտնի կդառնա Քառյակի հանրահավաքի օրը’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը տնային կալանքի է ենթարկվել’