‘Զուրաբյան. Սեյրան Օհանյանի հետ զրույցի արդյունքում հստակեցվել են սահման մեկնելու հետ կապված դետալները’

1898

ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը խորհրդարանականների պատվիրակության` սահմանամերձ գոտի մեկնելու հարցով հեռախոսազրույց է ունեցել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել ԱԺ խմբակցությունների եւ ՊՆ ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քնարկվել են սահմանամերձ գոտիներ մեկնելու` նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության մանրամասները: Ընդ որում Կոնգրեսի խմբակցությունը խորհրդակցությանը մասնակցելու հրավեր չի ստացել:

iLur.am-ի հետ զրույցում խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ իրավիճակի մեջ հստակություն մտցնելու նպատակով կապ է հաստատել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: «Նախարարի հետ զրույցի արդյունքում բոլոր հարցերը կարգավորվել են, քննարկվել են այցի դետալները, եւ համաձայն օգոստոսի սկզբին ձեռք բերված պայմանավորվածության,  դեպի սահմանային գոտի վաղվա այցին կմասնակցի նաեւ Կոնգրեսի խմբակցությունը», — ասաց Լեւոն Զուրաբյանը:

Նա նշեց նաեւ, որ այս ընթացքում Գալուստ Սահակյանը նույնպես կապ է հաստատել իր հետ եւ հրավիրել է հանդիպման:

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին ԱԺ բոլոր խմբակցությունները հանդես եկան հայոց բանակին և զինվորներին աջակցելու միասնական հայտարարությամբ, ինչպես նաև որոշվեց խմբակցությունների ղեկավարների համատեղ այցով մեկնել ճակատի գիծ և հանդիպումներ անցկացնել հայրենիքի պաշտպանության գործով զբաղված զինվորների և հրամանատարական կազմի հետ: Օգոստոսի 7-ին, սակայն, հայտնի դարձավ, որ ի փոփոխություն ձեռք բերված պայմանավորվածության՝ պետք է տեղի կունենա ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցը դեպի շփման գիծ և ԱԺ խմբակցությունների ղեկավարները հրավիրվում են մաս կազմել նրա պատվիրակությանը: Կոնգրեսի խմբակցությունը հրաժարվեց մասնակցել Հովիկ Աբրահամյանի «գլխավորած» այցելությանը` նշելով, որ այցելության ձևաչափի փոփոխությունը նպատակ ունի Աբրահամյանի քարոզչությունն անել:  

Նախորդ հոդվածը‘«Ընկել են էժանի հետեւից». Պետությունը էպիլեպսիայով հիվանդներին անորակ դեղեր է մատակարարում’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ ԱԳՆ-ն վերջապես արձագանքեց եզդիների պահանջին’