‘Զուրաբյան. Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացը չի կարելի անլրջացնել’

1623

Սերժ Սարգսյանի պաշտոնանկության բոլոր հիմքերը առկա են, բայց այդ գործընթացը չի կարելի անլրջացնել տարօրինակ իրավաբանական հիմնավորումներով եւ առանց նախապատրաստելու քաղաքական ուժերի աջակցությունը՝ գոնե հարցը քննարկման հասցնելու համար: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» որոշման նախագիծը օրակարգում ընդգրկելու մասին հարցին:

«2011 թվականի նոյեմբերի 25-ին Հայ ազգային կոնգրեսը՝ նախագծի հեղինակի մասնակցությամբ, Ազատության հրապարակում ընդունել է Սերժ Սարգսյանի պաշտոնանկության իրավաքաղաքական հիմքների հռչակագիրը, եւ հասկանալի չէ, թե ինչու՞ է պատգամավորը, առանց ԱԺ խմբակցությունների եւ, առաջին հերթին՝ իր խմբակցության հետ քաղաքական կոնսուլտացիա անցկացնելու, շեղվել հռչակագրի դրույթներից եւ ներկայացրել բոլորովին այլ բան:

«Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը, քանի որ գործընթացը ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական առումով նախապատրաստված չէ, եւ նման թույլ փաստաթղթին աջակցելը մեծ նվեր կլիներ Սերժ Սարգսյանի համար՝ ստեղծելով տպավորություն, թե իբր պաշտոնանկության որեւէ լուրջ հիմք չկա»,- նշեց Լեւոն Զուրաբյանը: 

Նախորդ հոդվածը‘«Ռեալը» հաղթեց Անչելոտիի համար հոբելյանական խաղում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մարչելո Լիպին` Հենրիխ Մխիթարյանի մասին’