‘Զուրաբյան.Սերժ Սարգսյանի պաշտոնանկության իրավաքաղաքական հիմքերին ավելացավ եւս մեկ հիմք’

1913

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԺ-ն արտահերթ նիստով քննարկում է գազի վերաբերյալ հայտնի համաձայնագրերը: Նիստի ընթացքում ունեցած իր ելույթում Հայ ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նշեց, որ քննարկվող փաստաթուղթը ոչ մի քննադատության չի դիմանում:

Ստորեւ ձեզ ենք ներկայացնում Լեւոն Զուրաբյանի ելույթն ամբողջությամբ:

 

Մեր քննարկման է ներկայացված է «ՀայՌուսգազարդի» Հայաստանի պետական բաժնեմասի վաճառքի մասին մի համաձայնագիր, որը որեւէ քննադատության չի դիմանում մի շարք պատճառներով:

1. Մեզ առաջարկում են հետին թվով օրինականացնել Հայաստանի իշխանության կողմից կատարված  անօրինական եւ դավաճանական գոծարքը, որի մասին մենք արդեն բազմիցս խոսել ենք: Հայաստանի իշխանությունները 2011 թվականից ի վեր, երեք տարի շարունակ թաքցրել են այն հանգամանքը, որ դե ֆակտո բարձրացել է Հայաստան ներմուծվող ռուսական գազի գինը։ Այդ բանը այժմ փորձում են արդարացնել նրանով, որ, իբր, այդ ամբողջ ընթացքում Ռուսաստանի հետ նաեւ բանակցություններ են ընթացել գազի գնի շուրջ։ Արդարացումներն անհեթեթ են, քանի որ հենց այդ ընթացքում երկու անգամ փոխվել, ավելացել է գազի մատակարարման մեծածախ գինը՝ դառնալով նախ 240, ապա՝ 280 դոլար` 1000 խ/մ-ի դիմաց, ինչը նշանակում է, որ բանակցությունները տեղի են ունեցել միայն Հայաստանի իշխանությունների ուղեղների մեջ, մինչդեռ Ռուսաստանի համար տեղի ունեցել միայն գնի բարձրացում՝ Հայաստանի իշխանությունների համաձայնությամբ։ Հայաստանի իշխանությունների համաձայնությամբ գազի գնի այդ բարձրացումը գաղտնի է պահվել ոչ միայն հասարակությունից, այլեւ Ազգային ժողովից։ Կառավարությունը չի խորշել անգամ Պետական բյուջեի մասին 2011, 2012, 2013թթ. օրենքների բացահայտ խախտումից եւ առանց ԱԺ որոշման, գաղտնաբար կուտակել է պետական պարտք, որի մարման համար, նորից առանց ԱԺ որոշման եւ պետական գույքի մասնավորեցման ցուցակի մեջ ընդգրկելու՝ նախատեսել էին «ՀայՌուսգազարդի» Հայաստանի 20 տոկոսանոց բաժնեմասի վաճառքը Գազպրոմին: ՀՀ սահմանադրության, ՀՀ Բյուջեի մասին եւ Պետական գույքի մասնավորեցման մասին օրենքների կոպտագույն խախտումներով կատարված այս գործարքը ծառայել է միայն մեկ նպատակի՝ հետաձգել գազի բարձրացման պատաճառով անխուսափելի սոցիալական դժգոհությունները 2012-2013 ընտրական ցիկլից հետո եւ քարոզչական բարենպաստ ֆոն ստեղծել իշխանության ապօրինի վերարտադրման համար։ Սա այլ կերպ, քան պետական դավաճանություն անվանել հնարավոր չէ:  Ուստի, որեւէ պատգամավոր, ով քվեարկի այս համաձայնագին կողմ, առաջին հերթին իր վրա է վերցնում այս հանցավոր գործարքի հետին թվով օրինականցման եւ պարտակման պատասխանատվությունը:

2. Այս համաձայնագրի վավերացման արդյունքում Գազպրոմն, ըստ էության, դառնում է պետություն Հայաստանի պետության մեջ: Հայաստանի Հանրապետությունը այլեւս չի կարողանա որեւէ օրենք կամ իրավական ակտ ընդունել, որը կընկալվի որպես հակասող Գազպրոմի շահերին: Հայաստանի կառավարությունը այլեւս չի կարող ազդել «ՀայՌուսգազարդի» որոշումների վրա, չի կարող անգամ, ինչպես ի զարմանս եւ հուրախություն ինձ, նշեց խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը, վերահսկել «ՀայՌուսգազարդի» ծախսերը, որի իրավունքը մինչեւ հիմա ուներ: Սա նշանակում է, որ այլեւս, անկախ նրանից, թե ինչպիսինը կլինի գազի գինը Վրաստանի եւ Հայաստանի սահմանին, Գազպրոմը ստանում է ոչնչով չսահմանափակվող իրավունք՝ կամայականորեն բարձրացնել գազի գինը Հայաստանի սպառողների համար: Առաջին քայլը արդեն տեսնում ենք. թեեւ գազի առաջարկվող գինը սահմանի վրա 189 դոլար է, ընդամենը 9 դոլար ավելի թանկ, քան 2010-ին, սպառողները գազի համար կվճարեն 60 դոլար ավելի: Ի դեպ, որ ասում են Ռուսաստանը մեր գործադրած ջանքերի արդյունքում իր վրա է վերցրել պարտքի կեսը, ուղղակի ծիծաղելի է: Իրականում, նոր պայմաններով «ՀայՌուսգազարդը» այնպիսի գերշահույթ ունի՝ համեմատած 2010 թվականի հետ, որ շատ արագ այդ գումարը կփոխհատուցվի:  Հիմա ամբողջ աշխարհին ներկայացնելու են, որ Հայաստանին վաճառում են ամենաէժան գազը, իրականում մեր սպառողները գնելու են միգուցե ամենաթանկ գազն աշխարհում: Հօգուտ Գազպրոմի պատրաստ են ոտնահարել Հայաստանի օրենքները եւ ընթացակարգերը, ինչի մասին անգամ հատուկ դրույթներ կան համաձայնագրի տեքստում: Գազպրոմը, ըստ էության, հայտարարվում է օրենքից վեր, անձեռնմխելի մի կառույց, որն այսուհետեւ թելադրելու է իր կանոնները  Հայաստանի պետությանը եւ քաղաքացիներին: Ամենաամոթալին այն է, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են Ռուսաստանի եւ Գազպրոմի թելադրանքները կատարելու նպատակով անգամ պետական ինստիտուտները վերածել դակիչի, ինչը տեղի ունեցավ մեր աչքերի առաջ, երբ անգամ Սահմանադրական դատարանին պարտադրեցին հապշտապ որոշումներ ընդունել՝ ոտնահարելով սեփական ընթացակարգերը:

3. Այս համաձայնագրի վավերացման դեպքում մենք կորցնում ենք այլընտրանքը: Իրանի կամ, Ղարաբաղի խնդրի կարգավորումից հետո, Ադրբեջանի գազը գնելու հնարավորությունները այլեւս կարելի է փակված համարել: Իմ այն առարկությանը, որ հնարավոր չէ գազ գնել Իրանից, եթե գազատարը եւ գազի բաշխիչ ցանցը գտնվում է Գազպրոմի ձեռքում, նախարար Մովսիսյանը պատասխանեց, որ իրականում Գազպրոմը պարտավոր է տրամադրել գազատարն ու ցանցը՝ այլ երկրներից ձեռք բերված գազի մատակարարման համար: Բա եթե այդպես է, ինչո՞ւ այդ պարտավորության մասին ոչինչ ասված չէ ներկայացված փաստաթղթում, որը իրականում վերածված է Հայաստանյան կողմի պարտավորությունների երկարաշունչ եւ նվաստացուցիչ ցուցակի:

4. Էլեկրաէներգիայի մասին: Հայտնի է, որ ՀԷԿ-երի եւ ատոմակայանի հետ համեմատած՝ գազի վրա աշխատող էլեկտրակայանները ամենաթանկն ինքնարժեք ունեցող էլեկտրականությունն են ապահովում: Հիմա պարզվում է, որ հայկական կողմը պարտավորվում է ապահովել «ՀայՌուսգազարդի» էլեկտրական էներգիան արտադրող հզորությունների առավելագույն բեռնվածությունը: Սա ի՞նչ է նշանակում: Սա նշանակում է, որ մենք պետք է հրաժարվենք ավելի էժան այլընտրանքերից՝ հոգուտ գազով արտադրվող էլեկտրաէներգիայի, ինչ է որ հագուրդ տանք Գազպրոմի ախորժակներին: Պատահական չէ, որ մեջբերելով գազի թանկացումը՝ լույսի գինը 30 դրամից բարձրացրին 38 դրամի, բայց գազի գնի էժանացումից հետո լույսի գինը մնալու է նվաճված բարձունքի վրա: Սա ի՞նչ է, եթե ոչ Հայասատանի սպառողների թալան՝ հօգուտ Գազպրոմի, որը մեզ Հայաստանի իշխանությունները փորձում են մատուցել որպես գազի գնի նվազեցման մեծագույն նվաճում:

Սա իրականում՝ Գազպրոմի շահերի պաշտպանության եւ երաշխավորման խարտիա է՝ ի հաշիվ Հայաստանի ժողովրդի: Հայաստանի իշխանությունները ոտնահարել են մեր պետության ինքնիշխանությունը, սեփական քաղաքացիների իրավունքները եւ շահերը

Ինչո՞ւ են այդպես վարվել.

1.Կամ ունեն անձնական շահ եւ դարձել են դարի կոռուպցիոն գործարքի մի մաս

2. Կամ լինելով ոչ լեգիտիմ, սեփական ժողովրդի կողմից չընտված նախագահ՝ Սերժ Սարգսյանը եւ նրա կառավարությունը սեփական իշխանության նկատմամբ վտանգը կապում են ոչ թե ժողովրդի վստահության բացակայության, այլ՝ արտաքին ճնշումների հետ եւ ուղղակի համարձակություն չունեն պաշտպանելու սեփական ժողովրդի շահերը՝ աշխարհի մեծերի առջեւ:

Երկու դեպքում էլ պետք է հասնել այս իշխանությունների հեռացմանը: Սերժ Սարգսյանի պաշտոնանկության իրավաքաղաքական հիմքերին ավելացավ եւս մի հիմք: Պատեհ առիթի դեպքում մենք այս հարցը կբարձրացնենք Ազգային Ժողովում: Այս պահին ավելի իրատեսական ենք համարում մեկ այլ գործընթաց:

Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտելով ՀՀ իշխանությունների՝ Սահմանադրության եւ օրենքների ցցուն ոտնահարումը, սեփական ժողովրդի դեմ կատարած հանցագործությունը, նախապատրաստվում է այս, ինչպես նաեւ այլ իրավախախտումների հիմքով, Սահմանադրության 84 հոդվածի համաձայն,  կառավարությանն անվստահություն հայտնելու հարց հարուցել Ազգային ժողովի առաջիկա նստաշրջանում։ Կոնգրեսը խորհրդարանական ոչ իշխանական ուժերին կոչ է անում միանալ այս նախաձեռնությանը, իսկ արտախորհրդարանական ուժերին՝ աջակցել եւ հրապարակավ պաշտպանել այն։

 

Նախորդ հոդվածը‘Սուլոցներ ՀՀԿ-ին եւ ՕԵԿ-ին, ծափեր՝ մյուսներին’
Հաջորդ հոդվածը‘Ռուստամյան. Եթե ներսում ստորացնում ես քո ժողովրդին, դրսում էլ քեզ են ստորացնելու. Տեսանյութ’