‘Զուրաբյան. Սերժ Սարգսյանն արգելում է Իշխան Զաքարյանին ԱԺ ներկայանալ (տեսանյութ)’

1318

Սերժ Սարգսյանը արգելում է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին գալ Ազգային ժողով եւ ներկայացնել Պալատի տարեկան հաշվետվությունը, լրագրողների հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նա վկայակոչեց ՎՊ մասին օրենքը, որը նախատեսում է, որ տարեկան հաշվետվությունների հիմնական զեկուցողը պետք է լինի Պալատի նախագահը: Մինչդեռ  այսօր հաշվետվությունը ներկայացնում էր ՎՊ խորհրդի անդամը:

«Ես զանգել եմ Իշխան Զաքարյանին՝ իմանալու, թե ինչու չի եկել: Իր քարտուղարուհին ասում է, որ տեղեկություն չունի: Նա հիմա ոչ արձակուրդում է, ոչ հիվանդ է, որեւէ տեղեկություն չի տրվում այն մասին, թե որտեղ է Զաքարյանը», — ասաց Զուրաբյանը:

Նա հիշեցրեց, որ 2011-ի եւ 2012-ի ՎՊ հաշվետվությունները մեծ ցնցում էին առաջացրել, բացահայտել էին պետական միջոցների խայտառակ չարաշահումներ, որից հետո Սերժ Սարգսյանը Իշխան Զաքարյանին հրապարակավ, հեռուստատեսությամբ նախատեց:

«Դրանից հետո գնում է Իշխան Զաքարյանին մեկուսացնելու գործընթաց՝ չեն թողնում նրան գալ Ազգային ժողով: Ես, օրինակ,  վստահ եմ, որ Սերժ Սարգսյանը արգելել է նրան գալ ԱԺ», — ասաց Զուրաբյանը:

Պատգամավորի խոսքով՝ անհասկանաի է նաեւ ԱԺ ղեկավարության պահվածքը, որը հետամուտ չի լինում, որ ապահովվի օրենքի պահանջի կատարումը, եւ ԱԺ հրավիրվի Իշխան Զաքարյանը:  Զուրաբյանը նշեց, որ ընթացող քննարկումն ապօրինի է, եւ ընդդիմությունը կհայտարարի դրա մասին:

Քիչ անց այս հարցի շուրջ Լևոն Զուրաբյանը ելույթ է ունեցել նաև ԱԺ ամբիոնից: Ներկայացնում ենք ելույթի տեսանյութը:

Նախորդ հոդվածը‘Մանվել Գրիգորյանը առանց միջադեպերի հասել է Արցախ և հանդիպել վարչապետին’
Հաջորդ հոդվածը‘Ռ. Հակոբյան. ԱԺ 4 խմբակցությունները չեն ընդունում ՎՊ հաշվետվությունը (Տեսանյութ)’