‘Զուրաբյան. Վերջին իրադարձությունները ցույց են տալիս` հիմա ինչ-որ ադեկվատ գործողություններ արվում են’

1536

Սոչիում կայանալիք Սարգսյան-Ալիեւ հանդիպման ժամանակ «շեշտը պետք է դրվի անվտանգության միջոցառումների վրա, զինադադարի ռեժիմի պահպանման վրա»: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: «Տեր-Պետրոսյանը վերջին իր հարցազրույցում շատ հստակ քննադատեց իշխանություններին՝ ֆրոնտում համարժեք պատասխան չտալու համար: Ինչ-որ իմաստով, կարելի է ասել, վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ, այնուամենայնիվ, հիմա ինչ-որ ադեկվատ գործողություններ արվում են և դա լավ է, և դա նպաստելու է զինադադարի ամրապնդմանը»,- ասել է Զուրաբյանը եւ հավելել, թե՝ ադրբեջանցիների գայթակղությունը զսպել է պետք։

«Այսօր մենք պետք է հասկանանք, որ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակ է ստեղծվել նաև ամբողջ աշխարհում, Ադրբեջանը կարող է նաև ինչ-որ գայթակղություններ ունենա՝ համարենք, որ Ռուսաստանը, որը Հայաստանի ստրատեգիական դաշնակիցն է, զբաղված է Ուկրաինայում, կարող է թույլ տալ իրեն որոշակի գործողություններ ռազմաճակատում: Փառք Աստծո, մեր բանակի գործողությունները, մեր զինվորների քաջությունը, մարտական պատրաստականությունը և մեր քաղաքական վերնախավի արձագանքը սթափեցնող պետք է լինեն Ադրբեջանի համար: Հիմա պետք է այս վիճակից օգտվել և զինադադարը ամրապնդել», — հավելել է նա:

Մեկնաբանելով Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների համատեղ հայտարարությունը՝ Զուրաբյանն ասել է՝ դրա իմաստը ցույց տալն էր՝ արտաքին ռազմական վտանգի առաջ միասնական են։ Ի դեպ, այդ հայտարարությունը ստորագրած ԱԺ-ի ոչ իշխանական բոլոր ուժերը հայտարարում են, որ իշխանությունների հասցեին քննադատությունն ուժի մեջ է։

«Ուզում եմ բերել Իսրայելի օրինակը: Իսրայելի բանակի հզորությանը ոչ ոք չի կասկածում, Իսրայելի միասնականությանը՝ որևէ արտաքին վտանգ ետ մղելու, ոչ ոք չի կասկածում, ինչը չի բացառում կատաղի ներքին քաղաքական պայքար տարբեր քաղաքական ուժերի: Դա հատուկ կուլտուրա է, որը մենք իսկապես միգուցե պետք է անգամ սովորենք Իսրայելից», — մեկնաբանել է Լևոն Զուրաբյանը:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Ուրիխանյան. Միջազգային հանրությունը պետք է համարժեք արձագանքի Իլհամ Ալիևի հայտարարություններին’
Հաջորդ հոդվածը‘Շառաչուն ապտակը սանձեց լկիտությունը. «Ժողովուրդ» ‘