‘
Հուլիսի 30-ին հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքերում զինծառայող Արման Հովսեփի Մուրադյանի մահվան փաստով մեղադրանք է առաջադրվել և կալանավորվել գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, մայոր Էմիլ Զավենի Ավետիսյանը:
Ըստ «Փաստինֆո»-ի, ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը նշել է, որ մայորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով՝ 358.1. հոդվածի 2 մասով, (զինվորական ծառայության պարտականությունների կատարելու կապակցությամբ ստորադասին ծեծելը կամ նրա նկատմամբ բռնություն գործադրելը), 358.1.հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, (ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը, որոնք կատարվել են 2 կամ ավելի անձանց նկատմամբ) և 375-րդ հոդվածի 1-ին մասով (պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը): «Արման Մուրադյանին ինքնասպանության դրդել են նաև այդ արարքները»:
Մայորին առաջադրված հոդվածներից մեկից պարզ է դառնում, որ նրա գործողություններից կան նաև այլ տուժողներ:
‘