‘
Իր «Քաղաքական տարին մեկնարկելիս» երկարաշունչ հոդվածը Ն. Փաշինյանն ավարտում է այսպես. «ավարտվել է մի դրամատիկ քաղաքական շրջափուլ, երբ նախագահական ընտրությունները, ի հեճուկս մեր ջանքերի, լինելու են հերթական… եկել է քաղաքական նախորդ փուլն ամփոփելու ու ամեն ինչ զրոյից սկսելու ժամանակը»։ Դրանից մի քանի օր առաջ էլ այդ «զրոյացմանը» մի առանձին հոդված էր նվիրել։ Ավելի վաղ՝ դեռ 7 ամիս առաջ (16.06.2012 ), նա էլի էր խոսել «քաղաքական շրջափուլ փակելու» թեմայով՝ «որից պարտված ենք դուրս եկել»։
Հարց՝ ինչո՞ւ է Նիկոլը սեւեռված այս խնդրի վրա։ Ինչո՞ւ նա «զրոյացնելու», «զրոյից սկսելու» «շրջափուլ փակելու» փոխարեն չի օգտագործում, ասենք, «պայքարը շարունակել», «ձեռքբերումները զարգացնել», «հաջորդ փուլին, հաջորդ աստիճանին անցնել» հասկացություններ։
Հարցին պատասխանելու համար պետք է անել մի քանի արձանագրումներ.
Արձանագրում 1.
2007 թվականի սկզբից Հայաստանի քաղաքական կյանքում փոքրիկ մի պայթյուն եղավ։ «Իմպիչմենտ» դաշինքն այդ ժամանակվա համար մի քանի տպավորիչ հանրահավաքներ արեց, աղմուկով մասնակցեց 2007-ի խորհրդարանական ընտրություններին։ Առաջին գծում հայտնի քաղաքական դեմքեր էին՝ «Ղարաբաղ» կոմիտեի անդամներ Բաբկեն Արարքցյան, Սամվել Գեւորգյան, Սամսոն Ղազարյան, երկու կուսակցության ղեկավարներ՝ Պետրոս Մակեյան եւ Միքայել Հայրապետյան, ուրիշներ։ Առաջին գծում նոր մարդ էր միայն Նիկոլ Փաշինյանը։ Հենց նա էլ դարձավ «Իմպիչմենտի» ցուցակի առաջին համարը։ «Իմպիչմենտն» ինչ-որ աշխուժություն մտցրեց, շարժեց ծանրացած սառույցը ու սառած հասարակությանը։ Բայց դա, ինչպես եւ մտահղացված էր, ընդամենը մի «պրոբ» էր հասարակության եւ իշխանության մարմնին՝ ինչ-որ բաներ հասկանալու համար։
Խորհրդարանական ընտրությունն ավարտվեց։ Որոշվեց ավարտել հանրահավաքները, ավարտել բարձրակետի վրա, տպավորիչ։ Համաձայնեցին բոլորը։ Չհամաձայնեց Նիկոլը։ Ասաց (պատկերավոր)՝ դուք ինչ ուզում եք՝ արեք, ես հերոս եմ, ես մենակ կշարունակեմ՝ «մի հոգու հանրահավաքներ» կանեմ։ Վերցրեց մեգաֆոնը, գնաց Ազատության հրապարակ։ Որպես հերոս։ Ի տարբերություն մյուսների։ Գնաց, սկսեց խոսել, նաեւ A-4 թղթերի վրա գրել 1+1+1+1… ու փակցնել արձանների պատվանդաններին։ Առաջին օրը 200 մարդ հավաքվեց, երկրորդ օրը 150, երրորդ օրը՝ 100…. 1+1+1 թղթերն ավելացան, մարդիկ պակասեցին։ Մարդիկ միօրինակությունից հիասթափվեցին, հոգնեցին, գնացին։ Երբ թղթերի վրա 1+1+1+1…քանակը հասավ 1000-ի, իսկ կենդանի մարդկանց քանակը հավասարվեց 0-ի, Նիկոլը, զրոյացման իր գործն ավարտած, վերցրեց մեգաֆոնն ու «վաստակած» գնաց «ՀԺ» խմբագրություն։ Երբեք եւ որեւէ տեղ չասաց, թե ինքը սխալվել է։
Նույն թվականի աշնանն սկսված համաժողովրդական շարժման արագ ծավալման գործում «Իմպիչմենտի» կողմից կես տարի առաջ կատարած ակտիվացումը որոշակիորեն օգնեց։ Այդ օգնությունը շատ ավելին կլիներ, եթե վերջում չունենար 1+1+1…= 0 վախճանը։
Ի՞նչ էր պետք Նիկոլին։
Արձանագրում -2
Համաժողովրդական շարժման ընթացքում ու նրա շրջանակներում առաջացած ակումբատիպ միավորներից մեկն էր «Հիմա»-ն՝ որպես ինտելեկտուալ երիտասարդների յուրօրինակ մի ընկերակցություն։ Բանտից դուրս գալուց հետո Նիկոլը որոշեց «զբաղվել «Հիմա»-ով։ Անդամագրվեց դրան, այն գրանցեց որպես հասարակական կազմակերպություն, ինչ-որ կանոններ մտցրեց, ինքն էլ դարձավ դրա նախագահը։ Քիչ անց ինքնաբուխ առաջացած եւ դրական իմաստով յուրօրինակություններով հարուստ այս ընկերակցությունը կորցրեց իր իմաստն ու ողջ հմայքը։ Բանը հասավ այնտեղ, որ Նիկոլն ստիպված եղավ թողնել «նախագահությունը», իսկ նրա «Ցպահանջ արդարադատության» գլուխգործոցի քննարկումներից հետո ինչ-որ ժամանակ Նիկոլին «Հիմա»-ից հեռացնելու հարց քննարկվեց։ Նիկոլի ջանքերով՝ «Հիման» սկսեց «զրոյանալ»։
Ի՞նչ էր պետք Նիկոլին։
Ինչպես «Իմպչմենտի», այնպես էլ «Հիմա»-ի դեպքում նպատակն ակնհայտորեն մեկն է եղել. «քաղաքական կապիտալիզացիա» անել ՝ դրանց հիմքի թեկուզ ոչնչացմամբ, «զրոյացմամբ» կորզել դրանց քաղաքական կապիտալը՝ հօգուտ սեփական անձի։ Երկու դեպքում էլ դա, ըստ էության, չի հաջողվել, կամ՝ ամբողջությամբ չի հաջողվել։ Բայց մարդը ֆիքսված է այս գաղափարի ու գործելակերպի վրա ու հենց այսպես է պատկերացնում անձնական քաղաքական կապիտալի կուտակումը։ Ահա եւ անում է հերթական՝ երրորդ փորձը, այս անգամ՝ ամբողջ Հայ ազգային կոնգրեսի վրա։
Այսինքն՝ վերեւում դրված հարցի պատասխանը կլինի հետեւյալը.
Նիկոլը սեւեռված է սեփական անձի վրա։ Նա իրեն էպոսի հերոս է պատկերացնում։ Որպես այդպիսին՝ ուրիշին կամ ուրիշներին շարունակելը «պազոռ» է։ Նրա «հաղթանակի» մեջ որեւէ մեկը պիտի մասնաբաժին չունենա։ Դրա համար պետք է ամեն ինչ բերել զրոյի եւ զրոյից գործը միայնակ տանել մինչեւ վերջ։ Դրա համար պետք է նաեւ ստեղծել ուրիշների սխալների, բացթողումների, պարտությունների մռայլ ֆոն՝ իր անսխալականությունն ու լուսավոր հաղթանակները տպավորիչ դարձնելու համար։ Ահա թե ինչու նա սկսեց խոսել «այս փուլում Կոնգրեսի պարտված լինելու» եւ նրա մահացու «սխալների» մասին։ Ահա թե ինչու է նրան պետք զրոյի հավասարեցնել հարյուր հազարավոր մարդկանց հինգ տարվա պայքարի արդյունքը։
Նիկոլը իրեն մեսիա է պատկերացնում։ Սա նոր երեւույթ չէ Հայաստանի քաղաքական կյանքում։ Այդպես իրեն մեսիա էր ներկայացնում Պարույր Հայրիկյանը՝ որպես անկախություն, բանակ ու սահմանադրություն ունենալու գաղափարների նախակարապետ։ Այդպես Վազգեն Մանուկյանն էր համաշխարհային ազգ կերտելու առաքելություն ստանձնել։ Այդպես Րաֆֆի Հովհաննիսյանը խոստանում է «սարեր շարժել» եւ ազգի համար մեկուկես տասնյակ անհասկանալի պահանջներով անժամկետ ծոմի է նստում։ Հասարակության մեջ կա, գտնվում է մարդկանց քանակ, մեծ թե փոքր շերտ, որը հավատում, վստահում է այսօրինակ խեղկատակությունների։ Հիմա էլ կան նման շերտեր։ Ու քանի դեռ կան, միշտ էլ գտնվելու են մարդիկ, որոնք դա վերածելու են անձնական քաղաքական ու ոչ քաղաքական կապիտալի՝ ի վնաս իրենց հավատացողների։
Ն. Փաշինյանն իր նախորդ «մեսիաների» համեմատ մի մեծ քայլ առաջ է գնում. նա ինքնակամ իրեն դնում է… «… իմ կյանքը դրված է հանուն Ազատ եւ Երջանիկ Հայաստանի մղվող պայքարի զոհասեղանին»։
Շատ ժողովուրդների քաղաքական փորձը վաղուց բավարարում է զգուշանալու համար այն մարդկանցից, ովքեր քաղաքականությամբ են զբաղվում՝ իրենց «ժողովրդի ծառա», գերագույն նպատակը՝ «ժողովրդին ծառայելը» հռչակելով։ Այդպիսիք իրականում հակառակին են ձգտում՝ ժողովրդն դարձնել իրենց ծառան։ Ուրեմն որքան եւս պետք է զգուշանալ նրանցից, ովքեր խոստանում են հանուն ժողովրդի «զոհասեղան բարձրանալ»։
Յուրի Հովսեփյան
‘