‘Զ.Թադևոսյան. Առաջիկա ընտրություններում պետք է լինի ընդդիմության միասնական թեկնածու’

892

Մի երկրում, որտեղ բնակչության 35 տոկոսը աղքատ է, Ս.Սարգսյանը չի կարող լինել ֆավորիտ թեկնածու: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանը: Նրա խոսքով՝ Սարգսյանը հեղինակություն կարող է լինել կուսակցության ներսում, այն էլ՝ նեղ շրջանակում:

Թադևոսյանը կարծում է, որ առաջիկա ընտրություններում պետք է լինի ընդդիմության միասնական թեկնածու: Բանախոսը նշեց, որ իր համար այդ թեկնածուն Լևոն Տեր-Պետրոսյանն է: Նա նաև ունի վարչապետի թեկնածու, որի անունը նախընտրեց չհրապարակել:

Լրագրողների այն հարցին, թե ինչու՞ է ՀԱԿ-ի հանդեպ վստահությունը նվազել 2008 թ. հետո, Թադևոսյանը պատասխանեց, որ մարդիկ սպասում են վայրկենական փոփոխությունների, որն անհնար է:

ՀԱԿ ներկայացուցիչը նաև կարծում է, որ նախագահի թեկնածուների թիվը չափազանց մեծ է Հայաստանի համար: Նա առաջ քաշեց ամերիկյան մոդելը, ուր նախագահական ընտրություններին մասնակցում են երկու թեկնածուներ` մեկն իշխանությունից, մյուսը` ընդդիմությունից:

«Իմ համար նախագահի չափանիշները հետևյալն են. նա պետք է լինի գրագետ, լավ իմանա երկրի պատմությունը և մշակույթը, որովհետև ամեն օր շփվում է արտաքին աշխարհի հետ և չպետք է ասի «պտի», «որտև» և այլն»,- մեջբերում է Թադևոսյանի խոսքերը Panarmenian.net-ը:

Նախորդ հոդվածը‘Ղազախստանի մայրաքաղաքը կանվանակոչվի ի պատիվ «ազգի առաջնորդ» Նազարբաևի ‘
Հաջորդ հոդվածը‘Տարոն 1-ին Գեղեցիկ արքայի թագադրման ակցիա՝ քաղաքապետարանի դիմաց’