‘Զ. Փոստանջյան. Իսկ Վարդան Սեդրակյա՞նը’

788

Սահմանադրական դատարանում այսօր պատասխանող կողմին՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հարցեր ուղղելու հերթը դիմող կողմինն էր՝ ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանինը: Նշենք, որ նա եւ Րաֆֆի Հովհաննիսյանը վիճարկում են փետրվարի 18-ի նախագահի ընտրությունների արդյունքները: Ա+-ի փոխանցմամբ, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հարցուպատասխանի ընթացում ստիպված էր միջամտել նրանց՝ ասելով. «Ցայտնոտային վիճակում ենք հայտնվում ու հարցուպատասխանը զրույցի է վերածվում: Խնդրում եմ հարցերը կոնկրետ ուղղել»:

Որպես երրորդ կողմ հանդիսացող Սերժ Սագսայնի լիազոր ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը, որը նախապես հայտարարել էր, որ անիմաստ է համարում հարցեր ուղղել դիմող կողմին, այսօր եւս նշեց, որ ձեռնպահ է մնում որեւէ բացատրություն կամ հարց ուղղել Անդրեաս Ղուկասյանին: Մինչդեռ վերջինս հարց ուներ նրան՝ ճշտելով, թե ինչ նկատի ուներ Սերժ Սարգսյանը, երբ հանրաճանաչ երգիչ Սերժ Թանկյանին ուղղված նամակում գրել էր, որ ինքն է կազմակերպել ընտրությունները:

Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ Սերժ Սարգսայնը հանդես է գալիս երեք դերակատարումներով՝ նա ՀՀ նախագահ է, ՀՀ նախագահի թեկնածու է ու մի կուսակցության նախագահ է, որը մեծամասնություն է ԱԺ-ում: «Որպես պետության գլուխ՝ նա պատասխանատու է իշխանության բոլոր ճյուղերի, այդ թվում՝ ԿԸՀ-ի բնականոն աշխատանքի համար: Ասելով կազմակերպել՝ նա նկատի է ունեցել բոլոր երեք դերակատարումներով իր մասնակցությունը»,- հայտարարեց Դավիթ Հարությունյանը:

Անդրիաս Ղուկասյանի մյուս հարցերի վերաբերյալ Դավիթ Հարությունյանի համբերությունը հատեց եւ նա հայտարարեց, որ ստիպված է միջնորդություն անել եւ խնդրել, որ իրեն չփորձեն իրավագիտության դասեր տալ, այլապես ինքը կսկսի այլ կերպ կառուցել իր խոսքը: ՍԴ նախագահը Անդրեաս Ղուկասյանին խնդրեց առանց մեկանաբանությունների հարցն ուղղել:

Դավիթ Հարությունյանին հարցեր ուղղելու հերթը Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանինն էր: Նրա առաջին հարցերից մեկը վերաբերում էր ՀՀ նախագահի էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանին՝ արդյոք նա թեկնածու էր, թե ոչ: Գագիկ Հարությունյանն այս հարցը հանեց՝ նշելով, որ այն քննության առարկային չի վերաբերում: Զարուհի Փոստանջյանը շարունակեց՝ հարցնելով. «Վարդան Սեդրակյանն այս պահին կալանքի տակ է, ըստ ձեզ, դա օրինական է, թե ոչ. ձեր վստահորդ Սերժ Սարգսյանը, կազմակերպելով ընտրությունները, ինչ դերակատարում ունի այս հարցում»: Գագիկ Հարությունյանն այս հարցը եւս հանեց: Զարուհի Փոստանջյանի մի շարք հարցեր եւս ՍԴ-ն հանեց եւ քննության առարկա չդարձրեց:

Տիկին Փոստանջյանի մյուս հարցը վերաբերում էր ԿԸՀ կայքին, որ փետրվարի 18-ին խափանվել էր ու ըստ նրա՝ հենց դրա արդյունքում տեղի էին ունեցել բազմաթիվ կեղծիքներ. «Ըստ ձեզ՝ Սերժ Սարգսյանը կապ ունե՞ր ԿԸՀ-ի կայքի խափանման հետ»: «Հարցը տեղին չէ, դա նույնն է, թե փորձենք այստեղ ճշտել՝ իմ հոգեկան խանգարում ունենսլ-չունենալը, չէ որ պատասխանն ակնհայտ է, ինչպես նաեւ՝ ես չեմ կարող ասել, թե Մեքսիկայում ինչ է տեղի ունենում ասյ պահին»: 
«Ես կարծում եմ, որ այստեղ պետք է լիներ անձամբ Սերժ Սարգսյանն ու ինքը պատասխաներ մեր հարցերին»,- հայտարարեց Զարուհի Փոստանջյանը: Այս պահին տեղեկություններ է տրամադրում ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը:

 

 

Նախորդ հոդվածը‘Բնապահպան. Գետահովիտ գյուղի բնությունը կանգնած է ոչնչացման եզրին’
Հաջորդ հոդվածը‘«Գալաթասարայն» էլ անցավ հաջորդ փուլ’