‘
Բանից պարզվում է` բժշկական համալսարանում մեկ օրվա բացակայության համար ուսանողները պետք է վճարեն 4-5 հազար դրամ: Բժշկականի պրոռեկտորը դա բացատրել է այսպես՝ «եթե ուսանողը բացակայել է անհարգելի, այսինքն` դասախոսը լրացուցիչ աշխատանք է կատարում, դրա համար նա պետք է վճարվի»:
Շա՛տ լավ բան է մտածել բժշկականի ղեկավարությունը: Այդ համալսարանի ուսանողների համար ուսման վարձը կազմում է օրական 3,5 հազար դրամ, ու հիմա պարզվում է` բացակայելու դեպքում էլ դրան պիտի գումարվի ևս 4-5 հազար:
«Չորրորդ իշխանությունը» այս կապակցությամբ գրում է. Այսինքն` բացակայելն ավելի թանկ է, քան սովորելը: Եվ եթե այդ գումարներն իսկապես ուղղվում են դասախոսների լրացուցիչ վարձատրությանը` ստացվում է, որ դասից փախչող ուսանողները դասախոսների համար ֆինանսապես ավելի ձեռնտու են: Դրա համար էլ, ի դեպ, բժշկականում «բժշկի թուղթը» համարյա չի անցնում, և բացակայությունը հարգելի չի համարվում:
Իսկ ինչու «համարյա»՝ որովհետև հղիության, տուբերկուլյոզի կամ էբոլայի դեպքում բացակայություններն, այնուամենայնիվ, մի կերպ հարգելի են համարվում, իսկ սովորական հիվանդությունների դեպքում ՝ ոչ: Իրենց կադրերն են չէ՞, իրենք գիտեն, որ «բժշկի թուղթ» բերելը դժվար չէ:
‘