‘
Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 27-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալի» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ:
«Ուրալի» մրցակիցը՝ Նովոսիբիրսկի «Սիբիրը» հանդիպման արդեն 4-րդ րոպեին մնաց 10 հոգով, իսկ նրա դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված, որը իրացրեց Մանուչարյանը: Հայ ֆուտբոլիստը 16-րդ րոպեին կրկնապատկեց հաշիվը, իսկ 25-րդ րոպեին դարձյալ իրացրեց 11 մետրանոց հարված:
Առաջին խաղակեսից հետո Մանուչարյանը փոխարինվեց, իսկ «Ուրալը» հաղթեց՝ 5:2 հաշվով:
Այս հաղթանակից հետո Մանուչարյանի թիմը վաստակեց 58 միավոր եւ վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նշենք, որ Մանուչարյանը «Ուրալի» կազմում 6 գնդակ է խփել, որոնցից 5-ը՝ վերջին երկու հանդիպումներում:
‘