‘Էդիկը երազում է նախագահի պաշտոնի մասին’

1222

Շատերի մոտ հարց է առաջանում, թե ինչո՞ւ է Հայաստանն առաջ շարժվելու փոխարեն ետ գլորվում: Պատասխանները կարող են շատ լինել, բայց պատասխաններից մեկն էլ, ըստ իս՝ Էդուրադ Շարմազանովն է: Այսինքն, եթե նա ԱԺ փոխնախագահի պաշտոնում է, ապա երկիրը չի կարող առաջ շարժվել: Վերցրեք աշխարհի քաղաքական քարտեղը եւ փորձեք գտնել մեկ այլ երկիր, որտեղ Շարմազանովի տեսակի մարդը կարող է նման բարձր պաշտոնի հասնել, եթե գտնեք, ապա կտեսնեք նաեւ, թե անդունդի որ հատվածում է նույն այդ երկիրը:

Նույնիսկ Էդուարդ Շարմազանովը չէր կարող պատկերացնել, որ Հայաստանն այն աստիճանի կհասնի, որ ինքը կզբաղեցնի նման բարձր պաշտոն: Պատմության ուսուցիչ Շարմազանովը լավագույն դեպքում կարող էր երազել ուսմասվարի պաշտոնի մասին, իսկ թաքուն երազներում` տնօրենի: Բայց եկավ մի օր ու նա որոշեց դառնալ Ալավերդու քաղաքապետ եւ ստացավ ընտրողների մեկ տոկոսի աջակցությունը: Համաձայնվեք, որ սա այն արդյունքն էր, որ նրան պետք է ստիպեր ավելի լուրջ պլաններ կազմել:

Կազմեց եւ դարձավ վարչապետի օգնական: Հիմա գուշակենք, թե վարչապետը ի՞նչ կարեւոր որոշումներ է կայացրել Շարմազանովի խորհուրդներով կամ օգնությամբ: Մրցույթ պետք է հայտարարել հասկանալու համար, թե ինչ տեսակ օգնություն է ցույց տվել վարչապետին, որ հետո հանկարծ դարձավ պատգամավոր, իսկ հետո նաեւ՝ ԱԺ փոխնախագահ: Մի՞թե մեր երկիրը նման կատաստորֆիկ վիճակում է, որ Շարմազանովը պետք է այս գագաթներին հայտնվի:

Ի դեպ, Հայաստանի նման երկրում, երբ նման պաշտոն է զբաղեցնում բանակում չծառայած երիտասարդը, ուրեմն, հաստատ առաջընթաց դեռ չի լինի: Իսկ առաջընթացի համար ընդամենը պետք է որ Շարմազանովին ուղարկել այնտեղ, որտեղ նրա տեղն է` ավտոտեսչություն: Այնտեղ նա կարող է բավական հանրօգուտ գործով զբաղվել: Հատկապես, որ փորձ էլ ունի:

Արշակ Սարդարյան 

Նախորդ հոդվածը‘ԵԽԽՎ-ն՝ Համակարգային կոռուպցիայի մասին. Ադրբեջան, ՌԴ, Հայաստան, Ուկրաինա եւ Ալբանիա ‘
Հաջորդ հոդվածը‘Վիկտոր Լեոնենկո. Մխիթարյանը «Լիվերպուլում» կձախողվի’