‘Էդիկ Հովսեփյան. Դեռ վաղ է Լևոն Տեր-Պետրոսյանին թերագնահատելու համար ‘

2698

Այն սերունդը, որը քաղաքականության անմիջական մասնակիցն է 1988 թվականի համազգային շարժման տարիներից, ավելի իրական պատկերացում ունի Լևոն Տեր- Պետրոսյան քաղաքական գործչի վերաբերյալ, քան նրանք, ովքեր հետևում են քաղաքական գործընթացներին վերջին տասը տարիների ընթացքում: 

Նրանք, ովքեր նախկինում և այժմ էլ համարվում են Տեր-Պետրոսյանի գաղափարակիցները, և նրանք, ովքեր նախկինում և այժմ էլ մերժում են հանրապետության առաջին նախագահի գործելակերպը, չեն կարող ժխտել մի բան՝ Լևոն Տեր-Պետրոսյանի վերլուծական և կանխատեսման մտածողության ներուժը: Անկախ նրանից, թե այդ ներուժին հետևողների տեսակետից դա կիրառվում է ի չարս, թե  բարին: 

Մարտի 1-ի հանրահավաքին ՀԱԿ-ը՝ ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի, հայտարարեց, որ միառժամանակ, առնվազն մինչեւ ապրիլի 24-ը, զերծ կմնան զանգվածային միջոցառումների անցկացումից։ 

Դա ամենևին էլ Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին չխոչընդոտելու և համայն հայության ուժերը չջլատելու նպատակ չի հետապնդում, ինչպես կարելի էր կարծել: 

Բանն այն է, որ հանրապետության բնակչության առնվազն 90 տոկոսը դժգոհ է իր կենսապայմաններից և իրեն կառավարողների ձևերից ու մեթոդներից: Սա յուրօրինակ ընդդիմություն է, որը բրենդային չէ, այսինքն՝ քաղաքականացված չէ: 

Հաշվի առնելով, որ առաջիկա ամիսներին երկրում սոցիալական լարվածությունն է՛լ ավելի է մեծանալու, ընդդիմության և իշխանության հիմնական նպատակն է լինելու այդ դժգոհ մեծամասնության «բրենդայնացումը»: Ավելի ստույգ՝ դրա ուղղորդումն ու կառավարումը: 

Իշխանությունն ինքը չի կարող կառավարել և ուղղորդել այդ մասսային, առաջարկել իր բրենդային անվանումը (կուսակցության կամ շարժման անվանում), քանի որ չունի վստահության ռեսուրս, և ստիպված է լինելու դա անել միջնորդավորված: Կամ գտնելու է համագործակցող կամ կախվածություն ունեցող քաղաքական ուժ ընդդիմադիր դաշտում, կամ էլ ստեղծելու է նորը՝ ինքը մնալով ստվերում: 

Ընդդիմադիր ուժերը կամ պետք է միավորվեն մեկ «բրենդի» տակ, կամ էլ հանրապետության դժգոհ մասսային առաջարկեն նոր «բրենդ»: 

Հիմա ի՞նչ արեց Լևոն Տեր-Պետրոսյանը: Մինչև մայիս ամիս ընդդիմադիր հարթակը թողեց թափուր՝ թույլ տալով մնացյալ ընդդիմությանը և իշխանությանը այդ ընթացքում փորձարկել իրենց բրենդները, կամ, ավելի ուղղակի՝ հրահրել տարբեր ուժերի «բրենդային» մրցակցություն կամ գզվռտոց: Երբ այդ մրցակության արդյունքում, տարբեր ուժեր միմյանց դեմ պայքարելով՝ դուրս կմղվեն հարթակից կամ կհեղինակազրկեն իրենց «բրենդը», կրկին թափուր մնացած հարթակում կհայտնվի ՀԱԿ-ը: 

Մեծամիտ և չափից դուրս ինքնավստահ կարող է լինել միայն կործանման արահետ մտած իշխանությունը: Կշռադատված և սեփական ռեսուրսները ճիշտ գնահատող իշխանությունը չի կարող մեծամիտ լինել և թերագնահատել այլոց: 

Դեռ վաղ է թերագնահատել Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած բրենդային պատերազմի հնարավոր հետևանքները: 
Armweeklynews

Նախորդ հոդվածը‘«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ փոխհրաձգություն է տեղի ունեցել – Forrights. am ‘
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Իշխանությունը փորձում է «Մեծ եղբոր» ամենատես աչքը ստեղծել (Տեսանյութ)’