‘
Այսօր «Հունիսի 15-ը պետական խորհրդանշանների օրն է» թեմայով ասուլիսից հետո, որի բանախոսն էր Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, iLur.am-ը հետաքրքրվել է Մինասյանից, թե ինչ է կարծում՝ պատմության դասագրքի աղմկահարույց սկանդալից հետո մարդիկ իրեն շարունակո՞ւմ են վստահել, որ ինքն էլ ասուլիսներով է հանդես գալիս:
«Իհարկե, վստահում են, ինչի՞ պետք է չվստահեին: Կեղծո՞ւմ եմ ես, ի՞նչ եմ անում: Մարդուն պետք չէ վարկաբեկել ու մարդու արածը, ներդրումը ոչնչացնել և շատ դեպքերում ոչ ճշմարիտ, ոչ ճիշտ, խեղաթյուրված տվյալներով մարդու մասին պատկերացում կազմել»,- պատասխանեց Մինասյանը՝ հավելելով, որ իր նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն չի զգացել ու հատուկ անձնական նկատառումներով մարդուն վարկաբեկելը չի ընդունում:
«Վերաբերմունքի և այլնի առումով ես միանշանակ ձեզ ասեմ՝ ես իբրև պատմաբան՝ ինձ երբեք վատ մասնագետ չեմ համարել, դուք էլ կարող եք ցանկացածից հարցնել: Ցանկացած հարցում մեկնաբանություն անելիս կամ պատմական դեպքեր, իրադարձություններ ներկայացնելիս առաջին շահը պետք է լինի օբյեկտիվությունը, էս մեկը ես ընդունում եմ, և ինքս էլ դրանով առաջնորդվում եմ»,- նշեց նա:
Մեր դիտարկմանը, թե հասարակության որոշ շրջանակներում, որոնք իրեն որպես մասնագետ չեն ճանաչում, ինքը տպավորված է որպես մարտի 1-ի պատմությունը կեղծող, Մինասյանն ասաց. «Եթե չեն ճանաչում, իրենց խնդիրն է»: Մեր հարցին, թե հայտնի սկանդալից հետո արդյոք բացասական վերաբերմունք չի՞ նկատել իր նկատմամբ, նա պատասխանեց. «Իհարկե, սկզբից նկատելի էր, բայց աստիճանաբար փոխվեց վերաբերմունքը, որովհետև ես միայն մի շրջանի մասնագետ չեմ»,- եզրափակեց դեկանը:
Հիշեցնենք, որ Էդիկ Մինասյանի հեղինակած «Հայոց պատմության» դասագրքում 2008թ. մարտի 1-ի դեպքերի ամբողջ պատասխանատվությունը դրվում է ընդդիմության վրա: Հայ ազգային կոնգրեսը կոչ էր արել ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմին եւ ուսանողությանը, մայր բուհի տարբեր տարիների շրջանավարտներին, մտավորականությանը՝ «միանալ ամոթալի կեղծիքներով լեցուն խայտառակ այս դասագիրքը շրջանառությունից հանելու հասարակական պահանջին»։
‘