‘Էդուարդ Շարմազանով. Ափսոսանք եմ հայտնում, որ Քոչարյանը քաղաքական ենթատեքստ է տեսնում’

713

«Ափսոսանք եմ հայտնում, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու մեջ քաղաքական ենթատեքստ է տեսնում: Դա բացարձակապես երկրորդ նախագահի կարծիքն է, բայց անկախ այդ կարծիքից՝ մենք բացարձակապես քաղաքական խնդիր չենք տեսնում, սա իրավական խնդիր է: Ես կողմ քվեարկած 64 պատգամավորներից մեկն եմ, ով քվեարկել է խղճի մտոք»,- iLur.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, որում վերջինս իր աջակցությունն ու համակրանքն էր արտահայտել Վարդան Օսկանյանի նկատմամբ, ինչպես նաև քննադատել վերջինիս պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը։
Էդուարդ Շարմազանովը չցանկացավ մեկնաբանել, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը իրենից քաղաքական միջամտություն էր ներկայացնում, թե ոչ: Նա համաձայն չէ նաև Ռոբերտ Քոչարյանի այն կարծիքին, որ Վարդան Օսկանյանը լավագույն նախարարն է եղել, ըստ Շարմազանովի՝ լավագույնը Սերժ Սարգսյանն էր, ով և հետագայում դարձավ «փայլուն նախագահ»:
Իսկ հարցին, թե ում է տեսնում 2013 թվականին նախագահական ընտրություններին որպես գործող նախագահի հիմնական թեկնածու, Էդուարդ Շարմազանովը ասաց.
«Հլա թող առաջադրվեն, նոր կտեսնենք, մի բան կարող եմ միայն ասել, որ պայքարը հիմնականում կընթանա երկրորդ տեղի համար, քանի որ գործող նախագահը բարձր վարկանիշ ունի, ավելի բարձր, քան նույնիսկ ՀՀԿ-ինն է:
Գնահատելով ՀՀ-ում Վրաստանի խորհրդարանական ընտրությունները՝ ՀՀԿ խոսնակը ասաց, որ մարդիկ պայքարել են, իսկ ընդդիմությունը հաղթել է:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՀՀ-ում հնարավոր է նման սցենար՝ վերջինս ասաց, ՀՀ-ում կլինեն արդար ընտրություններ, որի արդյունքում կհաղթի Սերժ Սարգսյանը:

Նախորդ հոդվածը‘«Հարսնաքարի» գործով հերթական դատական նիստը (ուղիղ եթեր)’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյո. Կնոջս հետ ավելի լավ հարաբերություններ ունեմ, քան՝ Ռամոսի’