‘Էդուարդ Շարմազանով. Ցավում եմ, որ Քոչարյանը կարծել է՝ իրեն եմ նկատի ունեցել’

676

Ես ցավում եմ և ափսոսում, որ Ռոբերտ Քոչարյանը կարծել է, որ ես իրեն եմ նկատի ունեցել ստվերում: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի այսօրվա հայտարարությունը:

Քոչարյանը, մասնավորապես, ասել էր. «Հատկապես այն «խելամիտներին», այսինքն նրանց, ովքեր ամենուր իմ ստվերն են փնտրում, կառաջարկեի` լավ բացել աչքերը, որպեսզի վերջապես տեսնեն, որ ԲՀԿ-ում հավաքվել է քաղաքական թիմ, որն ի զորու է ինքնուրույն ձեւավորել կուսակցության քաղաքական օրակարգը»:

«Ես միշտ խոսում եմ ուղիղ: Արել եմ առաջին հայտարարությունը ստվերների ու պարզունակ քայլերի մասին, այնուհետև եղել են տարբեր մեկնաբանություններ, երկու օր հետո պատասխանել եմ, որ սլաքները ուղղված են սխալ անձանց վրա: Որ ուղղությամբ, ես շատ պարզ ասել եմ, մի քիչ էլ դուք մտածեք՝ որ ուղղությամբ են գնում»,- ասաց Շարմազանովը:

Անկախ Քոչարյանի հնչեցրած կարծիքից՝ Շարմազանովը մնում է իր կարծիքին, և նրա համար կարևորը բովանդակային բարեփոխումներն են, իսկ Հայաստանի իշխանությունները, Շարմազանովի գնահատմամբ, այս տարիների ընթացքում ահռելի մեծ քայլ են կատարել ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին:

«Մեր կարծիքը չի փոխվում, մեր «այո»-ն այո է, «ոչ»-ը՝ ոչ: ՀՀԿ-ն իր կարծիքը շատ հստակ արտահայտել է ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ, երբ ԲՀԿ-ի ու «Օրինաց երկրի» հետ համատեղ եղանք ԸՕ համահեղինակները: Կարևորը ձևը չի, կարևորը բովանդակությունն է: Կարելի է լինել պառլամենտական, Հունգարիայի նման՝ կեղտոտ գործարքի գնալ, կարելի է լինել նախագահական՝ Ամերիկայի նման՝ ժողովրդավար երկիր լինել»,- նշեց Շարմազանովը:

Նախորդ հոդվածը‘Մարգարիտ Եսայան. Ցավում եմ դատավճռի համար’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը` տեսանյութով’