‘Էդուարդ Քալանթարյան. Ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականը հասավ վերջին կանգառին: Իջնել է պետք…’

1824

Էդուարդ Քալանթարյանը իր բլոգում գրել է.

Շատ բարդ է այսպիսի պարտությունից հետո խոսել Հայաստանի հավաքականի մասին: Դժվարությամբ եմ բառեր գտնում, բայց կփորձեմ հայտնել կարծիքս: 0-3 այսպիսի Չեխիայից չէր կարող ու չպետք է լիներ: Մեր մրցակիցը շատ քիչ բանով էր տարբերովում իր հարևան Սլովակիայից, որին երկու խաղում հաղթեցինք 7-1 հաշվով:  Երբեմնի հզոր ֆուտբոլային երկրի հավաքականն իր դժավրին տարիներն է անցկացնում, ինչից կարելի էր օգտվել: Բայց մենք դա չկարողացանք անել ու դա զարմանալի չէ: Ամեն ինչ սրան գալիս էր: Բանն այն է, որ մեր հավաքականն է հիմա շատ բանով տարբերում այն հավաքականից, որը ջախջախում էր սլովակներին ու մակեդոնացիներին:

Փոխվել է թե մեր ֆուտբոլիստների կարգավիճակը, թե մրցակիցների վերաբերմունքը մեր ընտրանու նկատմամբ: Դեռևս ընտրական մրցաշարի մեկնարկից առաջ պարզ էր, որ Հայաստանին շատ ավելի լուրջ են վերաբերվելու: Բայց պարզ չէր, որ մենք ենք այսքան տարբերվելու մեր լավագույն օրինակից: Արդեն սեպտեմբերին, երբ հաղթանակով ավարտեցինք Մալթայի հետ մեկնարկային խաղը, հասկանալի դարձավ, որ թիմում ինչ-որ բան այն չէ: Իսկ Բուլղարիայի հետ խաղը մեզ գցեց խոր անդունդ, որից մինչև հիմա դուրս չենք գալիս: Երեք պարտություն անընդմեջ` գնդակների 1-7 տարբերությամբ: Նման բաներ մեզ հետ պատահում էին մինչև 2010 թվականը: Մի՞թե մղձավանջը վերադառնում է: 3-0 հաշվով Չեխիան մեզ Երևանում հաղթել էր նաև 2004-ին, բայց ինչպիսի՞ Չեխիա էր դա: Այն ժամանակ հանդիպման հաշիվն օրինաչափ էր, հիմա` ոչ: Իրականում ամեն ինչ կարող էր հակառակը լինել, եթե մենք առաջինը խփեինք: Այնպես, ինչպես հակառակը կարող էր լինել, եթե Սլովակիան առաջինը խփեր Ժիլինայում: Հայաստանի հավաքականն իր ողջ հաջողությունը (բացառությամբ Իռլանդիայի հետ վերջին խաղի) թողեց Եվրո-2012-ի ընտրական մրցաշարում: Հիմա ամեն ինչ հակառակ ուղով է ընթանում: Գումարած այս Բ խումբն իր գրողը տարած բարդությամբ:

Ստացվում է, որ մեր հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարին պատրաստ չէր: Բոլոր առումներով պատրաստ չէր: Ավելի, քան երբևէ բարձր կարգավիճակն իր հետ բերեց բարդություններ, որոնք մեր «հագով» չէին: Օրինակ, Բուլղարիայի և Չեխիայի հետ խաղերում մենք չունեինք այսպես կոչված պլան Բ: Այդ խաղերի ընթացքում մարտավարություն չփոխվեց: Մրցակիցների գոլերը մեր հավաքականին դատապարտեցին պարտության: Հասկանալի է, որ չեխերի հետ խաղում մենք ունեինք լուրջ կորուստներ, բայց դրանք պատահականության հետևանք չէին: Անհավասարակշռված ու ինչ-որ տեղ անփույթ գործողությունները բերեցին երեք կարևոր ֆուտբոլիստների որակազրկմանը: Գումարվեցին վնասվածքները և «համեստ» Չեխիան դարձավ անհաղթահարելի արգելք: Նման դեպքերի համար հարկավոր է ունենալ մրցունակ պահեստ: Բայց մենք ընտրական մրցաշարին մոտեցանք մեկ կազմով: Կորուստները փոխահատուցելի չէին, ու դա պարզ էր դեռ սեպտեմբերից: Երիտասարդ ու հեռանկարային ֆուտբոլիստներ ունենալը լավ է, բայց այդ տղաներից չէր կարելի հրաշքներ սպասել: Տարոն Ոսկանյանը չեխերի հետ խաղում սխալվեց «ընդամենը» երկու անգամ, բայց դա մեզ բաց թողած երկու գոլ արժեցավ: Կամո Հովհաննիսյանը խառնել էր Գերմանիայի Բունդեսլիգայի ու Հայաստանի առաջնության պաշտպաններին: Այդ տարիքում այդպես էլ է պատահում: Կարեն Մուրադյանը վատը չէր, բայց Չեխիային հաղթելու համար ավելին է հարկավոր: Եվ ամենակարևորը. լռում է մեր փառապանծ հարձակման գիծը: Երկու գոլ չորս խաղում` այս մակարդակում դա չափազանց քիչ է: Հետևաբար, ես կրկնում եմ այն, ինչ ասացի ընտրական մրցաշարից առաջ` այս խմբից Հայաստանի հավաքականը դուրս գալ չի կարող: Սա թերահավատություն չէ, այլ իրատեսություն: Մի տեսակ ընտրական մրցաշարի ամփոփում ստացվեց, բայց երևի թե դրա ժամանակն արդեն եկել է: ԱԱ ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականը հասավ վերջին կանգառին: Իջնել է պետք…

Նախորդ հոդվածը‘ՀՀ Ոստիկանության կասկածելի պարզաբանումը’
Հաջորդ հոդվածը‘Ճարտարապետների միությունը որևէ շոշափելի հաղթանակ չի գրանցել քաղաքի ճարտարապետական տեսքը պահպանելու առումով’