‘
- Դուբլինում ընթացող ԵԱՀԿ նախարարական խորհրդի 19-րդ հանդիպման ժամանակ այսօր ելույթ է ունեցել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով իր ելույթում բացահայտ սուտ տեղեկություններ է հրապարակել:
Մասնավորապես, խոսելով այս տարվա մայիսին կայացած ԱԺ ընտրությունների մասին, Նալբանդյանն ասել է. «2012թ. մայիսի Հայաստանի խորհրդարանական ընտրությունները գնահատվել են ԵԱՀԿ/ԺՄԻԳ—ի կողմից որպես ԵԱՀԿ—ում ստանձնած պարտավորություններին եւ ժողովրդավարական ընտրությունների այլ միջազգային չափանիշներին համապատասխանող»:
Իրականում, սակայն, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում՝ մայիսին կայացած ԱԺ ընտրությունների վերաբերյալ որեւէ նման ձեւակերպում չկա: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցում տրված գնահատականն այսպիսին էր. «Ընտրությունները, որոնք անցկացվեցին բարեփոխված իրավական դաշտի ներքո, բնորոշվեցին մրցակցային, ակտիվ և հիմնականում խաղաղ նախընտրական քարոզչությամբ, ինչը, սակայն, ընդգծվեց գործընթացների ամբողջականության նկատմամբ վստահության ցածր մակարդակով: Ընտրություններին մասնակիցների կողմից նախընտրական քարոզչության դրույթների որոշ խախտումներ, այդ թվում, վարչական միջոցների օգտագործումը և ընտրողների ընտրության ազատությունը սահմանափակելու փորձերը, ստեղծել էին անհավասար մրցակցային դաշտ և հակասում էին ԵԱՀԿ պարտավորություններին»:
Իսկ թե ինչու է Էդվարդ Նալբանդյանը որոշել սուտ հայտարարություններ անել Դուբլինում, թողնենք ընթերցողի դատին:
‘