‘Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին ‘

1028

Հունիսի 4-ին Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ պետքարտուղար Քերին նշեց, որ լինելով Մասաչուսեթս նահանգից, որտեղ առկա է մեծ հայկական համայնք, լավ ծանոթ է Հայաստանի առջև ծառացած խնդիրներին։ Միացյալ Նահանգների պետքարտուղարի խոսքերով՝ Հայաստանն ու Միացյալ Նահանգները գործընկերներ են տարբեր նախաձեռնություններում։ Հայաստանն իր նպաստն է բերում Աֆղանստանում անվտանգության ապահովման ուժերին, կարևոր դեր է կատարում Կոսովոյում խաղաղության ապահովման գործում։

«Մենք կարևորում ենք երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացումը, ժողովրդավարության ամրապնդումը և բարեկամ հայ ժողովրդի անվտանգության ապահովումը»,- ընդգծեց ԱՄՆ պետքարտուղարը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանն ասաց. «Ես ուրախ եմ գտնվել Վաշինգտոնում և հանդիպել Ձեզ՝ քննարկելու Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև բարեկամական գործընկերությունն ամրապնդելու ուղիները:

Մեր երկու երկրները սերտ փոխգործակցություն են հաստատել միջազգային բեմահարթակում, ներառյալ այնպիսի ոլորտներում, ինչպիսին են տարածաշրջանային և միջազգային անվտանգությունը, զանգվածային ոչնչացման զենքի չտարածումը, ահաբեկչության դեմ պայքարը, և, ինչպես Դուք նշեցիք, պարոն պետքարտուղար, խաղաղապահ գործողություններին մասնակցությունը՝ Կոսովոյից մինչև Աֆղանստան, ինչպես նաև այլ գլոբալ մարտահրավերներին վերաբերող հարցերում:

Հայաստանը և Միացյալ Նահանգները միակարծիք են, որ անհրաժեշտ է շարունակել ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծման նպատակով՝ միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա, մասնավորպես ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների ինքնորոշման և տարածքային ամբողջականության:

Մենք միակարծիք ենք նաև, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների:

Մենք կիսում ենք ժողովրդավարության, հիմնարար ազատությունների, մարդու իրավունքների, շուկայական տնտեսության տեսլականը։

Անցած քսան տարիների ընթացքում՝ մեր անկախությունից ի վեր, Միացյալ Նահանգները կարևոր աջակցություն է ցուցաբերել Հայաստանին, և մենք շնորհակալ ենք դրա համար:

Ես ցանկանում եմ օգտագործել այս հնարավորությունը, որպեսզի արտահայտեմ մեր երախտագիտությունը նախագահ Օբամայի վարչակազմին՝ հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։

Մեր հարաբերություններն այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, և վստահ եմ, որ միասնական ջանքերի շնորհիվ մենք կկարողանանք նոր բարձունքների հասցնել փոխգործակցությունը: Մեր երկու երկրների միջև գոյություն ունեցող փոխադարձ վստահությունը և փոխըմբռնումը այն ընդլայնելու ամենալավ երաշխիքն է»։

Հայաստանի և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների տարբեր բնագավառներին վերաբերող հարցերի լայն շրջանակ, տնտեսական փոխգործակցության զարգացման հնարավորությունները և այդ նպատակով իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը, անդրադարձան երկկողմ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, կարևորեցին մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ երկխոսության մեկնարկը, «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի գործունեության վերսկսումը Հայաստանում:

Ջոն Քերին վերահաստատեց Միացյալ Նահանգների հանձնառությունը՝ շարունակելու ամենայն աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների լիակատար կարգավորմանը:

Հանդիպման ընթացքում հանգամանալից մտքեր փոխանակվեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Պետքարտուղար Քերին ընդգծեց, որ ԱՄՆ-ն՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակելու է իր ամբողջական աջակցությունը հակամարտության կողմերի միջև համաձայնության ձեռք բերման և հիմնախնդրի խաղաղ կարգավորման նպատակով, ինչը, նրա բնորոշմամբ, նոր հնարավորություններ կստեղծի Հարավային Կովկասի տարածաշրջանի զարգացման, կայունության և անվտանգության ամրապնդման համար:

Ընդունելով Հայաստան այցելելու հրավերը՝ Ջոն Քերին տեղեկացրեց, որ ցանկություն ունի այն իրականացնել այս տարվա ընթացքում։

Նախորդ հոդվածը‘Ռոնալդուն ցանկանում է տարեկան ստանալ 20 միլիոն եվրո’
Հաջորդ հոդվածը‘Վլադիմիր Գասպարյան. Արյամբ հարց չի լուծվում, եթե որոշ բթամիտներ չեն հասկանում՝ կհասկանան’