‘
Փետրվարի 16-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով ժամանեց Բաղդադ։ Օդանավակայանում նրան դիմավորեց Իրաքի արտգործնախարար Հոշիար Զեբարին։ Դիմավորման արարողությանը հետևեց նախարարների կարճատև առանձնազրույցը։
Փետրվարի 17-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Իրաքի Հանրապետության վարչապետ Նուրի Ալ-Մալիքին։
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Իրաքի վարչապետը նշեց, որ իր երկիրը շահագրգռված է հնարավոր բոլոր բնագավառներում Հայաստանի հետ համագործակցության խորացմամբ և ըդնգծեց, որ դրա համար առկա է մեծ ներուժ։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ հայ և իրաքցի ժողովուրդների միջև հարաբերությունները դարերի պատմություն ունեն: «Մենք բարձր ենք գնահատում մեր երկու բարեկամ ժողովուրդների և պետությունների միջև ձևավորված հարաբերությունները և ցանկանում ենք առավել զարգացնել դրանք, ու իմ այցելության գլխավոր նպատակը հենց դա է։»
Իրաքի վարչապետն ու Հայաստանի արտգործնախարարը հանգամանալից քննարկեցին երկների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևրատնտեսական, կրթական, առողջապահության, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներում փոխգործակցության խթանման, Հայաստանի և Իրաքի միջև ուղիղ օդային հաղորդակցության հաստատման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, կարևորվեց միջկառավական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը։
Նույն օրը կայացավ Հայաստանի արտգործախարարի հանդիպումը Իրաքի փոխնախագահ Խուդեյր Ալ-Խուզայիի հետ։
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Իրաքի փոխնախագահը նշեց, որ հայ-իրաքյան համագործակցությունը զգալի աճ է արձանագրել վերջին տարիներին և այդ գործում կարևորեց Բաղդադում և Երևանում երկու երկրների դեսպանությունների վերաբացումը և բարձր մակարդակի փոխայցելությունները։ Նա ընդգծեց, որ Իրաքը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման նպատակով պատրաստ է մեծ քայլերով առաջ գնալ։
‘