‘Էդվարդ Նալբանդյանը հանդիսավորապես բացել է Մարսելում ՀՀ հյուպատոսարանը’

569

Նոյեմբերի 8-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Մարսելի քաղաքապետ, սենատոր Ժան-Կլոդ Գոդենը կատարել են Մարսելում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը, տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունը։

Միջոցառմանը հանդես գալով ողջույնի խոսքով՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կարևորել է Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնադրումը՝ ընդգծելով, որ Մարսելը առանձնահատուկ նշանակություն ունի մեր ժողովրդի համար։

«Հայերի ներկայությունը Մարսելում սկիզբ է առել դեռ վաղ միջնադարում։ Արևելքի և Արևմուտքի միջև արտոնյալ առևտուր իրականացնող հայ վաճառականները ակտիվ գործունեություն էին ծավալում այս քաղաքում»,- ասել է նախարար Նալբանդյանը։ — Մարսելը դարձավ առաջին ֆրանսիական քաղաքը, որը հյուրընկալեց Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հազարավոր հայերի։ Նրանցից շատերը հաստատվեցին այստեղ, դարձան իրական մարսելցիներ և մինչ այսօր իրենց ներդրումն են բերում քաղաքի զարգացմանը»։

Նախարարը նշել է նաեւ, որ Մարսելն իր հայկական եկեղեցիներով, հուշարձաններով, դպրոցներով, մշակութային և մարզական կենտրոններով, հայ-ֆրանսիական առևտրա-արդյունաբերական պալատով, վկայում է հայերի ինտեգրման բարձր մակարդակի, միևնույն ժամանակ իրենց հայրենիքի հետ կապվածության մասին։

Շնորհավորելով ներկաներին գլխավոր հյուպատոսության բացման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը համոզմունք է հայտնել, որ այն՝ գլխավոր հյուպատոս Վարդան Սրմաքեշի ղեկավարությամբ, իր կարևոր ներդրումը կունենա հայ-ֆրանսիական փոխհարաբերությունների զարգացման և խորացման գործում։

Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը իր խոսքում ընդգծել է, որ իր համար մեծ պատիվ է ներկա գտնվել Ֆրանսիայում բարեկամ Հայաստանի առաջին գլխավոր հյուպատոսության բացման արարողությանը, քանզի ինքը ամենաջերմ զգացմունքներն է տածում հայ ժողովրդի նկատմամբ և Հայաստանի հետ համակողմանի համագործակցության զարգացման ջատագովներից է։

Նախորդ հոդվածը‘Ֆիլիպիններում թայֆունը ավելի քան 100 մարդու մահվան պատճառ է դարձել’
Հաջորդ հոդվածը‘Կոտայքի մարզային դատարանը քննում է Վարդան Պետրոսյանին կալանավորելու հարցը’