‘Էդվարդ Նալբանդյան. Գնացքը գնացել է, իսկ որոշ մարդիկ Ադրբեջանում մնացել են կայարանում ‘

660

«Ադրբեջանի կողմից ինչ-որ նոր ճանապարհային քարտեզ առաջարկելու հարցը, չեմ կարծում, որ այդքան լուրջ է, հատկապես՝ եթե խոսքը 17 տարվա հնության առաջարկի մասին է»: Ինչպես iLur.am-ին հայտնում են ԱԳՆ-ից, այս մասին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք Հայաստանը ներկայացնել Ղարաբաղյան խնդրի կարգավորման սեփական մշակած ճանապարհային քարտեզը:

Նշենք, որ Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալը հայտարարել է, որ իր երկիրը առաջարկել է Ղարաբաղյան խնդրի կարգավորման ճանապարհային քարտեզ, որը, այսպես ասած, փուլային տարբերակն է և կրկնում է դեռևս 90-ական թվականներին շրջանառության մեջ դրված տարբերակը:

«Նախ և առաջ՝ ասեմ, որ այնպիսի տպավորություն է, որ այդ հայտարարություն անողը մնացել է  90-ական թվականների կեսերի իր ունեցած տեղեկություններով, և փորձում է ներկայացնել Ադրբեջանի դիրքորոշումը` ասելով, որ դա այն է, ինչ որ եղել է 1995 թվականին: 95 թվականից մինչ այսօր արդեն 15-17 տարի անցել է, գնացքը գնացել է առաջ, իսկ որոշ մարդիկ Ադրբեջանում մնացել են կայարանում: Կարծում եմ, որ նրանք պիտի վազեն, որ հասնեն գնացքին, որովհետև գնացքը շարժվում է առաջ: Միջազգային հանրության կողմից կա ճանապարհային քարտեզ, որը առաջարկվել էր Կազանում, խոսքը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների մասին է, որոնք առաջարկվել էին եռանախագահող երկրների կողմից»,- ասել է Նալբանդյանն ու հիշեցրել, որ Դովիլում` հենց Կազանի գագաթանժողովից առաջ, Միացյալ Նահագների, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները կոչ էին արել կողմերին ընդունել այդ առաջարկները, սակայն այս հարցում Կազանում հնարավոր չեղավ հաջողություն արձանագրել:

Ըստ Նալբանդյանի՝ եթե 17 տարի առաջ այդ առաջարկված քարտեզը ինչ-որ իմաստ ունենար, ապա այն ժամանակ հնարավոր կլիներ առաջ շարժվել դրա հիման վրա, իսկ հիմա պետք է ավելի իրատես լինել, լրջորեն մոտենալ միջազգային հանրության առաջարկներին, որոնք արտահայտվում են եռանախագահների միջոցով։

«Այդ առաջարկները արվել էին Կազանում, ինչպես նաև  համապատասխան հայտարարություններ էին արվել նախարարների մակարդակով թե՛ Լոս Կաբոսում, թե՛ Դովիլում, թե՛ Մուսկոկայում, թե՛ Լ’Աքվիլայում: Պետք է շարժվել առաջ հենց այս առաջարկների հիման վրա: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշմանը այս առաջարկությունների վերաբերյալ, ապա այն բազմիցս և հստակորեն արտահայտվել է»,- եզրափակել է Էդվարդ Նալբանդյանը:

Նախորդ հոդվածը‘Ճապոնիայի վարչապետը ցրել է խորհրդարանը՝ նոր ընտրությունները դեկտեմբերի 4-ին’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքացին պահածոյի տուփի մեջ հայտնաբերել է լաթի կտոր’