‘Էդվարդ Նալբանդյան. Հայաստանը եւ Ադրբեջանը չեն կարող մրցակիցներ լինել’

1139

Հայաստանը եւ Ադրբեջանը չեն կարող մրցակիցներ լինել ժողովրդավարության, հանդուրժողականության, մարդու իրավունքների, տնտեսական ազատությունների, մամուլի, խոսքի եւ այլ հիմնարար ազատությունների առումներով, հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով News.am-ի հարցին, փոխանցում է ԱԳ լրատվական ծառայությունը:

«Ղարաբաղյան կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայության եւ ստատուս քվոյի պահպանման միակ պատասխանատուն Ադրբեջանն է: Դրա մասին հայտնի է միջազգային հանրությանը, տեղյակ են  եռանախագահները: Եթե Ադրբեջանը իրոք շահագրգիռ է ստատուս քվոյի փոփոխմամբ, ապա վաղուց պետք է իր համաձայնությունը տված լիներ, այլ ոչ թե մերժեր վերջին տարիներին եռանախագահների կողմից ներկայացված առաջարկությունները: Իհարկե, Հայաստանը եւ Ադրբեջանը չեն կարող մրցակիցներ լինել ժողովրդավարության, հանդուրժողականության, մարդու իրավունքների, տնտեսական ազատությունների, մամուլի, խոսքի եւ այլ հիմնարար ազատությունների առումներով։ Մեր պետությունների եւ հասարակությունների տրամաբանությունը եւ ուղղվածությունը հակադարձ համեմատական են», — ասեել է Հայաստանի արտգործնախարարը՝ շարորւնակելով. — «Ադրբեջանը խորացնում է ավտորիտարիզմի հիմքերը, Հայաստանը՝ ժողովրդավարության։ Դա հստակ երեւում է միջազգային համապատասխան կառույցների գնահատականներում եւ վարկանիշային աղյուսակներում։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հսկայական տարբերություն կա»։

Ըստ Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանում կարծում են, որ փողով կարող են հեղինակություն ձեռք բերել, բարեկամներ առնել, արձաններ կանգնեցնել, ինչ-ինչ կասկածելի բանաձեւեր անցկացնել եւ դա ներքին լսարանին ներկայացնել որպես ձեռքբերում, բարձր համբավի ապացույց։ «Փողի, խավիարի կամ անգամ նավթի առկայությամբ չէ, որ գնահատվում է երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում։ Վերջին տարիներին մենք ականատես եղանք, թե ինչ պատահեց ոչ պակաս հարուստ եւ ինքնագոհ բռնատիրական ռեժիմների հետ», — ամփոփել է Էդվարդ Նալբանդյանը։

 

Նախորդ հոդվածը‘«Յուվենտուսն»՝ ընդդեմ ռասիզմի. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի հանդիպումը պարտխոզակտիվի հետ’