‘Էդքան ջահել, բայց արդեն բաբուխանյան ու դեռ փուչիկ ‘

3047

Քաղաքական գործիչները սովորաբար երկու տեսակ են լինում. դե, դասական առումով: Կամ` իշխանության մեջ են, այսինքն` իշխանություն են, կամ` իշխանության մեջ չեն, բայց մասնակցում են քաղաքական գործընթացներին, առաջադրվում են ընտրություններին, ներկայացնում են ծրագրեր, թե ինչը ինչպես կյանքի կկոչեն իշխանության գալու դեպքում, հետեւաբար` ընդդիմադիր են:

Հայաստանը երեւի աշխարհի եզակի երկրներից է, որտեղ հատկապես իշխանության մեջ եւ ` դասական առումով քաղաքական գործիչներ չեն մնացել, փոխարենն էլ` իշխանությունների թեթեւ ձեռամբ բուծվել են քաղաքական «գործիչների» նոր տեսակներ, որոնց կարելի է անվանել ամեն բառով, բայց ոչ` քաղաքական գործիչ: Նրանք ամեն ինչում նույնական են, բացառությամբ մի բանի: Մի մասն ուղղակի արդեն վաղուց երիտասարդ չէ, մի մասն էլ` դեռ ջահել է: Ու չնայած սրան, ո՛չ անցյալի երիտասարդներն են նույնիսկ սեփական փորը կշտացնող իշխանությանը պիտանի, ոչ էլ` ջահելները: Բայց դե, իշխանություններն այլընտրանք էլ չունեն, որովհետեւ միայն սրանք են, որ համաձայնվում են ծառայել իրենց:

Իհարկե, մեծ հաշվով սրանց կարելի է, առանց բացառության, անվանել բաբուխանյանական տիպի գործիչներ, զի սրանք բոլորն էլ իշխանությունների ձեռամբ ասես ստեղծված լինեն բաբուխանյանի կերպարով ու նմանությամբ, (բեղերով, թե առանց բեղերի), սակայն, հատկապես ՀՀԿ-ական ջահելների շրջանում կան այնպիսիք, որոնք ավելի բաբուխանյան են, քան նույնիսկ ինքը` բաբուխանյանը: Նրանց էլ կարելի է պայմանականորեն անվանել փուչիկ:

Ընդ որում, ոչ միայն ի «պատիվ» այն բանի, որ սրանք իրենց էությամբ փուչիկի պես դատարկ են (այսինքն, նույնիսկ ավելի դատարկ, քան իրենց նախահայր դհոլը) այլեւ հենց ի պատիվ նրանցից ամենաօդիոզի` Կարեն Ավագյանի, որին ոչ միայն նեղ, այլեւ լայն շրջանակներում Փուչիկ Կարեն են անվանում: Ու նորից` ոչ միայն այն պատճառով, որ փուչիկների հետ կապված հայտնի պատմության կնքահայրն է վերջինս, այլեւ որովհետեւ գուցե պատահականորեն համընկել է իր բովանդակությունը` հայտնի պատմության հետ: Վերջինս, ինչպես գիտենք, չնայած տարիքով վաղուց պիտի որ լքած լիներ ՀՀԿ-ի համար ջահելություն անողների ցուցակը, սակայն, համառորեն չի լքում այդ ցանկը մինչեւ հիմա, հետեւաբար կարելի է կարծել, որ նրա ֆունկցիան այդ կառույցում հենց դա է, որ կա: Հենց իշխանությունների քաղաքական կյանքը վտանգվում է, իշխանությունը միանգամից մեյդան/մայդան է նետում կարենավագյաններին` ընդդիմության դեմ բաբուխանյանություն ու գեղամյանություն անելու: Դե, իրենք էլ ոնց ու որքան կարողանում են` փորձում են նմանվել իրենց խմբակցության «ամենակարկառուն» ներկայացուցիչներին: Ընդ որում, կարեւոր էլ չէ, թե ավագյանների խելքը այդքան հասնո՞ւմ է` հասկանալու համար, որ իրենց բաբուխանյանի տեղ օգտագործում են, թե՞ չէ, որովհետեւ նրանց հարցնող էլ չկա: Ի վերջո, հո իրենց սիրուն աչքերի կամ «կրեածիվ» գաղափարների համար չեն բերել ՀՀԿ կամ վերցրել ՀՀԿ: Քաստինգը հայտարարված էր լավագույն բաբուխանյանի համար, ու հենց այդ դերի համար էլ նրանց վարձել են:

Միայն թե մի քիչ ափսոս է ամեն դեպքում. այդքան ջահել ու արդեն` պիտանելիության ժամկետն անցած բաբուխանյաններ, որոնց անգամ եռացնելը չի փրկի:

Պարգեւ Ապրեսյան 

Նախորդ հոդվածը‘Բուֆֆոնի թևկապը՝ նվիրված «Յուվենտուսի» կազմում 500-րդ խաղին’
Հաջորդ հոդվածը‘Փոխնախարար. Բացառիկ դեպք, երբ ընդդիմությունը սխալվում է’